Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սպրդող «խաղաղութեան պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում»

ՁԻՒՆԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

Արտակարգ եւ լիազօր դեսպան,

«Մայր Հայաստան» շարժման անդամ

 

«Կառավարութեան նկատմամբ վստահութեան մակարդակը չափազանց ցածր է, ցաւօք սրտի, այն լիովին արժանի է այդ ցածր վստահութեանը, քանի որ մեր կառավարութիւնը ստում է, ստում է եւ ստում, եւ այն այլեւս չի էլ փորձում ճշմարտութիւնն ասել, այն փորձում է պատմոյթ (նարատիւ) յօրինել»:

Ցանկացած ընթերցողի կը թւայ, թէ այս բառերն ասւել են ՀՀ գործող իշխանութիւնների մասին, սակայն սա ամերիկեան գործող վարչակարգի մասին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, մօտ երկու տասնամեակ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ խորհրդական, աշխարհի լաւագոյն ուղեղներից մէկը համարւող Ջեֆրի Սաքսի խօսքերն են «չեղարկման քաղաքականութեան» զոհ դարձած, «Ֆոքս» հեռուստատեսութեան նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ վերջինիս հարցազրոյցի ժամանակ: Այնուհանդերձ, այս նոյն բնորոշումը հաւասարապէս կիրառելի է արեւմտեան աշխարհի գրեթէ բոլոր ռազմաքաղաքական ղեկավարների համար, ովքեր ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան ու առաջմղման դրօշը ծածանելով, ստի ու կեղծիքի քաղաքականութեամբ, սեփական գերակայութիւնը պահպանելու եւ տարածելու օրակարգին համահունչ, ստեղծել են մի պատրանքային աշխարհ, որտեղ լիբերալ արժէքների ներքոյ իրականացւում է մարդկային ու հասարակական խեղման գործընթաց՝ կամակատար հանրոյթ ստանալու համար: Եւ այդ նպատակներին հասնելու համար միջոցների մէջ խտրականութիւն չի դրւում, ինչպէս ցոյց տւեց կորոնավիրուսի համաճարակը եւ արցախահայերի էթնիկ զտումը՝ տոտալ շրջափակման ու բռնի տեղահանութեան միջոցով:

Սակայն, ինչպէս Աբրահամ Լինքոլն է նշել. «Հնարաւոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»: Արթնացման առաջին նշանակալից պտուղները գրանցւեցին Եւրախորհրդարանի ընտրութիւնների ժամանակ, յաջորդ փուլին ականատես կը լինենք յաջորդ երկու շաբաթների ընթացքում, երբ խորհրդարանական ընտրութիւններ կանցնեն Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ, ըստ հանրային տրամադրութիւնների, գործող վարչակարգերը կը կորցնեն տասնամեակից աւելի վայելած գերիշխող դիրքերը: Վերջնական որոշումներ կը կայացւեն եւրոպական ղեկավարների մասով՝ ակնյայտօրէն պատմութեան գիրկն ուղարկելով կոռուպցիոն սկանդալների մէջ թաթախւած ֆոն դեր լայեններին, դրախտային մտածողութեամբ ապրող բորելներին ու միշելներին: Վերջիններիս ստի ու կեղծիքի քաղաքականութեան հետեւանքները ամենօրեայ կտրւածքով իր վրայ է զգում հայ ժողովուրդն ու Հայաստան պետութիւնը՝ գրանցելով կորուստ կորստի յետեւից պատրանքային խոտումների դիմաց:

Յունիսի վերջին նշանակալից զարգացումներ են սպասւում նաեւ Միացեալ Նահանգներում: Յունիսի 27-ին նշանակւել են ամերիկեան պատմութեան մէջ ամենավաղ նախագահական դեբատները: Տարբեր մեկնաբանութիւններ կան այս առումով: Սակայն, տպաւորութիւն է ստեղծւում, որ իշխող կուսակցութեան ներկայացուցիչներն արդարացւած պատճառ են ստեղծում իրենց թեկնածուի՝ Ջօ Բայդէնի փոփոխութեան համար: Փորձարկւել են տարբեր հնարաւոր թեկնածուներ, այդ թւում՝ տիկին Օբաման, յոյս ունենալով հանրային աջակցութիւն գեներացնել նաեւ գենդերային տարրն օգտագործելով, սակայն ապարդիւն: Եւ, ակնյայտօրէն, որոշում է կայացւել «փորձւած թանն անփորձ մածնով չփոխել»՝ առաջադրել Բարաք Օբամայի թեկնածութիւնը, նաեւ այն պատճառով, որ ընտրարշաւի համար շատ քիչ ժամանակ է մնում: Բայց գործող վարչակազմը գործում է «բիզնես սովորականի պէս» տրամաբանութեամբ, առանց հասկանալու, որ ամերիկեան քաղաքական դաշտի պահանջները փոխւել են, քաղաքացիական պատերազմի շեմին յայտնւած հանրութիւնն իրական փոփոխութիւն է ուզում, ոչ զուտ դերակատարների տեղափոխում: Արդէն իսկ մէկ անգամ բողոքի ու դժգոհութեան քւէարկութեամբ մերժել են Հիլարի Քլինթոնին, Թրամփի դէմ ներկայիս քաղաքական հետապնդումներն աւելի ու աւելի են բզկտում խորապէս բաժանւած հասարակութիւնը՝ գրեթէ անհնարին դարձնելով ընդունելի արդիւնքով ընտրութիւնների անցկացումը:

