Հայաստանի Ժուռնալիստների միութիւն. «Խստօրէն դատապարտում ենք ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառւած անհամաչափ գործողութիւնները, այդ թւում մամուլի ներկայացուցիչների թիրախաւորումը»
«ԱԼԻՔ» – Յունիսի 12-ի դէպքերի կապակցութեամբ, Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է.
«Յունիսի 12-ին Բաղրամեան-Դեմիրճեան փողոցների խաչմերուկում, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգւածային ակցիայի ընթացքում ոստիկանութեան կողմից օրէնքի կոպտագոյն խախտմամբ, այդ թւում՝ առանց նախապէս պատշաճ զգուշացնելու, յատուկ միջոցների, լուսաձայնային նռնակների կիրառման արդիւնքում տասնեակ խաղաղ ցուցարարների թւում լուրջ վիրաւորումներ են ստացել նաեւ զանգւածային լրատւութեան միջոցների (ԶԼՄ) մօտ մէկ տասնեակ աշխատակիցներ՝ լրագրողներ եւ օպերատորներ։
Տեղի ունեցածը պատկերող բազմաթիւ տեսանիւթերում ու լուսանկարներում յստակօրէն երեւում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդւած նետւում են, այդ թւում՝ այն ուղղութիւններով, որտեղ կենտրոնացած են մեծ թւով օպերատորներ եւ լրագրողներ, ինչը ողջամիտ կասկած է յարուցում, որ ոստիկանութիւնը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանութեան հրահանգով թիրախաւորել է լրատւամիջոցների ներկայացուցիչներին՝ կոպտօրէն խախտելով զանգւածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող մամուլի ներկայացուցիչների անխափան գործունէութիւնն ապահովելու եւ յատուկ միջոցների կիրառման ժամանակ տարբերակւած մօտեցում ցուցաբերելու՝ իրաւապահ մարմինների՝ ներպետական օրէնսդրութեամբ եւ միջազգային բազմաթիւ կոնւենցիաներով ամրագրւած նորմերը։
News.am լրատւական կայքի օպերատոր Վազգէն Եթումեանը, խմբագիր Անահիտ Սարգսեանի խօսքով, վիրաւորւել է ոստիկանութեան կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին ոտքի կտրւածքով գտնւում է Համալսարանական թիւ 1 հիւանդանոցում եւ վիրահատութեան կենթարկւի:
Տուժել է նաեւ «ՍիւիլՆեթ»-ի օպերատորը, նա եւս ոտքն է վնասել։ Ըստ լրատւամիջոցի յայտարարութեան՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։
Ազգային ժողովի մօտ ոստիկանների գործադրած բիրտ ուժի հետեւանքով վնասւածք է ստացել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, յայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարեանը։ Նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ նա բերման է ենթարկւել ոստիկանութեան Քանաքեռ-Զէյթունի բաժին, այնուհետեւ տեղափոխւել է բուժհաստատութիւն։
Armlur.am-ի օպերատոր Յովսէփ Յովսէփեանն այս պահին հիւանրանոցում է:
Ուշագրաւ էր նաեւ այն, որ ԱԺ մօտ հրմշտոցի ժամանակ՝ լարւած իրավիճակում, սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան, ինտերնետին միանալու սարքերը, վնասւել միկրոֆոններ, տեսախցիկներ:
Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է յունիսի 12-ին իրաւապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառւած անհամաչափ գործողութիւնները, այդ թւում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախաւորումը, եւ իշխանութիւններից պահանջում է անյապաղ բացայայտել եւ քրէաիրաւական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանութեան պաշտօնեաներին։ Հակառակ դէպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատւութիւնը կրելու է քաղաքական իշխանութիւնը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախաւորելու գործողութիւնը կատարւել է բարձրագոյն իշխանութեան հրահանգով։
Միեւնոյն ժամանակ հրաւիրում ենք տեղական ու միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների, խօսքի ու մամուլի ազատութեան հարցերով զբաղւող բազմաթիւ կառոյցների ուշադրութիւնը՝ կոչ անելով համարժէք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը՝ առաջնորդւելով ոչ թէ քաղաքական նպատակայարմարութեամբ, այլ լրագրողների իրաւունքների պաշտպանութեան ազնիւ մղումներով»: