ՔՊ-ական իշխանութիւնը փորձում է առ ոչինչ դարձնել գիւմրեցիների ընտրութիւնը
Ձերբակալւել է Գիւմրու ընտրւած քաղաքապետ Վարդան Ղուկասեանը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 20-ի վաղ առաւօտեան, ՀՀ ԱԱԾ-ն ներխուժել է Գիւմրու քաղաքապետարան եւ անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկել քաղաքապետ Վարդան Ղուկասեանին եւ եւս 7 անձի։ Բերման են ենթարկւել նաեւ քաղաքապետին աջակցութիւն յայտնող քաղաքացիներ։
Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ Վարդան Ղուկասեանը եւ նրա բերման ենթարկւած 7 անձինք ձերբակալւել են:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտէից յայտնել են, որ նրանք ձերբակալւել են իբր նախնական համաձայնութեամբ խոշոր չափով կաշառք-գումարներ պահանջելու եւ ստանալու դէպքերի վերաբերեալ։
Աւելի ուշ, յայտնի է դարձել, որ Գիւմրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասեանի նկատմամբ կալանքը որպէս խափանման միջոց կիրառելու միջնորդութիւն է ներկայացւել դատարան:
Թէեւ ՀՀ գործող իշխանութիւնները եւ իրաւապահ մարմինները փորձում են ձեւացնել, թէ ամէն ինչ կատարւել է օրէնքի շրջանակում, այդուհանդերձ ակնյայտ է, որ այս դէպքը եւս Հայաստանում սանձազերծւած քաղաքական հետապնդումների եւ ճնշումների հերթական արարն է, որը նպատակ ունի չէզոքացնել եւ լռեցնել ընդդիմադիր գործիչներին:
Յիշեցնենք, որ ընդամէնը օրեր առաջ, ՀՀ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը յայատրարել էր, որ Գիւմրու քաղաքապետի պաշտօնում Վարդան Ղուկասեանի ընտրութիւնը «թիւրիմացութիւն է, որն անհրաժեշտ է շտկել»: Այս յայտարարութիւնը փաստի հրահանգ էր ՀՀ իրաւապահ մարմիններին համապատասխան գործողութիւններ ձեռնարկելու համար:



