Միջազգային

Ուրուգւայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քւէարկել Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր հռչակող օրինագծին

Ուրուգւայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 14-ին միաձայն (74 կողմ ձայն՝ 74 ներկայ պատգամաւորներից) հաւանութիւն է տւել իւրաքանչիւր տարի ապրիլի 24-ը «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր» հռչակող օրէնքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստաալիքներին եւ ռադիոալիքներին պարտաւորեցնում է իւրաքանչիւր տարի Ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց Ցեղասպանութեան թեմային: Այս մասին յայտնում է DiarioArmenia-ն։

Նշւում է, որ այս նախաձեռնութիւնը Սենատի կողմից հաւանութեան էր արժանացել մայիսի 7-ին, ուստի, եթէ Գործադիրի կողմից որեւէ դիտարկում չլինի, այն որպէս օրէնք կը հրապարակւի առաջիկայ օրերին։

Հաւանութեան արժանացած օրինագիծն իր միակ յօդւածով սահմանում է, որ իւրաքանչիւր տարւայ ապրիլի 24-ը յայտարարվում է «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր»՝ ռադիոյի եւ բաց հեռուստատեսութեան տեսալսողական բովանդակութեան հեռարձակման, բաժանորդների համար՝ հեռուստատեսութեան սեփական ազդանշաններով եւ հեռուստատեսային ծառայութիւններով։

Նախագիծը ներկայացրել են խորհրդարանականներ Նազմի Կամարգոն, Մարիա Եւգենիա Ռոսելոն, Խուան Մարտին Ռոդրիգեսը եւ Միկաելա Մելգարը:

Պատգամաւորներ Պեդրօ Ջիսդոնեանը, Կառլոս Վարելան, Ռաֆայէլ Մենենդեսը, Իւան Պոսադան, Մարիա Եւգենիա Ռոսելոն, Ֆելիպէ Ալգորտան, Ուգօ Կամարան, Ուբալդօ Այտան եւ Խուան Մարտին Ռոդրիգեսը մասնակցել են խորհրդարանական բանավէճին՝ յօգուտ նախագծի։

Իրենց ելոյթների ընթացքում նրանցից մի քանիսը դատապարտել են այն ձեւը, որով Թուրքիայի ժխտողականութիւնը եւ նրա անպատժելիութիւնը խթանել են Ադրբեջանի յանցագործութիւնները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ վերջին տարիներին, ներառեալ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը:

Ըստ աղբիւրի՝ երկու պալատների կողմից հաստատւած նախագիծը հիմնւած է Աւետարանական եկեղեցու դոկտոր Գուստաւօ Վանեսկահեանի նախաձեռնութեան վրայ, որը հրապարակային դառնալուց յետոյ ստացել է հայ համայնքի տարբեր հաստատութիւնների, այդ թւում՝ Ուրուգւայի Հայ Դատի խորհրդի աջակցութիւնը:

Ուրուգւայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ էր քւէարկել իւրաքանչիւր տարի ապրիլի 24-ը «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր» հռչակող օրէնքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստաալիքներին եւ ռադիոալիքներին պարտաւորեցնում է իւրաքանչիւր տարի Ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց Ցեղասպանութեան թեմային:

Related Articles

Back to top button