Հայաստանի «Մետրօ» թատրոնը՝ Համադանի 29-րդ մանկապատանեկան միջազգային փառատօնի դափնեկիր
«ԱԼԻՔ» – Համադանի Մանկապատանեկան 29-րդ միջազգային թատերական փառատօնը ճանաչեց իր գլխաւոր մրցանակակիրներին:
Հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին, Համադանի «Էբնէ Սինա» դահլիճում տեղի ունեցած փակման հանդիսաւոր արարողութեանը, միջազգային ժիւրիի որոշմամաբ լաւագոյն բեմադրութիւն անւանակարգում եւ ռեժիսորական ստեղծագործական իւրայատկութեան համար գլխաւոր մրցանակն եւ ոսկէ արձանիկը շնորհւեց Սոնա Մարտիրոսեանի գլխաւորութեամբ Հայաստանի «Մետրօ» թատրոնին՝ Ջան Փօլ Ալեգրէի ստեղծագործութեան հիման վրայ «Տրաւիատա կրկէս» ներկայացմանը:
Իրանահայ թատերական գործիչ ռեժիսր Ալբերտ Բեգիջանեանն «ԱԼԻՔ»-ին յայտնելով այս մասին յաւելեց, որ «Մետրօ» թատրոնն Իրան էր ժամանել թւով 18 դերասաններով ու տեխնիկներով: Հայաստանից ժամանած խումբը հիւրախաղերի ընթացքում այցելել է նաեւ Հեգմաթանէի պատմամշակութային տարածք, որտեղ են գտնւում հայկական երկու Սուրբ Աստւածածին եւ Սուրբ Ստեփանոս-Գրիգոր եկեղեցիները:
Համադանի մանուկների ու պատանիների մասնակցութեամբ անցկացւած այս փառատօնի տարբեր բաժիններում բեմադրւել են 59 իրանական եւ 6 արտասահմանեան ստեղծագործութիւններ։
Միջազգային բաժնում վեց ներկայացումներով հանդէս են եկել Իրաքից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Ուզբեկստանից, Թուրքիայից եւ Հայաստանից ժամանած թատերախմբերը մրցակցելով փառատօնի «Ազգերի թատրոն» բաժնում։
Ալբերտ Բեգիջանեանը կարեւորելով մանկապատանեկան թատերական փառատօնների իրականացումը յաւելեց, որ 29-րդ «Մանկապատանեկան թատերական միջազգային փառատօն»-ը շուրջ մէկ շաբաթ տեւողութեամբ տեղի է ունեցել նոյեմբերի 2-ից 7-ը պատմական Համադան քաղաքում՝ «Թատրոն՝ երկխօսութիւն առանց սահմանների» կարգախօսով, ինչպէս նաեւ երեխաների մօտ կարեկցանքն ու ընկերակցութիւնը, աճն ու գիտակցութիւնը եւ ինքնավստահութիւնն ամրապնդելն էր կատարողական արւեստի ճանապարհով։