ԳաղափարականՀայաստան - Արցախ

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան անդամներին

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Երիտասարդական միութեան անդամներին՝ ուղեկցութեամբ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի։

Իր հայրական օրհնութիւնը փոխանցելով միութեան ներկայացուցիչներին՝ Նորին Սրբութիւնն ընդգծել է, որ վերջիններիս այցը հայոց հոգեւոր կենտրոն վկայութիւնն է Հայ Եկեղեցու հանդէպ որդիական սիրոյ եւ հաւատարմութեան։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել երիտասարդներին ամէն տարի ապրիլի 23-ին դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթի կազմակերպման համար, որով բազում հայորդիներ, առաջնորդութեամբ նաեւ եկեղեցականների, իրենց յարգանքն ու խոնարհումն են բերում Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակին։

Նորին Սրբութիւնը նշել է, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերի սրբադասմամբ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը նոր խորհուրդ է ստացել, դարձել հայ ժողովրդի հոգու, մտքի, գիտակցութեան պայծառակերպութեան սրբավայր, հոգեւոր ուժի եւ զօրութեան ակունք։ Եւ այս նւիրական վայրում այլեւս հայցում ենք մեր նահատակների բարեխօսութիւնը, որպէսզի առ Աստւած հաւատքով եւ ապաւինութեամբ կարողանանք միասնաբար դիմակայել հայրենիքի եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, իրականութիւն դարձնել համազգային մեր նւիրական իղձերը։

Ամենայն հայոց կաթողիկոսը նաեւ կարեւոր է համարել, որ աշխարհասփիւռ հայ ժողովուրդն ամենուր շարունակի համախումբ ջանքեր գործադրել յանուն Հայոց Ցեղասպանութեան դատապարտման, աշխարհում ցեղասպան նոր ոճրագործութիւնների կանխարգելման եւ արդարութեան յաղթանակի։

Հանդիպմանը Նորին Սրբութիւնն անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, անվտանգային սպառնալիքներին։ Հայոց Հայրապետն ընդգծել է, որ տիրող ծանր իրավիճակից հնարաւոր է դուրս գալ միմիայն հայրենիքի ապագայի տեսլականի շուրջ համազգային միաբանութեան հաստատման ճանապարհով՝ հեռացնելով մեր կեանքից ատելութիւնն ու թշնամանքը, հատւածական շահերի նկրտումները։

Առկայ իրադրութեան մէջ Ամենայն հայոց կաթողիկոսը հրամայական է նկատել հոգեւոր վերարթնութիւնը՝ յորդորելով երիտասարդներին ակտիւօրէն ներգրաււել հոգեւոր-եկեղեցական կեանքում՝ միշտ ամուր պահելով հաւատքն առ Աստւած, սէրն ու նախանձախնդրութիւնը ազգային ու հոգեւոր արժէքների, նախնեաց աւանդների ու ժառանգութեան նկատմամբ։

Հանդիպմանը Հայոց Հայրապետը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ եւ ազգապահպան առաքելութեանը, հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարմանն ուղղւած Մայր Աթոռի ջանքերին, Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին։

Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը վերստին իր օրհնութիւնն է բաշխել հայորդիներին՝ աղօթելով, որ յարուցեալ Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջը հովանի լինի մեր հայրենիքին եւ ողջ հայոց ազգին։

Arfd.am

Related Articles

Back to top button