Հայաստան - ԱրցախՔաղաքական

Երեւանի եւ Բաքւի միջեւ ի՞նչ շփումների ու լաւատեսութեան մասին են ակնարկում Միրզոյեանն ու Բայրամովը

«ԱԼԻՔ» – Մինչ վերջին օրերին փորձագիտական հանրութիւնը քննարկում էր Մոսկւայում անցկացւող Հայրենական Մեծ պատերազմի 80-ամեակին նւիրւած միջոցառումներն ու դրա շուրջ իրադարձութիւնները, ինչպէս նաեւ հետեւում իրադարձութիւններին, որոնք զարգանում են Հարաւային Ասիայում Պակիստանի ու Հնդկաստանի միջեւ աշխարհաքաղաքական այլ լարւած օջախներին զուգահեռ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ուշագրաւ յայտարարութիւններով հանդէս եկան։

ՀՀ ԱԳ նախարարը նախօրէին նշեց, որ հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցէ լաւ նորութիւններ լինեն: Նա մասնաւորապէս ասաց, թէ ամէն ինչ ասւած է, ըստ էութեան, աւելացնելու, կամ թարմացնելու տեղեկատւութիւն այս պահին ոչինչ չկայ:

«Մենք ինչպէս պատրաստ էինք վայրկեան առաջ սկսել այդ ուղղութեամբ խորհրդակցութիւններ, այնպէս էլ այժմ պատրաստ ենք: Իհարկէ, ցաւօք սրտի, տարբեր յայտարարութիւններ ենք լսում ադրբեջանական կողմից: Առայժմ առաջընթաց չկայ, բայց խօսակցութիւն կայ, եւ ինչպէս ցանկացած բանակցութեան դէպքում, համբերութեամբ զինւենք, եւ գուցէ առաջիկայում լաւ նորութիւններ լինեն»,- մանրամասնել էր Արարատ Միրզոյեանը։

Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովն այսօր ասել է, թէ Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից» եւ յաւելել, որ շփումներ կան հայկական կողմի հետ: Ըստ նրա՝ խաղաղ գործընթացի շուրջ Երեւանի եւ Բաքւի միջեւ շփումները մի քանի ուղղութիւններով շարունակւում են։ Ջէյհուն Բայրամովը նշել է, որ այս սպասումները կապւած են Հայաստանի սահմանադրութիւնից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպէս նաեւ Մինսկի խմբի լուծարման հետ»:

Բայրամովը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի շուրջ աշխատանքները շարունակւում են երկու երկրների փոխվարչապետների նախագահութեամբ գործող յանձնաժողովների մակարդակով։ «Ադրբեջանի դիրքորոշումը տրանսպորտային հաղորդակցութիւնների վերականգնման հարցում յայտնի է: Կարծում եմ՝ այնտեղ շփումներ կը լինեն։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր պարտաւորութիւններն այս ուղղութեամբ»,- ասել է Բայրամովը։

Երեւանն ու Բաքուն խաղաղութեան պայմանագրի տեքստը համաձայնեցրել են մօտ երկու ամիս առաջ: Չնայած այն ստորագրելու հայկական կողմի բազմաթիւ առաջարկներին՝ Ադրբեջանն առայժմ դրական չի արձագանգել՝ վերահաստատելով իր նախապայմանները՝ Մինսկի խմբի լուծարում եւ Հայաստանի սահմանադրութեան փոփոխութիւն: Բացի այդ, Ադրբեջանը համաձայնագրի տեքստի համաձայնեցումից յետոյ սկսեց սրել իրավիճակը սահմանին, հրադադարի խախտումների հարցում մեղադրանքներ ուղղելով հայկական կողմին։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ նախարարների դիտարկումներից կարելի է ենթադրել, որ կան շփման որոշակի խողովակներ կողմերի միջեւ, բացի այն հանդիպումներից, որոնք տեղի են ունենում նախարարների մակարդակով կամ հայ-ադրբեջանական համապատասխան յանձնաժողովների միջեւ։ Տարասովը յիշեցրել է, որ նախարարների միջեւ վերջին շփումը կայացել էր մօտաւորապէս մէկ ամիս առաջ Անթալիայի Դիւանագիտական ֆորումի շրջանակում։

