Գրիպի վիրուսը կաթի մէջ կարող է վարակիչ մնալ մինչեւ հինգ օր
Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ գրիպի վիրուսը կարող է վարակիչ մնալ սառնարանային հում կաթում մինչեւ հինգ օր: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Environmental Science & Technology Letters (ESTL) բժշկագիտական հանդէսում:
Ոմանք պնդում են, որ, ի տարբերութիւն պաստերիզացւած կաթի, հում կաթն իմունային համակարգը եւ ստամոքս-աղիքային առողջութիւնը բարելաւող աւելի օգտակար սնուցիչներ, ֆերմենտներ եւ պրոբիոտիկներ է պարունակում: Սակայն նախապէս չտաքացւած կաթ խմելը կարող է վտանգաւոր լինել:
Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ H1N1 գրիպի վիրուսը սովորական պահպանման ջերմաստիճանում կարող է հում կաթի մէջ գոյատեւել եւ վարակիչ մնալ մինչեւ հինգ օր: Բացայայտումը գիտնականների շրջանում անհանգստութիւն է առաջացրել փոխանցման հնարաւոր ուղիների վերաբերեալ, ներառեալ կաթնամթերքի ագարակներում գտնւող կենդանիների եւ մարդկանց վարակումը:
Բացի դրանից, հետազօտողները պարզել են, որ գրիպի վիրուսի ՌՆԹ-ն՝ գենետիկական տեղեկութիւն կրող մոլեկուլները մնացին յայտնաբերելի հում կաթում առնւազն 57 օրւայ ընթացքում: Թէեւ պաստերիզացումն արդիւնաւէտօրէն սպանում է վարակիչ վիրուսը եւ զգալիօրէն նւազեցնում վիրուսային ՌՆԹ-ի քանակը, այն վիրուսը լիովին չի վերացնում:
Փորձագէտներն ընդգծում են, որ թէեւ գրիպի վիրուսի ՌՆԹ-ն անմիջական սպառնալիք չէ առողջութեան համար, պաթոգէնների շրջակայ միջավայրի հսկողութեան համար կարեւոր ցուցանիշ է: