Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

Ժամանակը չի բուժում վէրքերը

Սուտ է: Ժամանակը չի բուժում վէրքերը: Գուցէ նա իր առօրեայ հազար ու մի հոգսերով, ուրախութիւններով ու անակնկալներով ետ հրում, հոգուդ մի խուլ անկիւնն է տանում վիրաւորանքդ ու վիշտդ եւ երբեմն մոռացութեան մատնում… բայց չի բուժում, չի կարող բուժել: Բաւական է թեթեւ մի առիթ, մի դէմք, մի անուն, մի նմանութիւն, անցողիկ մի հայեացք, որ… իսկ աւելի յաճախ ոչ մի առիթ էլ պէտք չէ, ոչինչ պէտք չէ, պարզապէս անհնար է մոռանալ, անհնար է փախչել:

Յիշողութիւնները հետապնդում են քեզ, նրանք քեզ հետ են, քո մէջ: Նոր տպաւորութիւնները գալով քո հոգուց ինչ-որ բան դուրս չեն նետում Արքիմեդի աւազանի պէս: Հոգին աւազան չէ. նա կարող է տանել ամէն ինչ, կարող է բիւրեղացնել այդ ամէնն ու թաքցնել: Եւ դու այլեւս նախկինը չես կարող լինել, դու քո բոլոր ունեցածի հետ արդէն ունես նաեւ այդ նորը, որից բաժանւել, որից հեռանալ այլեւս չես կարող:

Ես էլ շատ եմ փորձել մոռանալ ինչ-որ դէմքեր, ինչ-որ դէպքեր: Երբեմն էլ, երբ շատ ուրախ եմ եղել, յանկարծ մտածել եմ հրճւանքով, թէ արդէն մոռացել եմ, բայց հէնց դրանով էլ յիշել եմ եւ միշտ մի բութ ցաւ եմ զգացել կրծքումս, ինչ-որ տեղ:

Եւ զարմանալի բան. նման պահերին, որտեղից որտեղ, ինձ միշտ թւացել է, թէ Նանարը նորից, ինչպէս շատ-շատ առաջ, մատով բարձրացնում է քիթս ու կամացուկ ասում. – Դէ, դէ, ժպտա՛…

Արտաշէս Քալանթաեան-«Մարաթոն»

Սեպտեմբերի 16-ը հայ ժամանակակից արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախօս, լրագրող եւ, երգիծաբան Արտաշէս Քալանթարեանի (1931-1991) ծննդեան օրն է:

Նա մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վէպով։ Նրա գրքերից մեծ հետաքրքրութեան են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանութիւն» վէպերը եւ ժողովածուները։

Լուսանկարում՝ ձախից՝ Արտաշէս Քալանթարեան, Հրաչեայ Յովհաննիսեան, Ժոռա Յարութիւնեան:

Related Articles

Back to top button