Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինեանին հեռացնելու եւ Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթւայ ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապէս ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտւող եւ մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինեանին, որը պէտք է հրաժարական տւած լինէր 2020 թւականի նոյեմբերի 10-ին, այն օրը, երբ ստորագրեց Ադրբեջանի հետ կապիտուլեացիայի համաձայնագիրը:
Փաշինեանը իշխանութեան եկաւ շահագործելով ժողովրդի դիւրահաւատութիւնը եւ նրա վրդովմունքը նախկին ղեկավարների նկատմամբ: Նա յայտարարեց, որ խաղաղութիւն կը բերի Հայաստանին, նրանց զաւակներն այլեւս չեն զոհւի պատերազմներում, նրանք կապրեն բարեկեցութեան մէջ՝ բարձր վարձատրւող աշխատանքով, չի լինի կոռուպցիա եւ միլիոնաւոր այլ կեղծիքներ, որոնցով մոլորեցրեց հանրութեանը։
Իր նորայայտ իշխանութիւնից արբեցած՝ Փաշինեանը ամբողջովին խելագարւեց: 2018 թւականին, երբ նա եւ իր հետեւորդների ամբոխը շրջապատեցին խորհրդարանի շէնքը, նա ամբարտաւանօրէն յայտարարեց, որ կամ ինքը կը դառնայ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենայ: Սա ինքնահռչակւած ժողովրդավար առաջնորդի յայտարարութիւնն է, որը դարձաւ բռնապետ:
2021 թւականի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ Փաշինեանը մուրճը ձեռքին կանգնեց բեմի վրայ՝ խոստանալով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխները: Նա նաեւ սպառնաց իր հայ մրցակիցներին «ծեփել պատերին եւ փռել ասֆալտին»: Սա է նրա կոպիտ պատկերացումը ժողովրդավարութեան մասին։
2018 թւականին Փաշինեանը իր հետեւորդների բազմութեանն ասաց, որ ինքը կը լքի պաշտօնը, երբ ժողովուրդը պահանջի իր հրաժարականը: Այդ ժամանակից ի վեր նա անտեսել է իր հրաժարականի բոլոր պահանջները՝ կառչած մնալով իր իշխանական աթոռից: Նրա հրաժարականը պահանջող բազմաթիւ ցոյցերից մէկի ժամանակ, երբ լրագրողը հարցրեց, թէ արդեօք նա կը պահպանի իր խոստումը եւ հրաժարական կը տայ, նա ամբարտաւանօրէն պատասխանեց. «սա ժողովուրդը չէ»՝ ակնարկելով, որ «ժողովուրդ» է համարում միայն իրեն սատարողներին։
Թէեւ Փաշինեանի կողմնակիցները կեղծօրէն պնդում են, որ նա ընտրւել է վարչապետ, փաստն այն է, որ նա չի ընտրւել, քանի որ վարչապետի պաշտօնը ընտրովի պաշտօն չէ: Նա ընտրւել է իր խորհրդարանական մեծամասնութեան կողմից, որը բաղկացած է նոյնքան ապաշնորհ եւ անփորձ երիտասարդ տղամարդկանցից ու կանանցից:
Փաշինեանը չի հանդուրժում այլախոհներին: Եթէ Հայաստանում ապրող որեւէ մէկը համարձակւում է քննադատել նրան, վարչապետն իր լաւ կերակրւած ոստիկանական ջոկատին հրամայում է քննադատին պառկեցնել գետնին, ծեծել ու ձերբակալել։ Նրա գլխաւոր դաշնակիցը, խորհրդարանի նախագահ Ալէն Սիմոնեանը, փողոցում թքել է հայ մարդու երեսին, միայն այն պատճառով, որ նա քննադատել է իրեն: Իսկ եթէ սփիւռքահայը չի համաձայնում Փաշինեանի հետ, ապա նրան թոյլ չեն տայ մուտք գործել Հայաստան՝ Երեւանի օդանաւակայան ժամանելուց յետոյ: Փաշինեանի օրօք Հայաստանը դարձել է բռնապետութիւն, որը ղեկավարւում է մէկ մարդու քմահաճոյքով:
Այժմ գալիս է Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, որը դէմ է Փաշինեանի կամայական որոշմանը՝ չորս հայկական սահմանամերձ գիւղերը յանձնելու Ադրբեջանին առանց հանրաքւէի եւ խորհրդարանի հաւանութեան։
Արքեպիսկոպոսն անմիջապէս ենթարկւեց Փաշինեանի եւ նրա մանկլաւիկների, այդ թւում՝ «Ֆէյսբուք»-ի հազարաւոր կեղծ հետեւորդների կատաղի յարձակումներին, որոնք վարձատրւում են զրպարտելու համար իւրաքանչիւրին, ով համարձակւում է քննադատել վարչապետին:
Փաշինեանն արքեպիսկոպոսին եւ նրա կողմնակիցներին անւանեց «նարկոբարոններ» եւ «արտերկրից ուղարկւած օտարերկրեայ գործակալներ»՝ առանց որեւէ ապացոյցի: Շատ տգեղ է, երբ կառավարութեան ղեկավարը փողոցային լեզւով է խոսում՝ իր քաղաքական հակառակորդներին նսեմացնելու համար։ Իւրաքանչիւր ոք, ով համարձակւում է քննադատել Փաշինեանին, անմիջապէս պիտակաւորւում է որպէս «Կրեմլի գործակալ», որին հազարաւոր դոլարներ են վճարում «երկիրը քայքայելու համար»: Ինչո՞ւ պէտք է ինչ-որ մէկին վարձատրեն Հայաստանը քայքայելու համար, երբ Փաշինեանն ինքն անձամբ արդէն քայքայում է երկիրը:
Իրադարձութիւնների տարօրինակ շրջադարձով, արքեպիսկոպոսը կրկնեց նոյն մարտավարութիւնը, որով Փաշինեանը եկաւ իշխանութեան՝ 2018 թւականին երթով Գիւմրից գալով դէպի Երեւան: Այսպիսով, Սրբազանը Փաշինեանին տալիս է իր սեփական դեղամիջոցի չափաբաժինը: Միակ տարբերութիւնն այն է, որ Փաշինեանը իշխանութեան գալու համար խախտեց բազմաթիվ օրենքներ՝ ջարդելով Հայաստանի ռադիոտան դռները, իր հետեւորդներով շրջապատելով դատարանը՝ դատաւորներին արգելելով մուտք գործել շէնք, եւ արգելափակելով խորհրդարանի մուտքերը:
Արքեպիսկոպոսը ունի առաւելութիւններ ու թերութիւններ: Սրբազանը հոգեւորական է, որի զէնքը ճշմարտութիւնն ու բարոյականութիւնն են: Նա քարոզում է խաղաղութիւն, սէր եւ ոչ բռնութիւն: Անցած վեց տարիների ընթացքում տարբեր ընդդիմադիր խմբավորումների բոլոր փորձերը Փաշինեանին փողոցային բողոքի ցոյցերով տապալելու համար ձախողւել են: Արքեպիսկոպոսը միակ մարդն է, որը ձեռք է բերել մեծ թւով հայերի վստահութիւնը, որոնք խանդավառօրէն միացել են նրա երթին Տաւուշից դէպի Երեւան: Աւելի քան 100 հազար հայեր հեղեղեցին քաղաքի գլխաւոր հրապարակը՝ լսելու նրա ուղերձը:
Մայիսի 9-ին, երբ Սրբազանը ժամանեց Երեւան, նա յայտարարեց, որ Փաշինեանին մէկ ժամ է տալիս հրաժարականի համար: Երբ ժամն անցաւ եւ հրաժարական չտւեց, արքեպիսկոպոսը չցանկացաւ գնալ յաջորդ քայլին՝ կոչ անել իր 100 հազար հետեւորդներին գրոհել շենքը եւ տապալել վարչապետին: Փոխարէնը, Սրբազանը յայտարարեց ամբողջ երկրում մի շարք քաղաքացիական անհնազանդութեան ակցիաներ սկսելու մասին:
Այժմ Սրբազանը խորհրդակցում է ընդդիմութեան տարբեր առաջնորդների հետ՝ յաջորդ քայլերը քննարկելու համար: Եթէ եւ երբ Փաշինեանը հրաժարական տայ կամ ենթարկւի իմփիչմենթի, որոնք երկուսն էլ անհաւանական սցենարներ են, արքեպիսկոպոսը ասաց, որ կը կազմակերպւի անցումային կառավարութիւն, որը հետագայում կանցկացնի խորհրդարանական ընտրութիւններ՝ նոր վարչապետ ընտրելու համար: Մնում է տեսնել, թէ արդեօք կը յաջողւի Սրբազանի խաղաղ ծրագրերով տապալել Փաշինեանին:
Փաշինեանից ազատւելու լաւագոյն պատճառը այն է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները եռանդուն կերպով գովաբանել են Փաշինեանին իր բազմիցս եւ անվերջ զիջումների համար: Յայտնի ադրբեջանցի վերլուծաբան Ալի Հաջիզադէն նոյնիսկ առաջարկել է ադրբեջանական եւ թուրքական զօրքեր ուղարկել Երեւան՝ Փաշինեանի կառավարութեանն աջակցելու համար…
Բոլոր հայրենասէր հայերը, մի կողմ թողնելով իրենց ներքին տարաձայնութիւնները, պէտք է կոալիցիա կազմեն անցումային կառավարութիւն ստեղծելու համար, որը կանցկացնի յաջորդ ընտրութիւնները: Պէտք է հանրային ճնշում գործադրւի Փաշինեանի վրայ, որպէսզի նա հնարաւորինս շուտ հրաժարական տայ, քանի դեռ երկիրը չի դադարել գոյութիւն ունենալ ներքին եւ արտաքին թշնամիների յարձակումների պատճառով: Սա կարող է լինել Հայաստանի փրկութեան վերջին հնարաւորութիւնը:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