Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանը Գիւմրիում ձախողւեց․ ի՞նչ կատարւեց իրականում

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր

 

Հոկտեմբերի 20-ի վաղ առաւօտից Փաշինեանի ԱԱԾ-ն յարձակւել էր Գիւմրու վրայ։ Ջարդել էին քաղաքապետարանի դռները, պատուհանները։ Ինչ-որ հաղորդագրութիւն տարածեց քննչականը, իբր կաշառքի գործ է, 8 հոգու ձերբակալում են, որոնցից մէկը քաղաքապետ Վարդան Ղուկասեանն է։ Իրականում ի՞նչ է տեղի ունենում։ Խորհրդարանական նախորդ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ականները յայտարարեցին, որ իրենք հաշտ չեն նրա հետ, որ Գիւմրու քաղաքապետը Վարդան Ղուկասեանն է։ Խնդիրը, ժողովուրդ ջան, անձը չէ, Վարդան Ղուկասեանը չէ․ ՔՊ-ն հաշտ չէ, որ գիւմրեցին չի ընտրել ՔՊ-ին այնքան, որ կարողանար քաղաքապետ ունենալ, մերժել է Նիկոլ Փաշինեանին։ Գիւմրու վրայ յարձակման պատճառը, ըստ իս, սա է։

Սրանք սիրում են ասել, չէ՞, ժողովուրդը մեզ է ընտրել, ժողովրդի իշխանութիւն. ժողովրդի քւէով ձեւակերպւած իշխանութեանը ձերբակալեցին։ Ու սա միայն Գիւմրիում չէ։ Հայաստանում կան մի երկու տասնեակ ընդդիմադիր համայնքապետեր. իշխանական համայնքապետերի վերաբերեալ ձայնագրութիւններ, կաշառքի գործեր չկան․ իսկ ընդդիմադիրների նկատմամբ ինչ քրէական գործ ասես, որ չեն յարուցել ընտրւելուց յետոյ, մօտներից ինչ ասես, որ չեն գտել։ Երեւանի քաղաքապետարանի կոռուպցիայից էդքան գրւեց, փաստերն ներկայացւեցին, մանկապարտէզների կառուցման գործում չարաշահումներ, կոռուպցիաոն ենթատեքստով շինթոյլտւութիւններ, Աւինեանի ղեկավարած ԱՆԻՖ-ի՝ դարի կոռուպցիայի մասին հա խօսում են, բայց չէք տեսնի իրաւապահները մատը մատին տան։

Ալավերդի համայնքում ընտրւեց ընդդիմադիր, ՔՊ-ն գողացաւ աթոռը՝ կարմիր բերետաւորների ու ողջ ոստիկանական ռեսուրսի օգնութեամբ։ Գորիսում ընտրւեց ոչ ՔՊ-ական, քրէական գործ յարուցեցին ընտրւած Առուշ Առուշանեանի դէմ, Վանաձորում ՔՊ-ն պարտւեց, համայնքապետին բռնեցին, Թալինում կրկնակի ընտրութիւն արեցին, իրենց մերժւած թեկնածուն ընտրւեց, Վեդիում էլ։ Փարաքարում ոչ ՔՊ-ական ընտրւեց, սպանեցին, Գիւմրիում ոչ ՔՊ-ական է ընտրւել, էսօր բռնեցին ու կը կալանաւորեն։ Խնդիրը, կարծում եմ, էդ մարդիկ չեն, խնդիրը ժողովուրդն է՝ ժողովուրդը ՔՊ-ականներին չի՞ ընտրում, պատժում են ժողովրդին, ժողովրդի ինադու բռնում են իր ընտրեալներին։