Բայդէնի՝ առողջական վիճակի հանգամանքով փաստական իշխանութիւն չիրականացնելու արդիւնքում առաջ են մղւել երկրորդ էշելոնի դերակատարները, ովքեր շատ լաւ հասկանալով առկայ ռիսկերը՝ աւելի են արագացնում գործընթացները՝ յոյս ունենալով, նախապէս ծրագրւած սցենարների իրականացմամբ, ի վերջոյ, ինչ-որ յաջողութիւններ գրանցել, որոնք կօգտագործւեն ընտրութիւններում քւէներ պոկելու համար:

Սրանով է պայմանաւորւած դէպի Հայաստան ամերիկեան բարձրաստիճան պաշտօնեաների այցերի շքերթը, անգամ ջանքերն օգտագործելու հայկական համայնքի հետ առնչութիւնները՝ ջանալով ամերիկեան անվերապահ ու ակնկեղծ աջակցութեան պատրանք ստեղծել, մի կողմից, եւ շտապողաբար առաջ մղել հայկական կողմից հերթական զիջումների օրակարգը՝ բաւարարելու թուրք-ադրբեջանական տանդեմի անսպառ պահանջները, յոյս ունենալով, ի վերջոյ, հասնելու մշտապէս սպրդող, չարաբաստիկ «խաղաղութեան պայմանագրի» ստորագրմանը:

Ամերիկեան կողմը շատ լաւ հասկանում է, որ Ադրբեջանի նման պետութեան հետ հապճէպ ձեւակերպւած, իրականում անբովանդակ փաստաթղթի ստորագրումը որեւէ անվտանգութեան ու խաղաղութեան հեռանկար չի ստեղծում Հայաստանի համար: Սակայն դա այն պայմանն է, որից յետոյ կը կարողանան ադրբեջանական կողմից պահանջելու իր յանձնառութիւնների կատարումը Իրանի հանդէպ, որից թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Թուրքիան ամէն կերպ խուսափում են ակնյայտ դարձող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ կիառելով «մէկ քայլ առաջ, երկու քայլ յետ» քաղաքականութիւնը: Երկու պարագայում էլ հետեւանքների համար վճարողը լինում է Հայաստանը, քանի որ յետքայլերի ժամանակ պահանջների անսպառ ցուցակից հերթականներն են առաջադրւում արեւմտեան կենտրոններին, իրենց կողմից փոքր զիջումների գնալով, որոնք որեւէ ստրատեգիական նշանակութիւն չունեն, ինչպէս հայ ռազմագերիներից ոմանց ազատելը կամ ադրբեջանական բանտերում գտնւող հարիւրաւոր քաղաքական գործիչներից ոմանց համաներմամբ ազատ արձակելը:

Հայ-ադրբեջանական հերթական բարձր մակարդակով բանակցութիւնների անցկացմանը համաձայնութիւն տալու համար ամերիկեան միջնորդներին ներկայացւում է պահանջների շարք, որոնք բաւարարւում են Հայաստանի գործող կառավարչի կողմից՝ հայ ժողովրդին ու պետութեանը հերթական բաց, արնածոր ու չամոքւող վէրքը պատճառելով:

Շատ լաւ հասկանալով, որ ձեռքի տակ եղած կամակատար եւրոպական ղեկավարների շարքն արագօրէն նոսրանում է, ինչն էապէս դժւարացնելու է սեփական հեգեմոնիկ շահերի բաւարարումն ու ծրագրերի իրականացումը համախումբ «միջազգային հանրութեան» կերպարով՝ ամերիկեան կողմն արագացնում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի կեանքի կոչւելը, որի վերահսկողութիւնը, գործող հայկական վարչախմբի արբանեակ լաբբիստների ներկայացմամբ, իրականացւելու է արեւմտեան ընկերութեան կողմից, ինչին էր ուղղւած նաեւ ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում վերջին համաձայնագրի ստորագրումը:

Ըստ թուրքական կողմից արտահոսած աղբիւրների՝ ապրիլին Վրաստանում հայ-ադրբեջանաթուրքական արձանագրութիւն է ստորագրւել այսպէս կոչւած «Թուրքիայի Հանրապետութեան «խաղաղութեան խաչմերուկում» մասնակցութեան մասին», ինչի առնչութեամբ հեռուստաընկերութիւններից մէկի եթերում խօսել է նաեւ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Մինչեւ յուլիսի սկիզբ զարգացումները կը գան ամրագրելու այս բազմաշերտ յանձնառութիւնները, որոնք էլ աւելի կրիտիկական կը դարձնեն Հայաստանի Հանրապետութեան առանց այն էլ ճգնաժամային վիճակը:

Related Articles

Back to top button