Հայաստան - ԱրցախՄշակութային

Համլետ Պետրոսեան. «Ադրբեջանի համար ամենամեծ խնդիրներից մէկը հայերի պատմական ներկայութիւնն է արցախեան տարածքներում»

44-օրեայ պատերազմից յետոյ պարբերաբար լսում էինք, լուսանկարներ տեսնում, որ թշնամի Ադրբեջանն իր հսկողութեան տակ անցած Արցախի Հանրապետութեան տարածքներում խեղաթիւրում, ոչնչացնում, վանդալիզմի է ենթարկում հայկական յուշարձանները, եկեղեցիները, խաչքարերը։ Իսկ այս տարւայ սեպտեմբերից՝ արցախցիների բռնի տեղահանութիւնից յետոյ նման դէպքերն աւելի յաճախ են։

Panorama.am-ը զրուցել է ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, Տիգրանակերտում պեղումներ իրականացրած արշաւախմբի ղեկավար, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսեանի հետ՝ Արցախի Հանրապետութիւնում նման պայմաններում հայկական յուշարձանների պահպանման մեխանիզմների, դրանց կիրառման հնարաւորութեան մասին։

Panorama.am- Ադրբեջանի՝ հայկական յուշարձանները ոչնչացնելու, խեղաթիւրելու դէմն առնելու միջոցը ո՞րը կարող է լինել։

Համլետ Պետրոսեան- Ընդհանրապէս, ամենատարածւածը համարւում է միջազգային մշակութապահպան կազմակերպութիւնների՝ ԻՒՆԵՍԿՕ, ԻԿՕՄՕՍ, ԻԿՕՄ արձագանգը, բայց, որպէս կանոն, միջազգային նման կազմակեպութիւնները պետութիւնների կազմակերպութիւններ են, քաղաքական կազմակերպութիւններ են, որոշումներն ընդունւում են շատ յաճախ ոչ թէ ըստ իրավիճակի, այլ ըստ քւէարկութեան։ Դա բարդացնում է խնդիրը։ Բայց դա մի ճանապարհ է, որի ուղղութեամբ անպայմանօրէն կարելի է աշխատել։

Մենք ընտրել ենք հիմնականում խնդիրը միջազգային գիտական հանրոյթին ներկայացնելու ճանապարհը։ Դա նոյնպէս շատ կարեւոր է այն առումով, որ շատ յաճախ միջազգային զանազան մշակութապահպան կազմակերպութիւններ, ներառեալ քաղաքական՝ Եւրոխորհուրդ, ՄԱԿ, դատարաններ, որպէս կանոն դիմում են աւելի չէզոք աղբիւրների։

Այս տեսակէտից monumentwatch.org եւ Caucasus Heritage Watch-ն ակադեմիական հարթակներ են, չէք գտնի հայկականութեան, միտումնաւորութեան որեւէ դրսեւորում։ Յատուկ համակարգ ենք մշակել, թէ ինչպէս ներկայացնել, հետեւել ակադեմիական բարեվարքութեանը, աւելորդ բառեր չասել եւ այս տեսակէտից, կարծում եմ, մենք յաջողում ենք։ Դրա վկայութիւններից մէկն էլ այն է, որ ԱՄՆ դեսպանութիւնը մեզ առաջարկում է պայմանագիր կնքել Քորնէլի համալսարանի հետ եւ համատեղ աշխատել որպէս ամերիկեան եւ հայկական գիտական թիմեր։

Panorama.am- Գիտական մակարդակով արւում է հնարաւոր ամէն ինչ, իսկ պետական մակարդակով բաւարար քայլեր արւո՞ւմ են։

Համլետ Պետրոսեան- Ես կը դժւարանամ ասել բաւարար են։ Ընդհանրապէս, իշխանութեան դիրքորոշումը կապւած այս ծանր վիճակի, պայմանագիր կնքելու հեռանկարի հետ, կորակէի զգուշաւոր։ Երեւի քաղաքականութեան մէջ դա հնարաւոր է, բայց միւս կողմից էլ, ակնկալում եմ, պետութիւնը վարի նաեւ մշակութային ժառանգութեանն ուղղւած յատուկ քաղաքականութիւն եւ պարտադիր չէ այդ երկուսը՝ քաղաքական ընթացքն ու ժառանգութեան հանդէպ վերաբերմունքն իրար հետ կապել։ Մենք մեր թիմով գրել ենք՝ ինչ անել հիմա։ Ուղարկել ենք մեր գրութիւնը մեր եկեղեցուն, Արցախի նախկին իշխանութեանը, Հայաստանի իշխանութիւններին։ Մի երկու անգամ թեթեւ քննարկում է եղել, կարծես, ցաւօք, որոշումը դանդաղում է։ Առաջակում ենք, որ եթէ պետութիւնը քաղաքական խնդիրներ ունի, ստեղծի վարչագիտական կենտրոն, պետութեան՝ Արցախի մշակութային ժառանգութեան հանդէպ վարւող քաղաքականութեան գործառոյթը պատւիրակի այդ կենտրոնին։ Դա այս պայմաններում լաւագոյն լուծումն է։ Այս պահին պատասխան չկայ։

Panorama.am- Ադրբեջանում գտնւող հայկական յուշարձաններն ադրբեջանցիները մէկ աղւանականացնում են, մէկ ուդիականացնում, հիմա նաեւ ուղղափառացնում։ Ինչո՞ւ՝ աղւանական, ուդիական, … բայց ոչ հայկական։

Համլետ Պետրոսեան- Ադրբեջանի համար ամենամեծ խնդիրներից մէկը հայերի պատմական ներկայութիւնն է այդ տարածքներում։ Ինչպէ՞ս ժխտել այդ պատմական ներկայութիւնը, երբ որ այդ փաստերը հազարաւոր են։ Ուրեմն կարելի է փորձել այդ փաստերը որոշակի փոփոխութեամբ վերագրել ուրիշներին, միայն թէ հեռացւի հայկականից, կապ չունի, թէ ումն է։

Բայց այստեղ մի ուրիշ խնդիր էլ կայ. Արցախն ու Ուտիքը դարեր շարունակ գտնւել են Աղւանից եկեղեցու կազմում, կաթողիկոսները հանդէս են եկել որպէս Աղւանից կաթողիկոսներ, երբեմն իշխաններն են հանդէս եկել որպէս Աղւանից իշխան։ Այս ձեւական բանը, քանի հայագիտութիւնը խորը եւ մանրամասն չի մեկնաբանել, հնարաւորութիւն է տալիս ադրբեջանցիներին ասելու՝ տեսէք, եթէ նա Աղւանից կաթողիկոս է եղել, ի՞նչ է նշանակում հայկական խաչքար։

Բայց բոլոր գրերը հայերէն են, կաթողիկոսները հիմնականում հայեր են եղել, խօսել ու գրել են հայերէն։

Panorama.am- Ահա թէ ինչՇնորհակալութիւն մեկնաբանելու համար։

Զրուցեց ՏԱԹԵՒ ՄԱՆՈՒԿԵԱՆԸ

Related Articles

Back to top button