Մի քանի օրից ընտրութիւններ են Վաղարշապատում․ սրանք ըստ երեւոյթին ցոյց են ուզում տալ, որ մէկ է, էջմիածնեցիներ, ինչ էլ անեք, ում էլ ընտրէք, վերջում լինելու է ՔՊ, եթէ մեզ չընտրէք, ձեր ձայնը մենք աղաւաղելու ենք։ Այս պահին շատերն են արդէն արձանագրում, որ նոյեմբերի 16-ի ընտրութիւններում Էջմիածնում յաղթանակի յաւակնորդ է Սեւակ Խաչատրեանը՝ «Յաղթանակ» դաշինքով։ Վաղը ընտրւեց՝ հնարաւոր է բռնեն, որովհետեւ իրենց խնդիրը, էլի եմ ասում ժողովուրդն է։ Ասում են մենք չենք թողի ժողովրդի ուզած մարդը նստի, բայց իրենք էլ ժողովրդի ուզա՛ծը չեն։

Ասում է՝ ես եմ որոշելու ով որտեղ աշխատի, ընտրւած մարդը պաշտօնի՞ն նստի, թէ՞ բանտում, ում ուզում էք՝ ընտրէք, կը նստի նա, ում ես եմ ուզում, իմ ուզած մարդը չղեկավարեց՝ կը լինեն քրէական գործեր, կը սարքւեն ձայնագրութիւններն եւ այլն։ Նիկոլ Փաշինեանն ամէն ինչ անում է ժողովրդին ինադու, կարծես մուռ է հանում ժողովրդից։ 2018 թ․ օգոստոսի 17-ին ասում էր՝ Հանրապետութեան հրապարակում է հաւաքւելու ժողովուրդը ու բոլոր հարցերի վերաբերեալ որոշում կայացնի, ժողովուրդն է որոշելու։ Դրանից յետոյ քա՞նի անգամ է ժողովուրդը որոշում կայացրել. ժողովուրդը ի՞նչ է որոշում, կասէ՞ք․ մենակ ընտրութիւնների ժամանակ է որոշում կայացնում, էն էլ վերջում ՔՊ-ն աղաւաղում է ժողովրդի ձայնը։ Գիւմրին՝ վառ օրինակ, Ալավերդին, Կիրովականը՝ վառ օրինակ, Երեւանը՝ վառ օրինակ, Փարաքարը՝ վառ օրինակ։ Ոչ  ՔՊ-ական ընտրւեց, ասում են մենք հաշտ չենք։

Կրկնում եմ, տպաւորութիւնն այնպիսին է, որ Նիկոլը մուռ է հանում ժողովրդից։ 2019 թւականից ի վեր մենք ուղիղ հետեւում ենք, թէ ինչպէս է Նիկոլն ամէն քայլով ժողովրդի կարծիքի դէմ գնում։ Բոլոր հարցերում․ Հայաստանում նախկինում չի եղել իշխանութիւն, որ ժողովրդի կարծիքն անտեսի։ Սա արհամարհում է բոլոր ուղղութիւններով․ բոլորդ համաձայն էք այսինչ քաղաքապետի՞ն, ուրեմն նրան կը հեռացնեն, բոլորդ դէ՞մ էք Արցախի յանձնմանը, ուրեմն կը յանձնենք, դէ՞մ էք Թուրքիային զիջումներին, ուրեմն հաստատ կարւեն այդ զիջումները, դէ՞մ էք Հայաստանից տարածքներ յանձնելուն, ուրեմն կը յանձնենք։ Նիկոլ Փաշինեանի օրօք չեմ յիշում դէպք, որ ժողովուրդը, տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ բողոքի ակցիա անեն ու իրենց սրտով իրենց հարցը լուծւի, կարող է մէկ դէպք լինել կամ չլինել․ արտահանողները բողոքում են, խնդիրը չի լուծւում, ատեստաւորումից դժգոհ էին ուսուցիչները, զինւորները, հարցը չլուծւեց ու այսպէս ժամերով կարող եմ թւարկել. լրագրող եմ աշխատում երկար տարիներ, ու սա իմ տեսած միակ իշխանութիւնն է, որ ժողովրդի բողոքին ընդառաջ չի գնում եւ ոչ մի հարցով։ Սա թուրքի հետ ունի կոմպրոմիս, թալանի հետ ունի կոմպրոմիս, կոռուպցիայի հետ ունի, իսկ ժողովրդի հետ՝ ոչ։

Եթէ որեւէ մէկին դուք չէք վստահում, ուրեմն իմացէք, որ ղեկավարող պաշտօնի է գնալու։ Վերջերս Լոռու մարզպետ նշանակւեց մէկը, որ պարտւել էր Ալավերդու ընտրութիւններում։ Այսինքն՝ քեզ դէ՞մ են էդ մարզում, ուրեմն կը լինես իրենց մարզպետը։ Դրանից առաջ էլ էր նոյնը. Արամ Խաչատրեանը պարտւեց Վանաձորի քաղաքապետի ընտրութիւններում, նշանակեց ամբողջ մարզի մարզպետ, ժողովրդի ինադու։ Այնպէս որ, Նիկոլ Փաշինեանի խնդիրը Վարդան Ղուկասեանի հետ չէ, ժողովրդի հետ է։ Ասում է ժողովուրդը գերագոյն արժէք է, բայց ժողովրդի ընդունած հականիկոլական որոշումը ընդունելու ուժ չունեն։

Երեք սրբազան բանտում է. ժողովրդի յարգանքին արժանացած հոգեւորականներ են. նրանք բռնւած են ժողովրդի ինադու։ Ինքը մեր արժէքներից էլ է հրաժարւում ժողովրդի ինադու․ հայ ժողովրդի համար Արարատը սիմւոլ է, ուրեմն պէտք է ջնջել։

Բայց ժողովուրդն էլ հակազդում է, ասում է՝ Նիկոլ, դու ինչ էլ որոշես, այդ որոշմանը դէմ եմ, ում էլ դէմ տաս՝ որպէս թեկնածու, դէմ եմ։ Աւինեանի օգտին քարզարշաւ էր անում, Աւինեանին ժողովուրդը բաւարար ձայներ չտւեց, որ քաղաքապետ դառնայ, միայն ինչ-ինչ պայմանաւորւածութիւններով արեցին դա։ Նիկոլը Գիւմրիում Սարիկի օգտին քարոզարշաւ էր անում, իր ինադու չընտրւեց։ Որտեղ քարոզարշաւ է արել, այդ թեկնածուն խնդիրներ է ունեցել․ որովհետեւ ժողովուրդն էլ չի ընդունում Փաշինեանի իշխանութեանը եւ նրանց որեւէ որոշում։

Էսօր Գիւմրիում կատարւածը Նիկոլ Փաշինեանի իշխանութեան ձախողման մասին էր ու սա լուրջ ազդակ էր իրեն։ Ամբողջ ոստիկանական համակարգը, ՆԳ նախարարի բոլոր տեղակալներով, Գիւմրիում էին։ Կաշառքի, կոռուպցիայի մեղադրանք են ներկայացրել, ծանր մեղադրանք է, բայց չեն կարողանում բերման ենթարկել, ժողովուրդը չի հաւատում, չի վստահում, չի թողնում։ Այն, որ Նիկոլ Փաշինեանը մի ընդդիմադիրի բռնելու համար ողջ ուժային համակարգը հանում է ու մէկ է՝ դժւարանում է իր պլաններում, դա իր իշխանութեան պրաւալի մասին է։ Ու վերջերս այդ պրաւալները յաճախ են։ Յիշում է՞ք, Սամուէլ Կարապետեանին կարողացան տանել միայն այն ժամանակ, երբ ի՛նքը որոշեց գնալ, Միքայէլ Սրբազանին էլ։ Սա Նիկոլի իշխանութեան ձախողման մասին է։

Կարճ ասած՝ ժողովուրդը չի հաւատում իշխանութեան հաղորդագրութիւններին, մեղադրանքներին, վարկածներին։ Ժողովուրդը համաձայն չէ Փաշինեանի որոշումների հետ, Փաշինեանն էլ համաձայն չէ ժողովրդի որոշումների հետ. բայց մէկ է՝ Նիկոլի մնալը կախւած է ժողովրդի որոշումից։ Ուսումնասիրելով հանրային տրամադրութիւնները, վստահաբար կարող ենք ասել, մարդիկ կուշտ են, Փաշինեանը Գիւմրիում մօտեցաւ «կարմիր քարտին»։

Related Articles

Back to top button