Սէյրան Օհանեան. «Արարատը հայ ժողովրդի համար զուտ խորհրդանշական իմաստ ունի»

«ԱԼԻՔ» – Արարատը հայ ժողովրդի համար զուտ խորհրդանշական նշանակութիւն ունի եւ հարեւան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի արտայայտում։ Այս մասին ըստ News.am-ի՝ ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրոյցների ժամանակ յայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարութեան աղմկայարոյց որոշումը՝ այս տարւայ նոյեմբերից սահմանային անձնագրային կնիքներից Արարատ լեռան պատկերը հանելու վերաբերեալ։
«Չի բացառւում, որ յաջորդ քայլը լինի Արարատ լեռան պատկերների լիարժէք հեռացումը բոլոր այն խորհրդանիշներից, փաստաթղթերից եւ կնիքներից, որոնք Հայաստանը օգտագործել է մինչ օրս»,- ասել է Օհանեանը։
Նրա կարծիքով՝ «իրական» եւ «պատմական» Հայաստան հասկացութիւնները ստեղծւել են արհեստականօրէն։ «Անկախութիւն ձեռք բերելուց ի վեր մենք ապրել ենք այս իրականութեան մէջ եւ միեւնոյն ժամանակ պահպանել մեր նախնիների կողմից մեզ փոխանցւած պատմական աւանդոյթները»,- ընդգծել է խորհրդարանականը։
Պատգամաւորը նաեւ մտահոգութիւն է յայտնել ազգային ինքնութեան հետ կապւած խորհրդանիշները վերացնելու փորձերի վերաբերեալ։
Օհանեանի խօսքով՝ իշխանութիւնները փորձում են ամբողջութեամբ վերացնել հայկական ինքնութիւնը կազմող տարրերը։ «Սակայն դա կարելի է անել միայն հարկադրանքի միջոցով»,- նշել է պատգամաւորը։
Նա համոզւած է, որ նման քայլերը կարող են հետեւողական քաղաքականութեան մաս լինել, որն ուղղւած է բացառապէս Թուրքիային ձեռնտու դիրքորոշումների ընդունմանը։ «Իրադարձութիւնների նման զարգացումը կարող է երկարաժամկէտ հետեւանքներ ունենալ։ Չէ որ այս խորհրդանիշները ոչ միայն մեր պատմական ժառանգութեան մասն են։ Դրանք ազգային ինքնութեան հիմնարար տարրեր են։ Դրանց վերացումը հեռանկարային լրջագոյն սպառնալիք է»,- ընդգծել է Օհանեանը։