«Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնութեամբ. Բազմահազարանոց հանրահաւքներ՝ Երեւանում
Մասնակիցները պահանջել են Փաշինեանի հրաժարականը
«ԱԼԻՔ» – Մայիսի 9-ին եւ 10-ին, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնութեամբ Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի են ունեցել հանրահաւքներ, որոնց մասնակցել են տասնեակ հազարաւոր քաղաքացիներ:
Մայիսի 9-ի հանրահաւաքը մեկնարկել է այն պահին, երբ մայիսի 4-ին Կիրանց գիւղից Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանի գլխաւորած «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման երթը հասել է հրապարակ:
Հնրահաւաքը մեկնարկել է ՀՀ օրհներգով եւ Տերունական աղօթքով:
Իր խօսքում Բագրատ Սրբազանն ասել է. «Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, Մայիսի 9-ը, մեր երբեմնի եռատօնը մեզնից գողացւած ուրախութեան մէջ, այս պարտութեան ժամանակներում մենք միասին հաւաքւել ենք վերստին հաստատելու եւ ասելու, որ ոչինչ եւ ոչ ոք ոչ երկնքում, ոչ երկրի վրայ, ոչ իշխանութիւններ, ոչ պետութիւններ, որեւէ տեսակի ուժ չի կարող հայոց փառաւոր ոգին ընկճել: Մենք Տաւուշից ենք գալիս, Հայաստանի դարպասներից»:
Նա շնորհակալութիւն է յայտնել ժողովրդին, շարժումներին, անհատներին, կազմակերպութիւններին, լրագրողներին, որոնք իրենց աջակցութիւնն են բերել այս գործընթացին:
«Մենք մեր Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գիւղերում հռչակեցինք, որ հոգին յաղթել է դուխին եւ հիմա ժամանակն է, որ եռագոյնը յաղթի սեւ ու սպիտակին: Մեր շարժումը գոյն չունի, բայց այն բոլոր գոյների համադրութիւնն է: Իսկ այդ համադրութիւնը սպիտակն է՝ հաշտութեան, խաղաղութեան, յաղթանակի խորհուրդը»,- ընդգծել է նա:
Երախտիքի խօսք՝ Սփիւռքին
Սրբազանը շնորհակալութիւն է յայտնել Սփիւռքին՝ անվերապահ աջակցութեան համար. «Այնտեղ նոյնպէս իսկապէս մեծ սպասումներ կան։ Ես հիմա ուզում եմ շնորհակալութիւն յայտնել նրանց այն աջակցութեան համար, որը կայ: Յորդորս է միայն, որ այն, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանում՝ բաժանումների, պառակտումների, քայքայումների իմաստով, ատելութեան, թշնամանքի քարոզի, որը ներմուծել են նաեւ Սփիւռք, շատ եմ խնդրում ձեզ, սիրելի հայրենակիցներ, այդ բոլոր պատնէշները, բարիկադները մի կողմ թողէք, թօթափէք, թոյնը թող չքայքայի ձեզ»,- ասել է նա։
Խարազանն իրենցն է լինելու
Հանրահաւաքին ելոյթ է ունեցել նաեւ ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգէն Մելիքեանը: Նա իր ելոյթում ասել է. «Մեզնից խլել են մեր հաւատը: Դարեր շարունակ մեր եկեղեցին տէր է կանգնել մեր ժողովրդին պետականութիւն չունենալու պայմաններում: Այսօր իր առաքելութիւնը նորից է ստանձնել եկեղեցին: Մեզնից խլել են մեր հոգեւորը, մեր արժանապատւութիւնը: Հաւատացնում եմ ձեզ, խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը: Մենք պարտաւոր ենք սատար կանգնել հայոց ուժին, մեր կոչումը դա է, զինւորագրւել ենք հայոց գործին: Ճշմրտութիւնը երկրի սահմաններից եկաւ այստեղ հայոց մայրաքաղաք եւ ամբողջ հայութեանն արթնացրեց: Հաւատացնում եմ, որ այդ ճշմարտութիւնը պէտք է լինի իւրաքանչիւրիս տներում, մեր սրտերում: Մենք հաւատում ենք վաղւան: Ուրեմն Հայաստանի կեանքում թող սկսւի արժանապատւութեան, ճշմարտութեան, յաղթանակի եւ իրական խաղաղութեան շրջանը»:
Հրաժարականի պահանջ
Հանրահաւաքի ընթցքում, Բագրատ Սրբազանը դիմել է Փաշինեանին՝ պահանջելով նրա հրաժարականը. «Մէկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու, Նիկոլ Փաշինեան»։
«Մեկ ժամւայ ընթացքում ես պատրաստ եմ հանդիպել եւ քննարկել Փաշինեանի հեռացման պայմանները։ Դուք այլեւս ՀՀ-ում որեւէ ձեւի իշխանութիւն չունեք։ Ձեր հրաժանականով կը վերադարձնէք Հայոց եռատօնը, որը գողացել էք այս ժողովրդից»,-ասել է նա։
