Համախմբման ու հասարակական հաշտութեան դժւար, բայց յուսադրող ճանապարհով
Հայ Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանն ու նրա գլխաւորած «Տաւուշը՝ յանուն Հայրենիքի» շարժումը վերջին օրերին բաւականին հետաքրքրական եւ ուշադրութեան արժանի արդիւնքներ արձանագրեցին: Խօսքն, իհարկէ, հասարակութեան ամենատարբեր շերտերի, այդ թւում՝ կոնկրետ մասնագիտութեան ներկայացուցիչների մեծ խմբերի հետ հանդիպումների մասին է: Վերջին օրերին Բագրատ Սրբազանը հանդիպումներ ունեցաւ բժիշկների, դասախօսների ու գիտնականների, արւեստի ու մշակոյթի գործիչների, իրաւաբանների, ռազմական գործիչների եւ զինւորականների հետ: Որոշակի առումով կարելի է ասել, որ երեկ էլ Բագրատ Սրբազանը իւրօրինակ «հանդիպում» ունեցաւ Կիրանցը իշխանութեան հրահանգով բլոկադայի ենթարկող ոստիկանութեան բազմաթիւ ներկայացուցիչների հետ:
Թէպէտ, նման մի հանդիպում արդէն եղել էր օպերայի բլոկադայի՝ փաշինեանական ոստիկանութեան «փառայեղ» յատուկ գործողութեան ժամանակ: Սա՝ բոլորի պրկւած նեարդայնութիւնն ու ընդհանուր միջավայրը թեթեւակի լիցքաթափելուն միտւած բարի կատակ որպէս: Թէպէտ, ոստիկանութեան հետ Սրբազան Հօր «հանդիպումներն» էլ որոշակի դիտարկումների լաւ առիթ են: Բայց վերադառնանք «Տաւուշը՝ յանուն Հայրենիքի» շարժումը գլխաւորող Բագրատ Սրբազանի վերջին օրերի դահլիճային ու բացօթեայ հանդիպումներին: Քաղաքական առումով, իհարկէ, առաջինը պէտք է առանձնացնել Հայաստանում գործող շուրջ 40 կուսակցութիւնների, քաղաքական շարժումների, ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումը: Այն, իր տեսակով, իհարկէ, բացառիկ էր:
Հէնց միայն այն իրողութիւնը, որ շուրջ չորս տասնեակ ամենատարբեր կուսակցութիւնների, ուժերի ներկայացուցիչներ արձագանգել էին հանդիպելու վերաբերեալ Բագրատ Սրբազանի առաջարկութեանը, ինքնին խօսուն է: Դա, այսպէս ասենք, ցուցիչ է: Ընդորում, բոլոր մասնակիցները, որքան կարելի էր պատկերացում կազմել հանդիպմանը յաջորդած (հասկանալի պատճառներով հանդիպման քննարկումային մասը դռնփակ անցաւ) մեկնաբանութիւններից, համակարծիք են թէ՛ օրւայ իշխանութեանը հեռացնելու, թէ՛ հնարաւոր անցումային կառավարութեան ձեւաւորման ու դրա հաւանական ղեկավարի հարցերում: Ամենաուշագրաւն այն է, որ կուսակցութիւնները, որոնց մի մասի կոնկրետ ներկայացուցիչներ առանձին-առանձին ոչ մի պարագայում միմեանց հետ գուցէ «բարեւ-բարլուս» չէին փոխանակի, Բագրատ Սրբազանի առաջարկութեամբ նստեցին նոյն սեղանի շուրջ: Հայաստանի գոնէ վերջին տասնամեակների պատմութեան մէջ դժւար է յիշել մէկ այլ նման իրադարձութիւն, չնայած փորձեր եղել են:
Ընթացքում, իհարկէ, չի բացառւում, որ կը լինեն ընթացքից շեղւողներ, «նախկին-ներկայ-ապագայ» անողներ, վերմակն իրենց վրայ քաշողներ: Բայց երեւոյթն ինքնին, որպէս առաջին քայլ, շատ հետաքրքիր էր: Ինչ վերաբերում է մյուս հանդիպումներին, ապա «Նեմեսիս»-ի գործողութեան յուշակոթողի մօտ դասախօսների, գիտնականների հետ հանդիպումը եւս իւրօրինակ բովանդակային նրբերանգ ուներ: Հաւաքւածների մեծ մասը մարդիկ էին, որոնք յայտարարութեամբ պահանջում են կոնկրետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Հանդիպման պահին այդ պահանջին միացել էր 150 դասախօս: Արւեստի ու մշակոյթի գործիչների հետ հանդիպումն էլ էր յատկանշական: Երբեք ամենատարբեր ուղղւածութեան, հայեացքների բաւականին լայն տարբերութեամբ գրող, նկարիչ, արւեստաբան, երգիչ, քանդակագործ դեռ նման մեծ քանակութեամբ մէկ տեղում չէր ժողովւել: Յատկանշական է, որ հանդիպումից անմիջապէս յետոյ կամ, աւելի ճիշտ, հէնց հանդիպման ընթացքում դրսեւորւած նախաձեռնութեամբ, արւեստի ու մշակոյթի մի քանի տասնեակ գործիչներ ինքնաբուխ ու տպաւորիչ երգեցիկ ակցիա իրականացրեցին կառավարութեան շէնքի մօտ:
Անհնար էր առանց խղճահարութեան ու դրան միախառնւած հեգնանքի կամ ծիծաղի հետեւել, թէ մի քանի տասնեակ արւեստագէտների սիմւոլիկ «պատը» տեսնելով՝ ոստիկաններն ինչպէս էին վահաններն ու դագանակները վերցրած վազում, որպէսզի կառավարութեան շէնքի առաջ «պատ» կազմեն: Նախաձեռնութիւնն, ի դէպ, շարունակւեց նաեւ յաջորդ օրը, երբ արւեստի ու մշակոյթի գործիչները որոշեցին մեկնել Կիրանց, բայց պարզւեց՝ այնտեղ արդէն ոստիկանութիւնը «պատնէշային» դեսանտ է իջեցրել՝ երդւելով, որ ոչ մի գնով թոյլ չի տայ հայ մարդկանց… հանդիպել Կիրանցում ապրող հայ մարդկանց: Նմանապէս կարելի է առանձնացնել պահեստազօրի կամ պաշտօնաթող սպաների (այն եւս դռնփակ անցաւ), ապա նաեւ իրաւաբանների հետ հանդիպումները: Վերջինը բաց հանդիպում էր, ու բոլորը տեսան, որ Հայաստանի արդի իրաւագիտութեան բնագաւառի գրեթէ բոլոր անւանի, ծանրակշիռ ու յայտնի դէմքերը եկել էին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:
Յաւելենք, որ շարժման ծաւալմանը զուգընթաց, ինչպէս յայտնի է, ձեւաւորւել է «Հինգ իրաւապաշտպաններ» մասնագիտացւած խումբ, որի ներկայացուցիչներն իրաւական օգնութիւն են ցուցաբերում իշխանութիւնների հրահանգով բերման ենթարկւող, ձերբակալւող հարիւրաւոր ակտիւ հայրենակիցների: Ըստ որում, չնայած խումբը կոչւում է «Հինգ իրաւապաշտպաններ», բայց, ինչպէս ընդգծում է փաստաբան Ռուբէն Մելիքեանը, արդէն իսկ սեփական նախաձեռնութեամբ այդ գործին միացել է աւելի քան 30 այլ փաստաբան: Սրանք բոլոր դետալներ են, որոնք ընդգծում են մի շարք կարեւոր նրբութիւններ: Ամենից առաջինը՝ այս մանրամասնութիւնները պարզորոշ յուշում են, որ Բագրատ Սրբազանի գլխաւորած շարժումը ոչ թէ պարզապէս ծաւալւում է, այլ ընդլայնւում է որակապէս, ստանում է հանրութեան ամենատարբեր շերտերի, մասնագիտական տարբեր խմբերի աջակցութիւնը եւ հաւանութիւնը:
Չենք վարանի ասել՝ հասարակութեան սերուցքի աջակցութիւնն ու հաւանութիւնը: Սա գործնականում ապահովելու է այն հէնքը, որն այլ կերպ կարելի է բնորոշել որպէս հանրային լայն միակամութիւն, միասնութիւն, որը հանրագումարում պէտք է որ բերի Սրբազանի ասած՝ «լայն հաշտութեանը»՝ յանուն հայրենիքի գոյութեան, ինչպէս եւ ստի, կեղծիքի, նւաստացման հանդէպ յստակ անհաշտութեանը: Առաջադրելով ստի ու կեղծիքի, ազգային նւաստացման եւ ուղղակի պետութեան կործանմանը տանող իշխանութիւնից ձերբազատւելու նպատակ՝ Բարգրատ Սրբազանն ու այս դէպքում՝ շարժման նախաձեռնողները իրենց հաշիւ տւել էին, որ 1 հանրահաւաքով կամ քաղաքացիական ակտով դա չի լինելու: Ընթացքը ցոյց է տալիս, որ նրանք որոշակի հաշւարկներ ունէին պայքարի որոշ տեւականութեան հետ կապւած:
Միւս կողմից՝ առաջադրելով հասարակական լայն հաշտութեան զուգահեռ նպատակ՝ Բագրատ Սրբազանը, հասկանալի է, հանրութեան ակտիւ հատւածի եւ, բնականաբար, ՀԱԵ համախոհ հոգեւորականների աջակցութեան պայմաններում ընտրել է բաւականին դժւար, բայց եւ հետաքրքիր ճանապարհ: Ու այն, դատելով ընթացքից, կարողանում է յաղթահարել: Ըստ էութեան, «Տաւուշը՝ յանուն Հայրենիքի» շարժումը, Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ, Նիկոլ Փաշինեանի ոտքերի տակից տանում է այն «հողերը», որոնց վրայ խարսխւած է նրա իշխանութիւնը, որի միջոցով էլ Փաշինեանը մեր ոտքերի տակից փորձում է տանել մեր հողերը: Փաշինեանի «գործիքը» հասարակութեան մէջ ատելութիւն ու պառակտում սերմանելն է, Բագրատ Սրբազանը խօսում, քարոզում եւ բացատրում է սիրոյ, ճշմարտութեան, հաշտութեան, միաւորման նշանակութեան մասին: Ի լրումն, Բագրատ Սրբազանը կարողացել է բաւականին արդիւնաւէտ կերպով Փաշինեանին զրկել նրա միւս «գործիքից»:
Այսօր, կրկնենք, «Տաւուշը՝ յանուն Հայրենիքի» շարժումն է ձեւաւորում քաղաքական օրակարգ, ստեղծում իրադարձութիւններ, զուգահեռաբար՝ գրաւելով նաեւ հիմնական լրահոսը: Այդ ամէնի գործնական արդիւնքները պէտք է որ չուշանան:
«Փաստ»