Չընկնե՛լ Փաշինեանի կողմից լարւած ծուղակը
«ԱԼԻՔ» – Վերջին շրջանում Փաշինեանի եւ կնոջ ռեալիթի շոու յիշեցնող ակտիւութիւնը պէտք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստւող նոր զիջումների համատեքստում։
Այդ շրջանակում պէտք է դիտարկել նաեւ աղմկայարոյց բանավէճի առաջարկը։ Առաջարկից առաջ Նիկոլը լաւ գիտէր, որ իր հետ նախկին նախագահները չեն բանավիճելու։ Պարզ պատճառով՝ Արցախի հայկական լինելու հարցում հայկական կողմը նոյնիսկ Ալիեւի հետ չի բանավիճել։ Ինչպէս հայկական կողմը Թուրքիայի հետ չի բանավիճել Ցեղասպանութեան փաստի շուրջ։ Դրանք պատմական փաստեր են, որոնք բանավէճի առարկայ են փորձում դարձնել բացառապէս մեր թշնամիները։
Ուրեմն խնդիրը ոչ թէ բանավէճի առարկան է, այլ հերթական զիջումներից առաջ մեղաւորների նշանակումը։
Այսպիսով մեկնարկում է Ալիեւի հերթական պահանջները բաւարարելու (Մինսկի խմբի լուծարում, սահմանագծման եւ սահմանազատման անւան տակ նոր տարածքների յանձնում, վերջնական կապիտուլիացիայի ստորագրում, ադրբեջանցիներին՝ Հայաստանում բնակեցում) քարոզարշաւը եւ դրա նախապատրաստական աշխատանքները։
Եւ այս սցենարում ամենասարսափելին հայ ժողովրդին Փաշինեան-Ալիեւ պայմանաւորւածութիւնների յանցակիցը կամ լուռ վկան դարձնելու միտումն է։
Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ քաղաքական ուժերը, փորձագիտական դաշտը, հանրային առողջ շերտերը չընկնեն Փաշինեանի կողմից լարած ծուղակը եւ ակամայից մաս չդառնան նրա կողմից թելադրւած կեղծ օրակարգին։
Հետեւաբար մենք պէտք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրայ՝
-բոլոր հնարաւոր միջոցներով հանրութեանը ներկայացնել իրականութիւնը եւ թոյլ չտալ կեղծել այն.
-համախմբել ուժերը սպասւող սպառնալիքներ կանխելու ուղղութեամբ։
Յ.Գ. – Այս առումով չափազանց գնահատելի է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի կողմից իրականացւող հանրային իրազեկման աշխատանքները եւ փաստարկւած այլընտրանքային առաջարկների ներկայացումը»։
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր