Այլ

Գիտնականները եզակի ուղիղ կապ են յայտնաբերել մարդու ուղեղի էւոլիւցիայի եւ նեարդային համակարգի զարգացման խանգարումների միջեւ

Պրոֆեսոր Պիեռ Վանդերհէյգենի գլխաւորած գիտնականների թիմը Կոլումբիայի համալսարանի եւ École Normale Supérieure-ի գիտնականների հետ կապ է յայտնաբերել միայն մարդու ԴՆԹ-ում յայտնաբերւած երկու գէների եւ SYNGAP1 կոչւող հիմնական գէնի միջեւ, որը մուտացիայի է ենթարկւում մտաւոր հետամնացութեան եւ աուտիզմի սպեկտրի խանգարումների դէպքում: 

Նրանց ուսումնասիրութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Neuron ամսագրում,  զարմանալի  ուղիղ կապ է ցուցադրում մարդկային ուղեղի էւոլիւցիայի եւ նեարդային համակարգի զարգացման խախտումների միջեւ: Մարդու ուղեղը կաթնասունների մէջ առանձնանում է իր զարմանալիօրէն երկար զարգացումով։

Սինապսները՝ գլխուղեղի կեղեւի նէյրոնների միջեւ կարեւորագոյն կապերը, որոնք պատասխանատու են ճանաչողական գործառոյթների համար, մարդկանց մօտ ձեւաւորւում են տարիների ընթացքում, մինչդեռ այնպիսի տեսակների համար, ինչպիսիք են մակակները եւ մկները, դա տեւում է ընդամէնը մի քանի ամիս:

Համարւում է, որ այս տեւական զարգացումը, որը նաեւ յայտնի է որպէս նէոտենիա, կենտրոնական դեր է խաղում մարդկանց ճանաչողական եւ սովորելու կարողութիւնների զարգացման գործում: Միւս կողմից, վարկած է առաջադրւել, որ ուղեղի նէոտենիայի խանգարումները կարող են կապւած լինել նեարդային համակարգի զարգացման խախտումների հետ, ինչպիսիք են մտաւոր յետամնացութիւնը եւ աուտիզմի սպեկտրի խանգարումները:

Իրենց վերջին ուսումնասիրութեան ընթացքում թիմը ստուգել է երկու գենի՝ SRGAP2B եւ SRGAP2C-ի մասնակցութիւնը: Պարզւել է, որ այս գէները դանդաղեցնում են սինապսների զարգացումը, երբ արհեստականօրէն ներմուծւում են մկների գլխուղեղի կեղեւի նէյրոնների մէջ: Հարցը, թէ արդեօք այս գէները գործում են նոյն կերպ, ինչ մարդկային նէյրոններում, առայժմ մնում է անպատասխան:

Այս խնդիրը լուծելու համար գիտնականները անջատել են  SRGA2B եւ SRGAP2C-ը մարդու նէյրոններում, փոխպատւաստել են դրանք մկան ուղեղի մէջ եւ ուշադիր հետեւել սինապսների զարգացմանը 18 ամսւայ ընթացքում:

«Մենք յայտնաբերեցինք, որ երբ անջատում ենք այս գէները մարդու նէյրոններում, սինապսների զարգացումը զգալիօրէն արագանում է: 18 ամսւայ ընթացքում սինապսները համեմատելի են այն բանի հետ, ինչ մենք ակնկալում ենք տեսնել 5-10 տարեկան երեխաների մօտ: Սա արտացոլում է սինապսների արագացւած զարգացումը, որը նկատւում է աուտիզմի սպեկտրի խանգարումների որոշակի ձեւերի դէպքում»,- նշել են հետազօտութեան հեղինակները:

News.am

Related Articles

Back to top button