ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանն ու Չինաստանը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեան ապահովման հարցը

«ԱԼԻՔ» – Իրանի եւ Չինաստանի բարձրաստիճան զինւորական հրամանատարները խօսել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեան ապահովման եւ գլոբալ կայունութեան սպառնալիքներին դիմակայելու ընթացակարգերի մասին:

Իրանի բանակի գլխաւոր հրամանատարի համակարգման գծով տեղակալ, ծովակալ Հաբիբօլլահ Սայարին, Պեկինի Սեանշանեան 11-րդ համաժողովի շրջանակում, այցելել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ազգային պաշտպանութեան համալսարան:

Նա նաեւ մասնակցել է չինական ռազմական վերլուծական կենտրոնի նիստին:

Չինաստանի ազգային պաշտպանութեան համալսարան կատարած այցի ընթացքում ծովակալ Սայարին եւ չինացի բարձրաստիճան զինւորականները քննարկել են անվտանգութեան տարբեր ասպեկտներ, ներառեալ ներքին եւ արտաքին անվտանգութիւնը, ինչպէս նաեւ Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները:

Չինական ռազմական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների հետ զրոյցի ժամանակ Ծովակալ Սայարին եւ չինացի պաշտօնեաները պաշտպանութիւնն ու անվտանգութիւնը համարել են ցանկացած քաղաքական համակարգի հիմնական խնդիրները։ Քննարկւել են նաեւ տարբեր տեսակի սպառնալիքները եւ միջազգային անվտանգութեանը սպառնացող հարցեր։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ից 14-ը Պեկինի միջազգային կոնֆերանս-կենտրոնում անցկացւել է Պեկինի Սեանշանեան 11-րդ համաժողովը: Համաժողովի այս տարւայ թեման էր «Խաղաղութեան աջակցում յանուն ընդհանուր ապագայի»:

Համաժողովի մասնակիցները քննարկել են միջազգային անվտանգութեան ապահովման, միջազգային անվտանգութեան մեխանիզմների կատարելագործման, Ասիա-խաղաղովկիանոսեան տարածաշրջանում խաղաղութեան պահպանման եւ զարգացման, ինչպէս նաեւ հաւասարակշռւած եւ կարգաւորւած բազմաբեւեռ աշխարհի ձեռքբերման գործում Գլոբալ հարաւի երկրների դերը:

Related Articles

Back to top button