Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պատմառազմագիտական ամնեզիա….

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Արցախեան առաջին պատերազմում կրած պարտութիւնից յետոյ Ադրբեջանը 30 տարի չի կաշկանդւել յիշել այս կամ այն տարածքը, քաղաքը կորցնելու տարեթիւը, եթէ անգամ որպէս պարտւող կողմ՝ որոշակի բարդոյթներ եղել են:

Իհարկէ, ադրբեջանական կորուստները եւ հայկական կողմի ռազմական գործողութիւնները մատուցւել են այնպէս, ինչպէս ձեռնտու է Ադրբեջանին:

Բայց այստեղ կարեւորը դա չէ, այլ, որ, կրկնում ենք, իրենց կորուստների մասին Ադրբեջանի ղեկավարութիւնը, պետական քարոզչամեքենան չեն խորշել խօսել, յիշեցնել՝ երբեմն դրանք համարելով նաեւ քաղաքական դաւաճանութեան արդիւնք: Եւ ադրբեջանական հանրութեան մէջ պետականօրէն ներարկել են, որ ներքին եւ արտաքին, ռազմական գործօնների պատճառով կորսւած տարածքները վերադարձնելու են:

30 տարի յետոյ Ադրբեջանը՝ Իլհամ Ալիեւի գլխաւորութեամբ, հասաւ նպատակին: Թէ ինչպէս դա յաջողւեց, կանդրադառնանք մէկ այլ առիթով:

Ադրբեջանը տարածքային ամբողջականութեան սկզբունքի իրագործմանը ռազմական ճանապարհով հասնելուց յետոյ դէ իւրէ եւ դէ ֆակտօ չի փակել Արցախի առաջին պատերազմի էջը՝ իրենց պարտութեան եւ հայկական կողմի 30 տարի առաջ նւաճած յաղթանակի:

168.am-ը գրել է, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի «դատավարութեանը» Բաքուն քննութեան առարկայ է դարձնում պատերազմի ժամանակ իր հակառակորդի՝ հայկական կողմի ռազմական օպերացիաները՝ Շուշիի օպերացիա, Բերձորի ազատագրում, Աղդամի ազատագրում, Քարվաճառի ազատագրում եւ այլ պատերազմական դրւագներ:

Այսինքն, Ալիեւը պատրաստ է նոյնիսկ «մաքրել» Ադրբեջանի երբեմնի դաւաճան իշխանութեանը, կամ առնւազն չյիշել նրանց դաւաճանութիւնները, որովհետեւ անհրաժեշտ է սլաքն ուղղել Հայաստանի Հանրապետութեան եւ ՀՀ նախկին նախագահների դէմ:

Իսկ ի՞նչ ենք մենք անում:

Մայիսի 9-ն էր՝ ոչ միայն Հայրենական Մեծ պատերազմում յաղթանակի օրը՝ 80-րդ տարեդարձը, այլ նաեւ 1992 թւականին «Հարսանիք լեռներում» օպերացիայի յաջող իրագործման կամ Շուշիի ազատագրման օրը, նաեւ Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծման օրը:

Բայց արի ու տես, որ 2020 թւականի պատերազմից ամիսներ առաջ Շուշին, որ ըստ Նիկոլ Փաշինեանի՝ մեզ առաւել մեծ վստահութիւն էր տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրւայ նկատմամբ», պատերազմում պարտութիւնից յետոյ դարձաւ դժբախտ եւ դժգոյն քաղաք:

2019-ին 1992 թւականի մայիսին Շուշիի ազատագրումը Փաշինեանը համարում էր մեր պատմութեան ամենահերոսական եւ փայլուն էջերից, իսկ 44-օրեայի ժամանակ էլ Շուշիի անկման մասին լսելուց յետոյ, նա հրահանգել էր յհետ գրաւել քաղաքը, այլ հարց է՝ ինչպէս, ինչ ռեսուրսով, բայց այսօր նոյն Փաշինեանը հրահանգել է մոռանալ այդ երբեմնի ռազմական փայլուն եւ հերոսական էջը, որովհետեւ Շուշին Ադրբեջանին անցաւ, ինչի հետ կապւած, ամէն դէպքում, դեռ շատ դրւագներ կան բացայայտելու եւ հասկանալու:

Այսինքն, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լէյտենանտ Միքայէլ Արզումանեանին Շուշիի պաշտպանութիւնը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով 3 տարի անազատութեան մէջ պահելով՝ Փաշինեանն իրականում Շուշին կորցնելու թեման չի փակում, այլ աւելի շատ հարցեր են առաջանում:

Բայց եթէ Փաշինեանի քաղաքական կերպափոխումը, կամ, իր բառերով ասած՝ ինքնահայեցումը, կարելի է նոյնիսկ ինչ-որ տեղ մարսել, ապա նոյնը չի կարելի անել ՀՀ ՊՆ Վ. Սարգսեանի անւան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Յովհաննիսեանի դէպքում:

Արծրուն Յովհաննիսեանին մայիսի 9-ին կանչել էին Հանրային հեռուստաընկերութիւն, որ կոտրի Հայրենական Մեծ պատերազմին առնչւող ռուսական միֆերն ու ստերը՝ ապացուցելու, որ առանց ԱՄՆ-ի՝ Սովետը չէր կարող յաղթել, եւ այլն, ինչը մեծ ոգեւորութեամբ արեց, եւ էական չէ՝ օբիեկտի՞ւ, թէ՞ սուբիեկտիւ: Ի դէպ, նոյնիսկ այս պարագայում Արծրուն Յովհաննիսեանը դասաւանդման ենթակայ ռազմական դրւագներ առանձնացրեց:

Եւ թւում էր՝ իրեն ռազմական գիտնական, պատմաբան համարող անձը, որը նաեւ զինւորական է, եւ, բնականաբար, չի ընդունում, որ քաղաքական չէզոքութիւն է պարբերաբար խախտում, օրւայ առիթն օգտագործելով, ռազմական կամ ռազմագիտական քննարկման առարկայ կը դարձնէր նաեւ 1992 թւականի Շուշիի օպերացիան, կարող էր միաժամանակ 44-օրեայի ընթացքում քաղաքը մեր կողմից պահելու անկարողութեան, կամ, ինչպէս ինքն էր ասում՝ Շուշիի ճակատամարտի, այդտեղ Ադրբեջանի յաղթելու, ինչո՞ւ չէ՝ «Գէոռբագէոռ» օպերացիայի դրւագները:

Բայց ոչ մի յիշատակում չեղաւ Շուշիի մասին՝ անգամ օրւայ խորհրդի համատեքստում, եւ ոչինչ, որ գնդապետի ուսադիրներ կրող Յովհաննիսեանը երկար տարիներ եղել է Շուշին ազատագրած հրամանատարներից Սէյրան Օհանեանի մամուլի քարտուղարը, եւ պարբերաբար, անգամ՝ 44-օրեայ պատերազմի օրերին, շեշտել է գեներալի՝ Շուշիի ազատագրմանը մասնակցութիւնը:

Բնականաբար, Նիկոլ Փաշինեան-Աննա Յակոբեան զոյգի բարեհաճութիւնը վայելող Արծրուն Յովհաննիսեանը չի յիշել նաեւ ՊԲ-ի ստեղծման պատմական փաստը, թէպէտ ժամանակին հպարտութեամբ վերլուծում էր, թէ ինչպէս է ՊԲ-ն ոչնչացրել ադրբեջանական յատուկ նշանակութեան ջոկատի զինծառայողներին, յետոյ՞ ինչ՝ այսօր ՊԲ գոյութիւն չունի, բայց մենք պատմական փաստերից եւ տեղի ունեցած ռազմական օպերացիաներից ենք, չէ՞, խօսում:

Գուցէ մենք ենք միամտութիւն դրսեւորում՝ պահանջելով զինւորականից եւ ռազմական գիտնականից ոչ քաղաքական վարքագիծ՝ մոռանալով 44-օրեայ պատերազմի օրերին այդ նոյն անձի տեղեկատւական «անհամապատասխանութեանը», մեղմ ասած:

Նշենք, որ այդ ժամանակ ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանն ունէր մամուլի խօսնակ, բայց Փաշինեանը եւ Փաշինեանական ՊՈԱԿ-ը որոշել էին, որ պատերազմական տեղեկատւութիւնը եւ քարոզչութիւնը պիտի իրականացնի Արծրուն Յովհաննիսեանը, ով այդ ժամանակ ՀՀ ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականութեան գլխաւոր վարչութեան կրթութեան վարչութեան պետի պաշտօնում էր, որից ազատւեց պատերազմից յետոյ: 44-օրեայ պատերազմի օրերին տեղեկատւական խառնաշփոթն առանձին քննարկման թեմա է:

Ի դէպ, հետաքրքիր է՝ Ռազմական ակադեմիայի ղեկավարութեան համար նոյնպէ՞ս Առաջին պատերազմի հայկական ռազմական փայլուն օպերացիաները փակւած թեմա են: Եթէ այո, ուրեմն՝ ցաւալի է ասել՝ Բաքւի շնորհիւ է, որ դրանք դեռ երկար չեն մոռացւելու եւ անընդհատ «տաք» են պահւելու….

168.am

Related Articles

Back to top button