«Սակայն այդ հանդիպումից յետոյ պարզ դարձաւ, որ կողմերը որեւէ առաջընթաց չեն արձանագրել տարաձայնութիւնները հարթելու ուղղութեամբ։ Կողմերը յայտարարութիւններ էին տարածել, որոնք արձանագրում էին, որ չկայ փոխըմբռնում։ Սակայն, ինչպէս գիտենք, այնուամենայնիւ կողմերի միջեւ առաջարկների, փաթեթների փոխանակում է ընթանում։ Բացի այդ, սահմանազատման յանձնաժողովներն են աշխատում, ուստի կողմերը գուցէ սա նկատի ունեն, երբ խօսում են այն մասին, որ շփումներ կան։ Բայց շփումները ոչ միշտ են առաջընթացի նշան, դրանք կարող են առաջընթացի յոյս ներշնչել։ Ներկայումս այս արձագանքները ցոյց են տալիս, որ կողմերը միմեանցից ունեն որոշակի ակնկալիքներ։ Այս դէպքում Երեւանն ակնկալում է համաձայնագրի ստորագրում, իսկ Բաքուն՝ պահանջների կատարում, ինչպէս հերթական անգամ ցոյց տւեց Ադրբեջանի ԱԳ նախարարի այս վերջին մեկնաբանութիւնները»,- նման տեսակէտ է յայտնել վերլուծաբանը՝ շարունակելով, որ այդ ակնկալիքներն ակնկալիքներ էլ կը մնան եւ չեն վերաճի մեծ համաձայնութեան։ Վերլուծաբանը կողմերի միջեւ մեծ համաձայնութեան հիմքեր չի տեսնում։

Տարասովը կարծում է, որ Հարաւային Կովկասում որքան էլ իրավիճակը բարդ է, չկան վերջնական խաղաղութեան համար լուրջ հիմքեր, սակայն չկայ նաեւ իրավիճակի լուրջ բռնկման աշխարհաքաղաքական ռեսուրս։

«Տեսէք, թէ ինչ է կատարւում Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ, Հնդկաստանը Պակիստանին Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցութեան պատճառով սկսում է որոշակի փոքր սանկցիաներ կիրառել, իրավիճակը վերջին օրերին էլ աւելի է լարւել Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ, սա չի կարող չմտահոգել Ադրբեջանին, քանի որ այս հակամարտութիւնում Ադրբեջանն Իսրայէլի հետ յայտնւել է հակառակ ճամբարներում, բացի այդ՝ Հնդկաստանը նաեւ իսրայէլական ռազմական միջոցներ է օգտագործում, իսկ Պակիստանը՝ թուրքական։ Որքան էլ որ յաճախ նշում ենք, որ Ադրբեջանը ճկուն դիւանագիտութիւն է վարում, այս հակամարտութիւնում իրավիճակը բաւականին բարդ է Ադրբեջանի համար։ Խնդրայարոյց է շարունակում մնալ նաեւ Թուրքիա-Իսրայէլ յարաբերութիւնների հարցն Ադրբեջանի համար։

Ինչպէս տեսանք, Իսրայէլի վարչապետը յետաձգեց այցն Ադրբեջան, Ադրբեջանի միջնորդական ջանքերն Իսրայէլի ու Թուրքիայի միջեւ սիրիական իրավիճակի շուրջ չեն յաջողւում։ Սրանք բաւականին լուրջ խնդիրներ ու մարտահրաւէրներ են Ադրբեջանի համար, Ադրբեջանն այս ուղղութիւնների վրայ է կենտրոնանալու այս փուլում, ամենայն հաւանականութեամբ»,- ասել է վերլուծաբանը՝ արձանագրելով նաեւ ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում փոխըմբռնման պակաս։

Նրա կարծիքով՝ Կարմիր հրապարակից Ալիեւի բացակայութիւնը ցոյց տւեց, որ խնդիրները հարթւած չեն։

«Ուստի Հարաւային Կովկասում, չեմ կարծում, թէ կողմերն անմիջապէս կը ստորագրեն բանակցւած փաստաթուղթը, բայց լայնածաւալ բռնկում տեղի չի ունենայ, իսկ լարումներ, իհարկէ, հնարաւոր են, ինչպէս հակամարտութեան ողջ պատմութեան ընթացքում։ Այսինքն՝ ստատուս-քւօն շարունակւելու է»,- ասել է Տարասովը։

Related Articles

Back to top button