ԹեհրանՀամայնքՄիջազգայինՔաղաքական

Արցախ-Գազա. նոյն ձեռագիրը՝ էթնիկ զտումներ, ցեղասպանութիւն

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Սիոնիստների ոճրագործութիւնները դատապարտելու համար, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների կրօնական առաջնորդների մասնակցութեամբ, երէկ՝ հոկտեմբերի 23-ի առաւօտեան Թեհրանում, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր մամլոյ ասուլիս:

Ասուլիսի սկզբում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը անդրադառնալով Գազայում սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւններին, ասաց. «Այս օրերին աշխարհը տակնուվրայ է եղել: Դժաբախտաբար 1948-ից երբ իսրայէլական սիոնիստական իշխանութիւնը կազմաւորւեց Մերձաւոր Արեւելքի մէջ, Արեւելքը սկսեց կրակի հետ խաղալ եւ մենք ամբողջ տարածաշրջանի ժողովուրդը այսօրւայ այս տագնապն է ապրում»:

Թեմակալ առաջնորդն ընդգծեց. «Ողջ Քրիստոնեայ աշխարհը այս օրերին դատապարտել ու դատապարտում է իսրայէլեան նման վայրագ յարձակումները: Սրանից երեք շաբաթ առաջ Հնդկաստանում Ասիայի Եկեղեցիների խորհրդի համընդհանուր համաժողով ունեցանք եւ բոլորս համատեղ կերպով դատապարտեցինք իսրայէլական այս անմարդկային յարձակումը Գազայի ժողովրդի վրայ եւ կոչ ուղղեցինք աշխարհին, որպէսզի փորձեն ամէն գնով տէր կանգնել Գազայի ժողովրդին»: Թեմակալ առաջնորդը նշեց. «Միառժամանակ առաջ նոյն վիճակի մէջ էր հայոց աշխարհը եւ յատկապէս Արցախը եւ արցախահայութիւնը, որ տեղահանւեց իր բնիկ երկրից, գաղթական եղաւ եւ աշխարհում որեւէ մէկը բերան չբացեց, որ պատմական մի ժողովուրդ իր հայրենի հողից վտարւում է: Միայն Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդը եւ ղեկավարութիւնը տարբեր ձեւերով եւ միջոցներով զօրակցութիւն յայտնեցին Արցախի ժողովրդին»:

Ասուլիսը վարող, Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը դատապարտելով սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնները, յոյս յայտնեց, որ կրօնական բոլոր ղեկավարները եւ քաղաքական այրերը համընդհանուր դատապարտանքի հռչակագրով հանդէս կը գան, եւ կը կանխւի անմեղ պաղեստինցիների դէմ ոճրագործութիւնները: Մամլոյ ասուլիսի ընթացքում Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութեան մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ Ալիաքբար Զիային ընդգծելով սիոնիստական ռեժիմ ոճրագործութիւնները նշեց, որ այս վերջին յարձակումների ժամանակ թիրախ են դարձել բազմադարեայ եկեղեցիներ ու մզկիթներ եւ նահատակւել են մեծ թւով պաղեստինցիներ, եւ այժմ պահն է, որ մարդու իրաւունքների կառոյցների իրաւացիութիւնը պարզւի, որոնք դժբախտաբար լռում են: Նա յոյս յայտնեց, որ բոլոր կրօնական ղեկավարների դատապարտանքը արդիւնաւորւի:

Ասուլիսի ընթացքում սիոնիստների ոճրագործութիւնները դատապարտող ելոյթներ ունեցան՝ Թեհրանում ասորի կաթոլիկների առաջնորդ Վանիա Սարգիսը, Իրանում հրեաների հոգեւոր ղեկավար խախամ Իւնէս Համամի Լալեզարը եւ Ասորի արեւելեան եկեղեցու ներկայացուցիչ հոգեւորական Իւբալիթ Ալդօն եւ քննադատեցին նաեւ ՄԱԿ-ին եւ միջազգային կառոյցներին, ԱՄՆ-ին ու եւրոպական երկրներին իրենց հակամարդկային կեցւածքի համար:

Ելոյթներից յետոյ լրագրողները ուղղեցին իրենց հարցումները, որոնց պատասխանում էին հոգեւոր առաջնորդները:

Ի պատասխան «ԱԼԻՔ» օրաթերթի լրագրողի հարցումին, որ վերջերս Ադրբեջանը, Իսրայէլի մանկասպան ռեժիմի համագործակցութեամբ Արցախում տեղահանեց աւելի քան 120 հազար արցախահայերի եւ կատարւեցին ոճրագործութիւններ, արդեօք եթէ դատապարտւէ՞ր այդ յանցագործութիւնը, միգուցէ այսօր ականատէսը չլինէինք Գազայում սիոնիստական ռեժիմի նման ոճրագործութիւններին, Սրբազան Հայրը յստակեցրեց. «Դժբախտաբար աշխարհը վկայեց, որ իսրայէլական ուժերը Ադրբեջանի, թուրքական ուժերի եւ ԴԱԷՇ-ի ուժերի հետ միասնաբար յարձակւեցին Արցախի վրայ եւ Արցախի ժողովրդին իր երկրից վտարեցին: Հետեւաբար մենք այստեղ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւաքական ճիգ ու աշխատանք պիտի կատարենք, որ կարողանանք միասնաբար եւ իբրեւ մէկ հաւաքականութիւն յաղթահարել բոլոր այն դժւարութիւննրը, որոնք սիոնիստական իշխանութեան կողմից արտայայտւում են մեր երկրի հանդէպ եւ կասկած չունեմ, որ մենք Իրանում եւ Արաբական աշխարհում եթէ միսնական ճիգով գործենք պիտի կարողանանք յաղթահարել ամէն տեսակ դժւարութիւն»:

Related Articles

Back to top button