Հայաստանը սիրում է ականջներով, իսկ ինչո՞վ է մտածում
Հայ-ադրբեջանական բանակցութիւնների ներկայիս փուլն առաւել բաց է դարձրել այն գէոպոլիտիկ խաղը, որի մէջ ներքաշւեց Հայաստանը Փաշինեանի աւանտիւրիստ ձեռամբ: Թէ՛ գործընթացի բուն կողմերը, թէ՛ տարածաշրջանային եւ գլոբալ շահագրգիռ խաղացողները յստակ բացայայտել են իրենց «կարմիր գծերը» կոնֆլիկտի հնարաւոր փաստաթղթային հանգուցալուծման եզրափակիչ փուլում:
Մերֆիի հանրայայտ օրէնքներից մէկն ասում է, որ, որպէս կանոն, ժամանակի 20%-ը ծախսւում է խնդրի 80%-ը լուծելու համար, իսկ ժամանակի մնացած 80%-ը գնում է խնդրի վերջին 20%-ի կարգաւորման համար:
Գրեթէ բառացի նոյն վիճակն է հայ-ադրբեջանական տրեկի վրայ. Փաշինեանը յայտարարում է, որ պատրաստ է պայմանագրի 70%-ը, եւ վերջին 30%-ի վրայ շահագրգիռ կողմերը սկսել են ծախսել աւելի շատ ժամանակ:
Փորձենք համառօտագրել խնդրով զբաղւող կողմերի դիրքերը տւեալ պահին.
- Հայաստանը, իսկ աւելի ճիշտ՝ այն ներկայացնող Նիկոլ Փաշինեանը, զիջելով գրեթէ բոլոր ազգային շահերի տիրոյթում՝ Արցախի կորուստ, ադրբեջանական ագրեսիա, անկլաւներ եւ այլն, կենտրոնացել է 29.800 քկմ.-ի եւ Ռուսաստանին դուրս մղելու գերխնդիրը լուծելու վրայ: Նիկոլին խաղաղութեան պայմանագիրը պէտք է ցանկացած գնով, սակայն ոչ թէ բուն խաղաղութեան, այլ իր առջեւ դրւած խնդիրը լուծելու (Ռուսաստանի մասով) եւ սեփական իշխանութիւնն ամրապնդելու համար:
- Ադրբեջանը բացարձակապէս շահագրգիռ չէ ինչ-որ թղթի կտոր ստորագրելու մէջ: Ալիեւն առանց այդ էլ ստացել կամ ստանում է իր ուզածը կոմբինացւած ճնշումների միջոցով եւ կարող է իրեն թոյլ տալ շռայլ գէոպոլիտիկ շոուներ բեմադրել՝ չգնալով արեւմտեան բանակցային հարթակներ, հաճոյանալով Ռուսաստանին, իսկ իրականում հետապնդելով բացառապէս սեփական շահը:
- Ադրբեջանը դժգոհ է արեւմտեան՝ անգամ ֆորմալ յայտարարութիւններից, ի աջակցութիւն Հայաստանի եւ Արցախի դէմ իրականացւած էթնիկ զտումների «հումանիտար հետեւանքների» յիշատակումներից եւ պահանջում է Արեւմուտքից դադարեցնել թէկուզ զուտ ձեւական մանեովրները: Արեւմուտքը դա անել չի կարող, որովհետեւ հէնց նման, ոչ մի ռէալ ազդեցութիւն չունեցող, բայց հայերիս ականջի համար հաճելի յայտարարութիւններն են Ռուսաստանը Հայաստանից դուրս մղելու օպերացիայի հիմնական զէնքը: Հայաստանը, ինչպէս կինը, սիրում է ականջներով…
- Սա է պատճառը, որ ԱՄՆ Պետդեպ-ն իր վերջին արձագանգի մէջ խրախուսում է գոնէ երկկողմ ձեւաչափով եզրափակել բանակցութիւնները: Այս առաջարկը բխում է հէնց նրանց շահերից, որովհետեւ իրենց հետաքրքրող հիմնական թեման՝ Ռուսաստանի դէմ պայքարը, Նիկոլը երաշխաւորել է:
Արդեօք երկկողմ ձեւաչափը ձեռնտո՞ւ է Հայաստանին: Անշուշտ, ո՛չ: Եւ դրա պատճառները նոյնպէս ջրի երեսին են: Երկկողմի դէպքում բանակցային կարողութիւններով Նիկոլը եւ իր դրածոները, աւա՜ղ, զիջում են ադրբեջանցիներին՝ լինելով նաեւ ջախջախւած իշխանութիւնների ներկայացուցիչներ: Բայց առաւել կարեւոր է միւս հանգամանքը. երկկողմ ձեւաչափի մէջ բացակայում են միջազգային երաշխիքները, որոնք գոնէ ֆորմալ առումով կարող էին զսպաշապիկ լինել Ադրբեջանի իրական ախորժակի համար:
- Ռուսաստանը, որն անգամ սովորական պայմաններում մեծ սէր չի ունեցել բազմաշերտ եւ նուրբ դիւանագիտական գործելաոճի նկատմամբ, հիմա, շարունակւող ուկրաինական պատերազմի պարագայում, առաւել եւս «զահլա» չունի, եւ ուժեղացնելով սեփական դիրքերը Հարաւային Կովկասի այլ հատւածներում (Վրաստան, Աբխազիա, Հարաւային Օսիա, Ադրբեջան), ըստ ամենայնի, յոյսը դրել է ռեգիոնում հարցերը Թուրքիայի, ում ազդեցութեան տակ է ընկնելու Հայաստանն արեւմտեան վեկտորի շարունակման պարագայում, եւ Իրանի հետ Հարաւային Կովկասը «երեքի միջեւ», առանց դրսի ուժերի տնօրինելու վրայ:
Փաշինեանի գէոպոլիտիկ աւանտիւրիզմը ստանում է նաեւ զաւեշտալի բացատրութիւններ, ինչպէս, օրինակ, «ՀԱՊԿ չգնացի, որ չլեգիտիմացնեմ ադրբեջանական օկուպացիան» բանաձեւը: Գուցէ Հ1-ի կողմից ուղեղների լւացման զոհ դարձող մի շերտի վրայ դա ազդեցութիւն ունի, բայց քիչ թէ շատ բանական շրջանակները, յատկապէս՝ դրսում, շատ լաւ հասկանում են, որ դա «փրփուր է»: Նախ, Փաշինեանը վերջին շրջանում բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլեւ ԵԱՏՄ եւ ԱՊՀ ձեւաչափերը, որոնք բացարձակ կապ չունեն անվտանգային հարցերի հետ:
Եւ, ամենակարեւորը, Փաշինեանը վաղուց լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դէմ՝ շարունակելով Ալիեւի բանակցութիւններն ադրբեջանական ագրեսիայի ամէն նոր ալիքից յետոյ՝ սկսած 2021 թ. մայիսից առ այսօր:
Ինչպէս տեսնում ենք, բոլորը, բացի մեզանից, մտածում են իրենց շահերի մասին: Իսկ մենք շարունակում ենք սիրել ականջներով, բայց այդպէս էլ պարզ չէ, թէ ինչով ենք մտածում:
ԱՐՄԷՆ ԱՇՈՏԵԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշէն» ՔԿՅ
17.11.2023 թ.