Երբ կողմերից մէկն ամէն ինչի հետ համաձայն է, միջնորդներն ուղղակի ասելիք չունեն
Մայիսի 16-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Արթուր Խաչատրեանը: Անդրադարձ է կատարւել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման ապօրինի գործընթացին որն ըստ Արթուր Խաչատրեանի ոչ այլ ինչ է, եթէ ոչ շարունակական կապիտուլեացիա՝ անընդհատ զիջել, տեղի տալ, անձնատուր լինել, որպէսզի աւելի վատ չլինի: Խօսելով նախօրէին Տաւուշում կատարւած սահմազատման եւ սահմանագծման աշխատանքների արդիւնքներով ստորագրւած հայ-ադրբեջանական արձանագրութեան մասին՝ Արթուր Խաչատրեանը մասնաւորապէս ասել է. «Ցաւում եմ, որ այդ խնդրին վերաբերող առաջին փաստաթուղթը, որ Փաշինեանը ստորագրեց, ակնյայտ պարտւողական փաստաթուղթ է: Բայց եթէ նա Տաւուշի հայկական երեք գիւղերը յանձնելու մասին արձանագրութիւնը յաղթանակ է համարում եւ ասում, որ սահմանը պէտք է անցնի այնտեղով, որտեղով պէտք է անցնի, ապա թող գնայ եւ Ջերմուկում վերականգնի այդ սահմանը: Երեք տարի առաջ այս օրերին՝ մայիսի 11-ին, Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք՝ Շորժայում եւ Սեւ լճի մօտ: Այն ժամանակ Փաշինեանը խրոխտ յայտարարում էր, որ Ադրբեջանը պէտք է վերադառնայ մայիսի 10 դիրքերը: Վերադարձա՞ւ: Ոչ: Եւ չի էլ վերադառնայ: Աւելին՝ եթէ Փաշինեանը շարունակի մնալ, Ադրբեջանը մի բան էլ դեռ առաջ է գալու»:
Անդրադառնալով դիտարկմանը, թէ հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման երէկւայ բոլոր միջնորդներն դրական են արտայայտւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների մասին եւ ըստ էութեան ոգեւորում կողմերին, Արթուր Խաչատրեանը նշեց, որ գերտէրութիւնները մեծ հաշւով անելիք չունեն, երբ տեսնում են, որ բանակցող կողմերից մէկը, այս դէպքում Հայաստանը, պատրաստակամ է զիջումների հարցում եւ կատարում է միւս կողմի բոլոր պահանջները:
Հաղորդման ընթացքում խօսւել է նաեւ Հայաստանում սկսւած համաժողովրդական շարժման առաջ քաշած խնդիրների, իշխանափոխութեան ճանապարհով իրավիճակից դուրս գալու եզակի հնարաւորութեան եւ այլ հարցերի մասին: «Հայաստանում դասական նախայեղափոխական իրադրութիւն է՝ վերեւները չեն կարողանում, ներքեւները չեն ուզում: Այն, որ Փաշինեանն ուր գնում՝ յետեւից հազարաւոր ոստիկաններ է տանում, հէնց այս մասին է խօսում»,- նշել է Աչրթուր Խաչատրեանը: