Ակնարկ՝ պաղեստինա-իսրայէլական հակամարտութեանը
Սոյն թւի հոկտեմբեր 7-ին, ՀԱՄԱՍ-ի Ալ Աքսայի փոթորիկ անւամբ, նախընթացը չունեցող, կայծակնային յարձակումն Իսրայէլի դէմ ոչ միայն անխոցելի եւ անպարտելի Իսրայէլին խոցելի ու պարտելի դարձրեց այլ նաեւ մեծ հարւած հասցրեց եւ հեղինակազրկեց Իսրայէլին, յաչս արաբների ու միջազգային հանրութեան, որի վերականգնումի համար, Իսրայէլը վճռել է ռազմական միջոցներով հարւածել ՀԱՄԱՍ-ին, ընդհուպ նրա կործանմանը:
Համաձայն ռազմական մարտավարութեան՝ մարտերում յաղթանակելու համար նախ պիտ ռմբակոծել դիմացի մարտնչող բանակի դիրքերը, ապա ցամաքային ուժերով գրաւել թշնամուն պատկանող տարածքները, Իսրայէլն էլ ըստ վերոնշեալ մարտավարութեան, սկսեց օդային եւ ցամաքային ռմբակոծումներ կատարել ոչ թէ ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղութեամբ այլ Գազայի մարդաբնակ բնակարանների, հիւանդանոցների, կենսական նշանակութեամբ քաղաքացիական ենթակառոյցների եւ ոչ զինւորական հաստատութիւնների, որոնց զոհ էին դառնում ոչ թէ ՀԱՄԱՍ-ի մարտիկները, այլ անմեղ բնակիչներ, կանայք ու երեխաներ, այս վայրագ ռմբակոծութիւնից յետոյ, Իսրայէլը ըստ նշեալ մարտավարութեան, Գազայի գրաւման համար մի քանի անգամ տարբեր ուղղութիւններով, անցնում է ցամաքային յարձակման, որոնք բոլորն էլ արժանանում են ՀԱՄԱՍ-ի պատսպարւած մարտիկների խիստ դիմադրութեան եւ զոհեր տալով յետ է նահանջում:
ՀԱՄԱՍ-ը Պաղեստինեան Ազատագրական կազմակերպութեան մէկ առանձին մարտական կառոյց է, որի հաւատացեալ մարտիկները, առաւելաբար կենտրոնացած են Գազայի երիզում, որի տարածքը հազիւ 10×36 քմ. է, որտեղ գերմարդկային ճիգերով կառուցել են պաշտպանական եւ յարձակողական ընդյատակեայ գետնանցքներ, որոնց երկարութիւնը ըստ ոմանց 350-ից 500 քմ. է, իսկ խորութիւնը որոշ տեղերում հասնում է մինչեւ 70-ից 80 մետրի, որոնցում պահւում են համապատասխան զէնք ու զինամթերք եւ մէկ տարւայ ուտեստեղէն, հետեւաբար, եթէ Իսրայէլը վճռել է կործանել ՀԱՄԱՍ-ին, պիտի ցամաքային ուժով տիրանայ նշեալ գետնանցքներին եւ զրկի ՀԱՄԱՍ-ին այդ բազմակողմանի պաշտպանական հնարաւորութիւններից, ըստ զինւորական մասնագէտների, նման գործողութեան անցնելու դէպքում, Իսրայէլը շատ թանկ գին պիտի վճարի դրա համար, քանզի այդ դէպքում, ՀԱՄԱՍ-ին հովանաւորող կազմակերպութիւններն ու պետութիւնները, ի պաշտպանութիւն ՀԱՄԱՍ-ի պիտի առճակատման դուրս գան ընդդէմ Իսրայէլի, թէեւ արդէն առանց այդ էլ, ՀԱՄԱՍ-ի համախոհներ՝ Եմէնի հուսիները, Կարմիր ծովով դէպի իսրայէլական Իլիատ կարեւոր նաւահանգիստը երթեւեկող նաւերը եւ նաւահանգիստը հրթիռակոծելով տնտեսական մեծ վնաս են պատճառում Իսրայէլին:
Միջազգային համայնքի պահանջով, գերիների փոխանակման համար կողմերի միջեւ կնքւեց կարճժամեայ հրադադար, որի ընթացքում փոխանակւեցին նաեւ մի շարք գերիներ, սակայն Իսրայէլը, ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի խախտման պատրւակով, վերսկսեց պատերազմը եւ կողմերը կրկին անցան միմիանց դիրքերի ու քաղաքների ռմբակոծութեան, անաւարտ թողնելով գերիների փոխանակման աշխատանքները:
Այս կոյր հրաձգութիւններով առաջացած մարդկային անթիւ զոհերի (այսօրւայ դրութեամբ շուրջ 20000) ու աւերածութիւնների համար, միջազգային հանրութեան կողմից առաջացած ցասումն ու բողոքները ընդդէմ Իսրայէլի ու կտրուկ կերպով, հրադադարի պահանջները մէկ կողմից, Գազայի գրաւման եւ ՀԱՄԱՍ-ին կործանելու անյաջողութինը միւս կողմից, Իսրայէլին մատնել են քաղաքական աննպաստ պայմանների դիմաց եւ եթէ միւս կողմից էլ նկատի ունենանք, որ այսօրւայ Իսրայէլի բանակը, 60-ական եւ 70-ական թւականների բանակի նման գաղափարական եւ անձնազոհ բանակ չէ, որ իր կեանքը զոհաբերի յանուն սիոնիզմի, ինչպէս 1948-1956, եւ մանաւանդ 1967 թ.-ին կատարեց ու մեծ յաղթանակներ արձանագրեց Իսրայէլի համար, իսկ 1973 թ.-ի «եօմ քեփուռ»-ի պատերազմից յետոյ, իսրայէլեան բանակի փայլուն յաղթանակները մթագնել է:
Ըստ վերոնշեալ տւեալների՝ հակառակ ԱՄՆ-ի, ԱԽ-ի նիստում, ՄԱԿ-ի հրադադարի առաջարկը վետոյի ենթարկելուն, Իսրայէլը վաղ թէ ուշ կը պարտաւորւի, հրադադարի պայմանագիր կնքել ՀԱՄԱՍ-ի հետ եւ մի շարք զիջումներ կատարել յօգուտ ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինեան դատի, ինչպէս օրինակ, ըստ ՀԱՄԱՍ-ի պահանջի՝ պիտ համաձայնւի փոխանակել Իսրայէլի բանտերում բանտարկւած շուրջ 6000 պաղեստինցիներին, ՀԱՄԱՍ-ի մօտ գերի ընկած մի քանի հարիւր գերիների հետ, որն հաւանօրէն պիտի լինի ի պատասխան, 1967 թ.-ի, պատերազմից յետոյ, մի քանի հազար գերի ընկած արաբների փոխանակումը, մէկ գերի Իսրայէլի զինւորի հետ, սակայն ցաւալին այն է, որ Իսրայէլը մինչ այսօր, նոյնիսկ ի գին իր գերիների մահւան, պատրաստ չէ հրադադար կնքելու:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Նոր Ջուղա
17.12.2023 թ.