Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Մանուէլեան. «Փաշինեանի ռեժիմը մեր քաղաքական թիւ մէկ թշնամին է՝ իր ընտանեկան-կլանային համակարգով»

«ԱԼԻՔ» – Երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ռուսական լրատւամիջոցներից մէկին տւած հարցազրոյցում հաստատեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի նախագծի 17 յօդւածներից 15-ը համաձայնեցւած են, իսկ չհամաձայնեցւած կէտերից մէկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, միւսը՝ միջազգային ատեաններում միմեանց դէմ ներկայացւած հայցերի յետքաշմանը, ապա պնդեց՝ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը տարածքային պահանջներ է պարունակում ընդդէմ Ադրբեջանի, Նիկոլ Փաշինեանն Ալիեւին պատասխանեց տեքստային տարբերակով՝ հարցազրոյց տալով «Արմէնպրես»-ին։

Ըստ Փաշինեանի՝ ԵՄ դիտորդները Հայաստան-Ադրբեջան սահմանից կարող են հեռացւել, Մինսկի խումբն էլ՝ լուծարւել միայն այն պարագայում, եթէ կնքւի «Խաղաղութեան պայմանագիր»։

Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու Ալիեւի պահանջին, ապա, ըստ Փաշինեանի, ՀՀ Սահմանադրութիւնն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, փոխարէնը՝ Ադրբեջանի Սահմանադրութիւնը նման պահանջներ ունի Հայաստանի տարածքի նկատմամբ։

«Ադրբեջանի Հանրապետութիւնն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտէզը, համաձայն որի, Ադրբեջանի կազմում ընդգրկւած են Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջութեամբ, ինչպէս նաեւ Արարատի, Արմաւիրի, Գեղարքունիքի, Տաւուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրութիւնը պարունակում է տարածքային պահանջներ ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրութիւնը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կը մտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացը, եւ երկրորդը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղութեան պայմանագրի համաձայնեցւած մասում կայ յօդւած, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող յղում անել իրենց ներքին օրէնսդրութեանը՝ արդարացնելու սոյն պայմանագրի իրագործման ձախողումը»,- ասել է Փաշինեանը:

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում «Հայաքւէ» միաւորման անդամ, պատմական գիտութիւնների թեկնածու Արմէն Մանուէլեանը, ի պատասխան Ալիեւի յոխորտանքներին Փաշինեանի տւած պատասխաններին, նշեց՝ մենք յայտնւել ենք մի իրավիճակում, որ մի դէպքում՝ Հայաստանը չունի աշխարհում դաշնակիցներ, շրջապատւած է երկու թշնամական պետութիւնով, միւս դէպքում՝ Հայաստանի ներկայիս իշխանութիւնն իր վարած քաղաքականութեամբ դարձել է հայ ժողովրդի թշնամին։

«Գործող քաղաքական ռեժիմը մեր քաղաքական թիւ մէկ թշնամին է. հայ ժողովրդի թշնամին այս քաղաքական ռեժիմն է՝ իր ընտանեկան-կլանային համակարգով, յետոյ գալիս են յաջորդ թշնամիները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հայ ժողովրդի մի մասը չի կարողանում սա հասկանալ, չի հասկանում, որ տեղի է ունենում հայ ժողովրդի արժանապատւութեան նւաստացում։ Շատ անգամ լսում եմ գնահատականներ, թէ ՀՀ այս իշխանութիւնն ապիկար է, ոչ, ապիկար չէ. պնդում եմ՝ ամէն ինչ փայլուն հասկանում են»,- ասաց Արմէն Մանուէլեանը։

Պատմական գիտւթիւնների թեկնածուի համոզմամբ՝ ի տարբերութիւն յարձակողական քաղաքականութիւն որդեգրած ադրբեջանական իշխանութիւնների՝ Հայաստանի իշխանութեան վարքագիծը պաշտպանողական է։

«Ալիեւն այս մարդու հետ Խաղաղութեան պայմանագիր չի ստորագրելու»,- վստահեցրեց Արմէն Մանուէլեանը։

Related Articles

Back to top button