Իշխանափոխութիւն
Մեծ տարբերութիւն գոյութիւն ունի իշխանափոխութեան եւ յեղափոխութեան միջեւ, իշխանափոխութիւնը առհասակ տեղի է ունենում բռնատիրական երկրներում, որոնց իշխանաւորներն իրենց տիրապետութեան ընթացքին, աշխատում են ոչ թէ ի շահ հայրենիքի ու ժողովրդի՝ այլ ի վնաս նրա, երկրում համերաշխութեան մթնոլորտ ստեղծելու փոխարէն՝ երկպառակտութիւն, ժողովրդի եւ հայրենիքի շահերը պաշտպանելու փոխարէն պաշտպանում են թշնամիների շահերը եւ իշխանութիւնը ծառայեցնում են իրենց քմայքներին ու շահերին:
Յեղափոխութիւն նշանակում է վատից դէպի լաւագոյնի գնալու ընթացք, որի նպատակն է քաղաքական, հասարակական եւ տնտեսական արմատական փոփոխում, իշխող կարգերի տապալում եւ նոր յառաջադէմ կարգերի հաստատում:
Ցանկացած երկրում իշխանափոխութիւնը կատարւում է հետեւեալ գործողութիւնների մոջոցով.
1. Ժողովրդական լայնածաւալ խաղաղ ցոյցերով, գործադուլներով եւ աննահանջ, անընդհատ եւ ոչ թէ ընդհատ պայքարով, ընդհուպ մինչեւ երթեւեկութեան խափանման եւ երկրի բնականոն ընթացքի կաթւածահարման եւ օդանաւակայանի շրջափակման, որին պիտի մասնակից լինեն երկրի բոլոր շերտերը (քաղաքական, հասարակական, համալսարանական, դպրոցական, բանւորական…, նոյն իսկ կրօնական եւ զինւորական անհատներ եւ կազմակերպութիւններ), քանզի այդ միասնական ծովածաւալ ժողովրդի դիմաց ապահովական ուժերը կընկրկեն եւ իշխանութիւնը եւս սարսափահար եւ գլուխը կորցրած հրաժարական կը ներկայացնի: Նման ժողովրդավար ձեւով իշխանափոխութիւնը նախ արիւնահեղութեան տեղիք չի տալիս, ապա արժեւորւում է թէ՛ միջազգային հանրութեան կողմից, եւ թէ՛ ազգային միասնականութիւն է ստեղծւում: Ժողովրդական այս շարժման համար խիստ անհրաժեշտ է ունենալ ժողովրդի կողմից սիրւած ու յարգւած առաջնորդ:
2. Զինւորական յեղաշրջմամբ տեղի ունեցած իշխանափոխութիւնը կատարւում է բանակի հրամանատարութեան եւ շարքային զինւորների կողմից բռնի կերպով եւ ոչ ժողովրդի լայն մասնակցութեամբ, որին հետեւում է զինւորական բռնապետութիւն, որն չի ընկալւում համաշխարհային համայնքի կողմից եւ դժգոհութեան մեծ ալիք է առաջացնում ժողովրդի մօտ: Ժողովուրդը սրտբաց կերպով ընդունում է զինւորականների մասնակցութեամբ ժողովրդական ըմբոստ շարժումը, բայց չի հանդուրժում նոյն զիւորականների բռնապետութիւնը: Պատահում է նաեւ երբ ազատասէր եւ գաղափարական զինւորականներն են յեղաշրջում կատարում, որոնք կարճ ժամանակից յետոյ կազմակերպում են ընտրութիւններ եւ երկրի ղեկն յանձնում են ժողովրդի ընտրեալ իշխանաւորներին:
3. Ժողովրդական զինեալ պայքարով, որի գործադրման համար անհրաժեշտ է ունենալ հաւատարիմ զինավարժ մարտական խմբեր, համապատասխան քանակի եւ տեսակի զէնքեր եւ յստակ մարտավարական ճանապարհային քարտէզ: Սոյն գործողութեան զէնքերի մատակարարման եւ տեղափոխութեան համար, անհրաժեշտ է ունենալ բարեկամ երկրներից որեւէ մէկի հաւանութիւնը եւ համագործակցութիւնը: Այս գործողութիւնը ծախսատար լինելուց եւ խիստ պատասխանատւութիւն կրելուց բացի, իր մէջ պարունակում է եղբայրասպանութիւն եւ արիւնահեղութիւն, որն ընկալելի չէ թէ՛ ազգային, եւ թէ՛ միջազգային հանրութեան կողմից:
4. Օրինական ընտրութիւններով իշխանափոխութիւն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործելով արդիական բոլոր միջոցները, կազմել լայնածաւալ ժողովրդամատչելի քարոզչական ծրագիր, որն զանազան հաղորդակցման միջոցներով ցրելուց բացի, անհատ քարոզիչների միջոցով, թաղ առ թաղ, գիւղ առ գիւղ ժողովրդի մէջ մտնելով պէտք է համոզի նրանց, որպէսզի նախ մասնակցեն քւէարկութեանը եւ քւէարկեն ի շահ իրենց թեկնածուի կամ թեկնածուներին ու քւէարկութեան օրն էլ ըստ երկրի ընտրական օրէնսդրութեան, խախտումները կանխելու համար, խիստ հսկողութիւն իրականացնեն քւէարկութեան ընթացքի վրայ:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Նոր Ջուղա
18.11.2023 թ.