ՀՀ գործող իշխանութիւններին զօրակցում են Ադրբեջանից
Թշնամուն մտահոգում է Հայաստանում մեկնարկած ժողովրդական շարժումը
«ԱԼԻՔ» – Անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ «Տաւուշն յանուն Հայրենիքի» ժողովրդական շարժամանը, եւ անցեալ երկու օրերի ընթացքում տեղի ունեցած մեծ հանրահաւաքներին ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձին, իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցցանցերի իր էջերում տեղեկացրել է, որ մեկնարկած շարժման ծաւալներից ակնյայտօրէն մտահոգւած ադրբեջանցիները սպառնում են «կարգ ու կանոն» հաստատել Հայաստանում:
«Հայաստանը դրել են այնպիսի անարգ վիճակում, որ Բաքւի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լկտիօրէն համարձակւում է «կարգ ու կանոն» հաստատել մեր իսկ երկրում, եթէ այստեղ տեղի ունենայ իշխանափոխութիւն:
Ի դէպ, նոյնիսկ թշնամու քարոզչամեքենան է խուսափում Առաքելական մեր եկեղեցու արքեպիսկոպոսին (Բագրատ Սրբազան) փորձել թիրախաւորել, նրան կոչելով աւազանի անունով, եւ կիրառում է նաեւ Սրբազան տիտղոսը»,- գրել է Իրանագէտը:
Նոյն թեմային է անդրադարձել նաեւ թուրքագէտ Վարուժան Գեղամեանը, տեղեկացնելով, որ ադրբեջանցի յայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադէն գրել է. «Եթէ հարեւան երկրի աւերիչ ուժերը, որոնց աջակցում եւ սնում են նախկին իշխանութիւնները, փորձեն ուժով տապալել իշխանութիւնը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը:
Քաոսից, անարխիայից եւ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, հաշւի առնելով աշխարհագրական մերձութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանում կայունութեան կարեւորութիւնը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զօրակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարութեանը աջակցելու համար»։
«Ինչպէս նախկինում` Հայաստանի իշխանութիւնը կրկին զօրակցութիւն է ստանում թշնամուց»,- գրել է թուրքագէտը: