Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միջազգային դիտորդների մի շարք ուշագրաւ արձանագրումներ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրել է

ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ /ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ/ նախնական եզրակացութիւնը մի շարք ուշագրաւ արձանագրումներ է կատարել։ Բնականաբար, զեկոյցը կարող էր առաւել ընդգրկուն, օբիեկտիւ, կոշտ եւ հասցէական լինել։

Այդուհանդերձ, այդտեղ տեղ են գտել առարկայական գնահատականներ, որոնց մի մասին անդրադարձել ենք իրենց փոխանցւած նախընտրական խախտումների վերաբերեալ «Հայաստան» դաշինքի պատրաստած երկու տեղեկանքում, ինչպէս նաեւ միջազգային դիտորդական առաքելութիւնների հետ ընտրութիւնների նախօրեակին իմ եւ Արթուր Խաչատրեանի հանդիպումների ընթացքում։

Մասնաւորապէս արձանագրւում է՝

  • «Քարոզարշաւն աչքի է ընկել բարձր առճակատմամբ եւ պառակտող հռետորաբանութեամբ, ինչպէս նաեւ ձայների գնման եւ ընտրական այլ խախտումների վերաբերեալ մեղադրանքներով, որոնք յանգեցրել են ընդդիմութեան թեկնածուների եւ ակտիւիստների նկատմամբ բազմաթիւ քրէական վարոյթների յարուցմանը, ինչի հետեւանքով ընդդիմութեան բազմաթիւ աջակիցներ ձեռնպահ են մնացել Քարոզարշաւին ակտիւ մասնակցելուց։
  • Այս հանգամանքները, ինչպէս նաեւ պետական հատւածի աշխատակիցների նկատմամբ իշխող կուսակցութեան միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրւած ճնշումները եւ վերջերս ներդրւած սոցիալական եւ տնտեսական միջոցառումները, մտահոգութիւններ են առաջացրել քարոզչութիւն իրականացնելու հնարաւորութիւնների հաւասարութեան առնչութեամբ։
  • Քարոզարշաւը եղել է ակտիւ եւ հիմնականում խաղաղ, սակայն կրել է խիստ բեւեռացւած եւ առճակատային բնոյթ՝ զուգորդւած սադրիչ հռետորաբանութեան բազմակի կիրառմամբ, այդ թւում՝ իշխող կուսակցութեան ցուցակը գլխաւորող թեկնածուի կողմից։
  • 2026 թ․ կատարւած որոշ լրացուցիչ փոփոխութիւններ ներդրւել են արագացւած կարգով, սահմանափակ քննարկումների պայմաններում եւ առանց քաղաքական ուժերի լայն աջակցութեան, ընդ որում դրանցից մի քանիսն ընդունւել են ընտրութիւնների նշանակումից յետոյ, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտաւորութիւններին եւ միջազգային լաւագոյն փորձին:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն (ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի Ընտրութիւնների դիտորդական առաքելութեան) դիտարկել եւ ստացել է բազմաթիւ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպէս արժանահաւատ, իշխող կուսակցութեան նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերեալ։

  • Հանրային հեռուստաընկերութիւնը ցուցաբերել է ակնյայտ կողմնակալութիւն՝ յօգուտ իշխող կուսակցութեան, ինչը հակասում է նրա իրաւական պարտաւորութիւններին եւ հանրային առաքելութեանը։
  • Եւրոպական Միութեան եւ Միացեալ Նահանգների որոշ նշանաւոր առաջնորդներ հրապարակայնօրէն աջակցութիւն են յայտնել վարչապետին, ինչը ՄԸԴԱ-ի հետ հանդիպած ընդդիմադիր կուսակցութիւնների մեծ մասի կողմից ընկալւել է որպէս արտաքին ներգրաււածութիւն՝ յօգուտ իշխող կուսակցութեան։
  • Վարչապետը կիրառել է վիրաւորական եւ հրահրող արտայայտութիւններ, այդ թւում՝ տեղահանւած հայ փախստականների հասցէին։
  • Վարչապետը նաեւ հրապարակայնօրէն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին հետաքննութիւններով եւ նրանց պատկանող ընկերութիւնների ազգայնացմամբ։
  • Ընտրութիւններից առաջ կառավարութեան կողմից ներդրւել են մի շարք սոցիալական եւ տնտեսական միջոցառումներ, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտաւորութիւններին եւ միջազգային չափանիշներին, որոնք պահանջում են պետութեան եւ քաղաքական կուսակցութիւնների միջեւ յստակ տարանջատում, եւ կարող է խաթարել ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների) կուսակցութիւնների դաշինքների) համար հաւասար հնարաւորութիւնների սկզբունքը։
  • Լրատւամիջոցների բազմազանութիւնը էլ աւելի է նւազել այն բանից յետոյ, երբ ընդդիմութեան հետ փոխկապակցւած «Հ2»-ը եւ «Երկիր Մեդիա»-ն 2021-2023 թւականներին կորցրեցին վերգետնեայ եթերային հեռարձակման իրաւունքը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հետ փոխկապակցւած «Շողակաթ» հեռուստաընկերութիւնը վերջերս փակւեց։
  • Հայաստանի հանրային հեռարձակողը շարունակում է պահպանել գերիշխող դիրքը հեռարձակման ոլորտում՝ օգտւելով պետական կայուն ֆինանսաւորումից եւ միաժամանակ ստանալով զգալի եկամուտներ կոմերցիոն գովազդից։
  • Ի հակադրութիւն իր իրաւական պարտաւորութիւնների եւ առաքելութեանը՝ Հայաստանի հանրային հեռարձակողը «Հ1»-ի լրատւական թողարկումներում ցուցաբերել է ակնյայտ կողմնակալութիւն իշխող կուսակցութեան օգտին եւ բացասական երանգներով է լուսաբանել հիմնական ընդդիմադիր կուսակցութիւններին (կուսակցութիւնների դաշինքներին):
  • «Հ1»-ը իր լուսաբանման 14 տոկոսը յատկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը՝ հիմնականում դրական երանգաւորմամբ, մինչդեռ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք եւ «Բարգաւաճ Հայաստան» քաղաքական ուժերը ստացել են համապատասխանաբար՝ 17, 11 եւ 10 տոկոս լուսաբանում՝ հիմնականում բացասական երանգաւորմամբ»։

Յ․Գ․- Մնում եմ այն կարծիքին, որ հակառակ աշխարհաքաղաքական նախապաշարումների, կրկնակի ստանդարտների եւ այլ յանձնառութիւնների, միջազգային կազմակերպութիւնների հետ աշխատելը եւ հաղորդակցւելը կարեւոր է։

Related Articles

Back to top button