ՄիջազգայինՔաղաքական

Հռոմի Պապը Սուրբ Ծննդեան ուղերձում համընդհանուր հաշտութեան եւ խաղաղութեան կոչ է արել

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 25-ին աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդեան ուղերձում համընդհանուր հաշտութեան եւ խաղաղութեան կոչ է արել, գրում է Al Arabiya-ն:

Պոնտիֆիկոսը կոչ է արել բանակցութիւններ սկսել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ՝ դադարեցնելու պատերազմը:

«Թող զէնքի ձայնը լռի պատերազմից աւերւած Ուկրաինայում»,- ասել է նա՝ կոչ անելով «երկխօսութիւն վարել՝ արդար եւ կայուն խաղաղութեան հասնելու համար»։

88-ամեայ Ֆրանցիսկոս Պապը, նշելով իր հովւապետութեան 12-րդ Սուրբ Ծնունդը, կոչ է արել դադարեցնել քաղաքական, սոցիալական եւ ռազմական հակամարտութիւնները Լիբանանում, Մալիում, Մոզամբիկում, Հաիթիում, Վենեզուէլլայում եւ Նիկարագուայում:

Հովւապետը նաեւ վերյղել է Իսրայէլ-ՀԱՄԱՍ պատերազմում հրադադար հաստատելու եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պահւող իսրայէլցի պատանդներին ազատ արձակելու կոչը: Նա Գազայում հումանիտար իրավիճակը որակել է «չափազանց ծանր» եւ խնդրել «բացել երկխօսութեան եւ խաղաղութեան դռները»։

Ֆրանցիսկոս Պապը նաեւ կոչ է արել հեշտացնել մարդասիրական օգնութեան հասանելիութիւնը Սուդանում, որն աւերւել է դաժան քաղաքացիական պատերազմից, եւ որտեղ միլիոնաւոր մարդիկ սովի սպառնալիքի տակ են:

«Թող Բարձրեալի Որդին պահպանի միջազգային հանրութեան ջանքերը՝ հեշտացնելու Սուդանի խաղաղ բնակչութեան համար մարդասիրական օգնութեան հասանելիութիւնը եւ հրադադարի նոր բանակցութիւններ սկսելը»,- ասել է նա:

Ֆրանցիսկոս Պապը նաեւ նշել է, որ Սուրբ Ծնունդը պէտք է լինի «բաժանման բոլոր պատերը քանդելու ժամանակը»:

Related Articles

Back to top button