Հայաստան - Արցախ

Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինեանին նորից յաջողւեց հայի արիւն թափել

Երէկ՝ յունիսի 12-ին Նիկոլ Փաշինեանն այլեւս անկարող եղաւ թաքցնել իշխանութիւնը կորցնելու եւ հայ ժողովրդի առջեւ պատասխան տալու իր սարսափները: Նախ՝ խորհրդարանում սկսեց անկանոն գոռգոռալ, ջղաձիգ շարժումներ անել, իսկ նիստերի դահլիճ մտնելիս անընդհատ անհանգիստ շուրջբոլորն էր նայում: Յետոյ նա նիստի ժամանակ բախում սադրեց պատգամաւորների միջեւ: Ընդորում՝ այդ ամէնը, բնականաբար, նա անում էր հազարաւոր ոստիկաններով շրջափակւած խորհրդարանում: Նա Բաղրամեան ու Դեմիրճեան փողոցներն էր լցրել ոստիկաններ նաեւ մարզերից՝ ըստ էութեան տեղերում գրեթէ ոստիկան չթողնելով:

Աւելին, լրատւամիջոցները կադրեր հրապարակեցին, որ մինչ ԱԺ նիստը սկսելը թիկնապահները հատ-հատ ստուգում էին բոլոր նստարանները, ժամեր շարունակ ուժայինները շրջափակել էին նիստերի դահլիճը, նոյնիսկ պատգամաւորների առանձնասենեակները: Մի խօսքով, խորհրդարանի տարածքն էլ էին լցրել անվտանգութեան աշխատակիցներով: Յետոյ եղաւ այն, ինչ օրեր շարունակ զգուշացնում էին թէ՛ քաղաքական գործիչները, թէ՛ փորձագէտները, թէ՛ լրատւամիջոցները:

Նրա ուղիղ հրահանգով ոստիկանները վայրագօրէն յարձակւեցին հայ ժողովրդի վրայ, ինչի արդիւնքում կան բազմաթիւ վիրաւորներ, այդ թւում՝ լրագրողների շարքում: Նիկոլ Փաշինեանին յաջողւեց հերթական անգամ հայի արիւն թափել, իսկ ինքը պարզապէս ճողոպրեց Ազգային ժողովից: Ո՛չ հայի արիւն թափելու, ո՛չ ճողոպրելու առումով սա նրա կեանքի առաջին դէպքը չէ: Մեղմ ասած՝ առաջինը չէ… Մնում է հասկանալ՝ մինչեւ երբ է յաջողւելու ոստիկանութեան թիկունքում թաքնւել:

«Փաստ»

Related Articles

Back to top button