«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ կապւած լրատւութիւնը բնական է, եթէ կրած լինի «կաթիլային» տեղեկատւութեան ձեւաչափ: Հրապարակւած առաջին լուրը խօսում էր կատարւած հարկադիր վայրէջքի մասին: Ապա հարկադիրը փոխարինւեց վթարայինով, իսկ քիչ անց լրատւութիւնը սահմանափակւեց որոնողական աշխատանքների մասին հրապարակումներով: Սա, նման զգայուն իրավիճակների կտրւածքով բնականոն գործընթաց է հանրութեանը ամենավատին պատրաստելու առումով:
Մեդիափորձագէտների կարծիքով՝ ամէն բան վերահսկելի էր մինչեւ թուրքական ԱԹՍ-ի յայտնւելը: Օգնութեան ձեռք մեկնած բայրաքթարին, օդ ու երկինք տրամադրելուն զուգահեռ, վերը նշւած վերահսկողութեան առաջին բացթողումը թոյլ տրւեց: Բանը նրանում է, որ «Բայրաքդար աքինջի» որսած ու տեսած տւեալները առաջինը վերլուծւում էին թուրքական կողմում, ապա այն տրամադրւում էր իրանական Կարմիր Մահակի որոնողական աշխատանքներն իրականացնող կենտրոնին: Այսպիսով թուրքերն առիթաւորւեցին իրականացնելու իրենց հերթական քարոզչութիւնը, որն էլ օգտւելով միջազգային լրահոսի համապատասխան հարթակներից, որոնողական աշխատանքների յաջողութիւնը կապեցին իրենց ԱԹՍ-ի հետ:
Այս կապակցութեամբ, թէեւ ուշացած, սակայն ուշագրաւ հրապարակումներով են հանդէս եկել իրանական փորձագիտական շրջանակները:
Դոկտ. Էհսան Մովահեդեանն իր սոցցանցային բոլոր միկրոբլոգներում ու էջերում նշել է, որ վերանայելով թուրքական անօդաչու թռչող սարքի կտրած ուղղութիւններն ու տրամադրած տեսագրութիւնը պարզւում է, որ անօդաչու թռչող սարքի ցուցադրած կօօրդինատները չեն համընկնում ուղղաթիռի կործանման վայրի հետ, եւ դրանք միմեանցից 10 կմ. հեռաւորութեան վրայ են։
Այս անօդաչու թռչող սարքի նշում արածն այն վայրն էր, որտեղ մի շարք գիւղացիներ կրակ էին վառել հանդերում: «Իսկ թուրքական ԱԹՍ-ի սխալը ժամանակի վատնում ու շեղում առաջացրեց որոնողական աշխատանքների հարցում, ինչն առաջին ժամերին կարող է լինել նաեւ ճակատագրական, իսկ Թուրքիայի միակ նպատակը քարոզչութիւնն ու մեղմ պատերազմն էր իրանական ԱԹՍ-ների դէմ մրցակցելու հարցում»,- յաւելել է փորձագէտը։
Դոկտ. Մովահեդեանը յաւելել է, որ ուղղաթիռի կործանման վայրի պատկերի համադրումը բնական առանձնայատկութիւնների հետ, ինչպիսիք են բուսականութիւնն ու ծառերը, ինչպէս նաեւ տեղանքից՝ գագաթ ընկած տարածութիւնը, ցոյց է տալիս, որ «Աքինջի»-ի կողմից նշւած կէտը սխալ ուղղութիւն էր:
Նա յաւելել է, որ թէեւ Թուրքիան հասաւ իր նպատակին մեդիա պատերազմի դաշտում, եւ թուրքական «Աքինջի» անօդաչու թռչող սարքին վերագրւեց ճիշտ վայրի կօօրդինանտների յայտնումը, սակայն թոյլատրւած այդ սխալը մոլորութեան մատնեց փրկարարներին, ովքեր սխալը նկատելուց անմիջապէս յետոյ յոյսը միայն կապել են տեղական հնարաւորութիւններին:
Փորձագէտը հաւաստիացնում է, որ թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարքը Խոյի կողմից է մտել Իրան: Իսկ դէպի Վարզաղան գնալու փոխարէն այն բռնել է միւս երթուղու ուղղութիւնը եւ անցնելով Թաւրիզի շրջանից՝ հայեացք նետել Թաւրիզի ռազմաօդային կործանիչների երկրորդ դիւիզիային, ինչպէս նաեւ մօտակայքում գտնւող բանակի արագ արձագանգման բազային, ապա այնտեղից թեքւել է դէպի հիւսիս»,- նշել է փորձագէտը եւ յաւելել, որ պա՞րզ չէ, թէ ինչ էր ուզում տեսնել այս անօդաչու թռչող սարքը Թաւրիզում՝ աւիաբազայի ու բանակի արագ արձագանքման կենտրոնի «երկնաչքից»։
Մովահեդեանը նշել է, որ վշտի պայմաններում Թուրքիայի այս պահւածքը հաստատ չի մոռացւի։
Դոկտ. Շոայբ Բահմանը նոյնպէս արձագանգելով «Աքինջի»-ի պատմութեանը, X-ի իր միկրոբլոգում թւիթ հրապարակելով նշել է. «Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի ցամաքային ուժերին եւ «Ղոդս» ուժերին է յաջողւել յայտնաբերել վթարւած ուղղաթիռի կործանման վայրը եւ հասնել վթարի վայր, այլ ոչ թէ թուրքական անօդաչու սարքերին:
Քաղաքագէտը յաւելել է նաեւ, որ տեղեկատւական պատերազմում մեր տեղի տալը դարձել է աւանդոյթ: Այն ինչ, դժւարին պայմաններում փրկարարներին յաջողւեց իրականացնել անկարելին, սակայն փառքը սեփականացրեցին օտարները:
Մէկ այլ օգտատէր մեկնաբանութիւնների բաժնում նշել է, որ մեկնած ձեռքը մերժել չէր կարելի: «Սակայն, բոլորն էլ գիտէին որ ինչ նպատակներ կարելի է թաքնւած լինեն այս «լաւութեան» թիկունքում: Իսկ մեզ համար սա եւս առիթ էր փորձարկելու «Աքինջի»-ի անտեսանելիութեան մասին արւած առասպելները, եւ աստիճանաւորել մեր ռադարային համակարգի թափանցելիութիւնը: Այնպէս, որ թուրքականին յատուկ խորամանկութեան դիմաց յաղթելու է իրանական խոհեմութիւնն ու ուղեղով մտածելը»,- գրել է նա: