Դոկտ. Սալար Սէյֆոլդինի. «Փաշինեանը պատերազմական իրավիճակների միակ վարչապետն է, ով թշնամու մօտ աւելի մեծ ժողովրդականութիւն է վայելում, քան իր երկրում»
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Վերջին շաբաթւայ Հայաստանի զարգացումները չէին կարող աննկատ մնալ իրանական ԶԼՄ-ների ու փորձագիտական շրջանակների կողմից: Աւելորդ կը լինէր նշելը, որ Բաքւի հետ հաշտեցման գործընթացն ու Երեւանին ներկայացւած պահանջներն առաջ են մղւում թուրքական օրակարգով, ինչը վտանգելով տարածաշրջանային հաւասարումները, բնական է, եթէ համահունչ չլինի նաեւ Հայաստանի բնական դաշնակիցներին:
Այս կապակցութեամբ X-ի միկրոբլոգում գրառում հրապարակելով դոկտ. Սալար Սէյֆոլդինին նշել է, որ Հայաստանում «Յանուն Հայրենիքի» (Տաւուշը յանուն Հայրենիքի) շարժումը ժամանակի թելադրանքն է, յատկապէս, այն ժամանակ, երբ պարզ դարձաւ, որ եթէ Փաշինեանը հանի դիմակը, Իլհամ Ալիեւի դէմքն է, որ երեւալու է։
«Գունաւոր յեղափոխութեամբ գայթակղւած արեւելեան բոլոր հասարակութիւնները՝ Ուկրաինայից մինչեւ Հայաստան, յայտնւել են խորը ճգնաժամի մէջ, եւ չակերտեալ առաջնորդները, որոնք պնդում էին, թէ պայքարում են կոռուպցիայի դէմ, աւելի աղէտալի վիճակ ստեղծեցին եւ վերածւեցին երգիծանկար յիշեցնող բռնապետների, որոնք այլեւս չեն հաւատում, որ ընտրեալներ են»,- գրել է նա:
Փորձագէտը յաւելել է, որ ի յաւելումն այս ամէնի, Փաշինեանը քայլ առ քայլ վաճառքի է հանել իր երկրի հողերը:
«Նախ, կուլիսային հաշտեցման ժամանակ (ինչպէս Հէյդար Ալիեւը 1993-1994 թւականներին), նա յանձնեց Ղարաբաղը՝ բանակին թոյլ չտալով լայնածաւալ միջամտութիւն իրականացնել։ Նա խզեց կապերը հայկական Սփիւռքի հետ, այժմ էլ միակողմանիօրէն զիջում է մի քանի բնակավայր ու գիւղական համայնք՝ փոխանակման փոխարէն»,- գրել է նա:
Սէյֆոլդինին յաւելել է, որ Փաշինեանը պատերազմական իրավիճակների միակ վարչապետն է, ով թշնամու մօտ աւելի մեծ ժողովրդականութիւն է վայելում, քան՝ իր երկրում: «Հայաստանի թշնամական երկրների նախագահներն ու պաշտպանութեան նախարարները սպառնում են այս երկրի ժողովրդին, որ Փաշինեանից բացի ոչ մէկին չպէտք է ընտրեն։ Ժողովրդավարութեան պատրւակով իշխանութեան եկած միջակութիւն յիշեցնող այս լրագրողը հիմնականում ձերբակալութիւններով փակի տակ պահեց իր պոտենցիալ հակառակորդներին, ձերբակալեց ցուցարարներին եւ նոյնիսկ ստեղծեց զինւած խմբաւորում՝ որպէս իրեն աջակցող միլիցիա»,- յիշեցրել է փորձագէտը:
Դոկտ. Սէյֆոլդինին նշել է, որ Հայաստանում գործում է շարժման ազդեցութեան աստիճանի եւ հնարաւոր յաջողութեան չափանիշը, այն է՝ եթէ շարժումը կարող է լցնել Հանրապետութեան հրապարակը, դա կը նշանակի, որ ստացել է հասարակութեան լայն խաւերի աջակցութիւնը կամ համաձայնութիւնը։
«Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանը մի քանի սահմանամերձ գիւղերը յանձնելուց եւ գիւղացիներին վտարելու փորձերից յետոյ, ինչն իրականացւում է Փաշինեանի բանակի եւ ոչ թշնամու միջոցով, վիճարկեց պետութեան ղեկավարի լեգիտիմութեան հարցը եւ ընդամէնը երեք շաբաթ անց ստացաւ ժողովրդի վստահութիւնը, ինչի փաստը ժողովրդով լցւած Հանրապետութեան հրապարակն էր:
Ներկայ պահին Փաշինեանը ոչ միայն չի գնալու «արտահերթ ընտրութիւնների», այլեւ՝ աւելի շատ հողեր է յանձնելու Իլհամ Ալիեւին ու յաջորդ նոյեմբերին խաղաղութեան անւան տակ այլ հայերի է իրենց տներից վտարելու: Սրբազան Գալստանեանն ասում է՝ դա դաւաճանութիւն է, որը կոչւում է խաղաղութիւն»,- գրել է նա:
Այս կապակցութեամբ ուշագրաւ գրառում է հրապարակել նաեւ Էհսան Մովահեդեանը: Դոկտ. Մովահեդեանը կարեւորելով Հայաստանի նոր զարգացումները նշել է, որ Հայաստանի ներկայիս շարժումը պէտք է շատ զգոյշ լինի իր հետ համագործակցող քաղաքական ուժերի ընտրութեան հարցում եւ բեմը չտրամադրի հներին, կամ կասկածելի քաղաքական ուժերին։
«Նաեւ պէտք է մշակւի զգօն ու ակտիւ մեդիա արշաւ՝ չէզոքացնելու Արեւմուտքի թունաւոր քարոզչութիւնը՝ շարժումը որպէս կոռումպացւածների վերադարձը ներկայացնելու դէմ: Միաժամանակ պէտք է կազմւի եւ հրապարակւի անվտանգութեան, տնտեսական եւ քաղաքական կարեւոր հարցերի յստակ ծրագիր ու մանիֆեստ Հայաստանի ապագայի համար»,-տելեգրամային իր ալիքում նշել է փորձագէտը։
Մովահեդեանը շարունակութեան մէջ զգուշացրել է, որ հակառակ դէպքում կայ այս շարժման ձախողման հաւանականութիւնը, որը կարող է յանգեցնել եկեղեցու ձախողմանը եւ կրօնաւորների՝ հասարակութեան վրայ ազդեցիկ լինելու անկարողութեան հայ ժողովրդի մօտ։ «Նկատի ունենալով, որ Հայոց Եկեղեցին պատմութեան ընթացքում եղել է Հայաստանի պաշտպանութեան յենասիւներից մէկը Օսմանեան թուրքերի նման թշնամիների ներխուժման ժամանակ, այս կառոյցի նկատմամբ վստահութեան կորուստը շատ թանկ է նստելու Հայաստանի ապագայի վրայ»,- եզրակացրել է նա: