«Սա հերթական դրւագն է իշխանութիւնների ամօթալի ու ապազգային գործունէութեան»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յայտարարութիւնը
«ԱԼԻՔ»- Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի յուշահամալիր խոչընդոտելու, ՀՀ գործող իշխանութիւնների փորձի վերաբերեալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդէս է եկել յայտարարութեամբ.
«Մայիսի 28-ին, Հանրապետութեան տօնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի յուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսեւորած դատապարտելի պահւածքը եւ յուշահամալիրի տարածք մուտք գործելու յարուցւած արգելքներն ու բռնի գործողութիւնները հերթական դրւագն են իշխանութիւնների ամօթալի ու ապազգային գործունէութեան։
Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնութիւնների ու յարուցւած արգելքների Վեհափառ Հայրապետը յուշակոթողի առջեւ աղօթք բարձրացրեց առ Աստւած Մայիսեան հերոսամարտերում նահատակւած քաջարի հայորդիների հոգիների հանգստութեան համար:
Թող Երկնաւոր Տէրն անսասան պահի հայոց անկախ պետականութիւնը եւ յանապազ օրհնի ու ապահով եւ անվտանգ կեանք շնորհի համայն մեր ժողովրդին»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ: