Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Ծնկել են Ալիեւի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը»

«ԱԼԻՔ» – Բագրատ Սրբազանն անդրադարձել է երէկ՝ մայիսի 20-ին Կիրանցում տեղի ունեցածին, երբ ՀՀ Ոստիկանութիւնը փակել է դէպի գիւղ տանող ճանապարհը եւ ծեծի է ենթարկել տեղում ներկայ ակտիւիստներին, որոնք փորձել են ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել գիւղ:

«Մեր դիմաց ճանապարահը փակելու որոշումն ապօրինի է:

Բաւարար չէ, որ հակասահմանադրական յանացագործութիւն են կատարում, հիմա էլ մեր շարժն են արգելում։ Ճանապարհը փակելը վերից վար ապօրինի է։ Սկսած հակասահմանադրական սահմանազատումից, Ալիեւի դիմաց ծնկած վիճակից մինչեւ այս պահը։ Այս տղաներն էլ դարձել են իրենց ձեռքի գործիքը։ Երբ սեւ, գաղտնի, դաւադիր գործունէութեամբ են զբաղւում, այսպէս է լինում։ Էս մարդիկ էլ ուղղակիօրէն պարզ գործիք են դարձել։

Ես ցաւում եմ մեր տղաների համար։ Ամբողջ երկիրը խառնել են իրար իրենց հակաօրինական գործունէութեամբ, քմահաճոյքով, արհեստական հրահանգներով․ խանութիւն է դարձել՝ սուլթանի իշխանութեան ներքոյ»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Կարծես՝ ուրւականների գիւղ լինէր, կեանքումս այսպէս չէի տեսել Կիրանցը

Բագրատ Սրբազանին այնուամենայնիւ յաջողւել է գիւղ մտնել:

Անդրադառնալով գիւղում տիրող մթնոլորտին, Սրբազանն ասել է. «Իրենք խնդրում են՝ իրենց մենակ չթողնել։ Մարդիկ քաջալերւեցին, ասացին՝ մինչեւ վերջ գնացէք, ոչ մի տեղ չկանգնէք, մենք էլ ձեր թիկունքին ենք, այդ մարդիկ այսօր արտասւում էին, այդ արցունքներին պէտք է պատասխան տրւեն։ Մարդկային կեանքերի ողբերգութիւն է։ Գիւղը իմ ճանաչած գիւղը չէր, կեանքը փոխւել էր։ Երբ մտել էինք գիւղ, կարծես՝ ուրւականների գիւղ լինէր։ Մարդ ընդհանրապէս չկար, կեանքումս այսպէս չէի տեսել գիւղը։

Իրենց անկիւններում թաքնւած մարդիկ մեռելի պէս ապրում են։ Մարդկանց հոգին են սպանել, պատիւն են տարել։ Երբ իմացան գիւղամիջում եմ, միանգամից հաւաքւեցին, եւ բոլորի խնդրանքն ու մաղթանքը՝ քաջալերանքն է, որ այս աղէտը պէտք է կանգնի»:

«Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը պիտի պատասխան գտնի, չի կարող անպատասխան մնալ:  Մեր Երեւան գնալը հէնց այդ նպատակն ունէր եւ այդ նպատակն է շարունակելու ունենալ»,- նշել է Սրբազանը՝ յաւելելով, որ կիրանցի բնակչուհի Խանումը, որի տունը սահմանազատման եւ սահմանագծման հետեւանքով յայտնւելու է Ադրբեջանի տարածքում, ասել է. «Առանց մեռել, սգի մէջ ենք: Մեր հողի, ջրի ժողովրդի համար ենք սգում: Իմ հայրական հողում սիւն են բերել դրել, բայց ես դուրս չեմ գալու: Ուղղակի խնդրում եմ, որ ժողովուրդը, գիւղացիները կանգնեն իմ կողքին»:

Related Articles

Back to top button