«Այս կառավարութիւնն իրենց ղեկավարի գլխաւորութեամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը: Քանդել են ամբողջ անվտանգութեան համակարգը ֆիզիկական իմաստով: Եկեղեցին առաջին օրւանից թիրախ են դարձրել, հարւած են հասցրել մեր ինքնութեան հիմնասիւներին եւ վերջինը՝ ցեղասպանութեան գաղափարի ժխտումը: Քայքայել են կրթական համակարգը, այսօր դպրոցներում թմրանիւթի առկայութիւնը զրկում է սերնդին մտածելու կարողութիւնից: Վերահսկողութիւն չկայ:
Արտաքին յարաբերութիւնների մէջ չկայ մի սեղան, որտեղ Հայաստանն այսօր ասելիք ունենայ: Ամենակարեւորը՝ Արցախ աշխարհը չկայ այսօր: Հայրենիքը կորցնում են, յետոյ ասում են՝ իրական Հայաստանը պէտք է տեսնենք: Իրական Հայաստան էր Արցախը: Հայաստանի սահմանները նայէք, քանի հարիւր քառակուսի կմ-ն նւաճւած է եւ թշնամին չի էլ պատրաստւում վերադարձնել»:
Հրապարակում հաւաքւածները Սրբազանի խօսքից յետոյ վանկարակել են «Նիկոլ, դաւաճան», «Հեռացիր» եւ «Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստւած»:
Չյոգնէ՛ք պայքարից
Հաւաքին ելոյթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Ոչ ոք իրաւունք չունի Տաւուշի գիւղերը մաս-մաս անի, ասի ծառ տկենք, անվտանգ կը լինի։ Աշխարհում չլսւած բան է սա։ Դուք հիմա ապացուցեցիք, որ հայ ժողովուրդը պատիւ ունի, նամուս ունի ու տէր է իր հող ու ջրին։ Խնդրում եմ, չյոգնէ՛ք պայքարից, յանուն Հայրենիքի։ Պէտք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրեւի տակ կը լինենք, բայց մեր Հայրենիքը չենք թողնի թշնամուն»,- ասել է Գառնիկ Դանիէլեանը։
Նիկոլ Փաշինեանի համար սահմանւած վերջնաժամկէտի աւարտին, երբ յայտնի դարձաւ, որ նա հրաժարական չի ներկայացրել, Բագրատ Սրբազանը ժողովրդին յայտնեց. «Խորհրդարանական 2 խմբակցութիւնների հետ խօսեցինք, իրենք պատրաստ են, պատգամաւորական կազմով խորհրդարան մտնել առաջիկայ օրերին իմպինչմենտի գործընթաց սկսելու։
Գործողութիւնները երկար չեն տեւելու, կանենք միասին: Առաւել ժամանակ չկայ. ո՛չ մի ամիս, ո՛չ երկու ամիս, ո՛չ 5 ամիս, ո՛չ քայլել, ո՛չ պտտել աջ ու ձախ։ Գործողութիւնները կանենք, արդիւնքը կը ստանանք»:
Մայիսի 10-ի հանրահաւաք
Երէկ՝ մայիսի 10-ին կազմակերպւած հանրահաւաքը նոյնպէս բազմահազարանոց է եղել:
Բագրատ Սրբազանը տեղեկացրել է, որ այսօր՝ մայիսի 11-ին հանրահաւաք չի լինելու: Փոխարէնը՝ Հայաստանի 10 բնակավայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացւելու, իսկ յաջորդ հանրահաւաքը տեղի է ունենանլու կիրակի՝ մայիսի 12-ին, Հանրապետութեան հրապարակում. «Կիրակի երեկոյեան հաւաքւում ենք, կոնկրետ պայմանաւորւում, թէ ինչ ենք իրականացնելու, որտեղ, ինչ ձեւով»,- նշել է Բագրատ Սրբազանը։
Սրբազանը հանրահաւաքի ժամանակ նոր ստեղծւած դիւանագիտական խորհրդին յանձնարարերել է մինչեւ կիրակի երեկոյեան մշակել եւ կազմել խաղաղ բանակցութիւնների սահմանազատման եւ գծման յստակ հայեցակարգը եւ այդ բանակցութիւնների անընդհատականութիւնը։
Նա նաեւ սպայակազմին յորդորել է նոյն ժամանակահատւածում մշակել եւ ներկայացնել պետական անվտանգութեան հայեցակարգ:
Ումի՞ց ինչ են պաշտպանում
Իր ելոյթում Բագրատ Սրբազանն անդրադառնալով վերջին օրերում ՀՀ գործող իշխանութիւնների կողմից շարժամն մասնակիցների դէմ տարածւող ատելութեան խօսքին եւ քարոզչութեանն ասել է. «Երկու օր է` մենք խօսում ենք հաշտութեան մասին, այս մարդիկ` իրենց որոշների դէմքերով, որոշների կեղծիքներով խօսում են ատելութեան մասին: Չեն դադարում, մարդը թունաւորւել է մեր երկրում եւ սրա պատասխանատուն էլ են այ այս շէնքում (ՀՀ Կառավարութեան շէնք) նստած մարդիկ: Յատուկ կերպով սնւած ատելութիւն, ատելութիւն, թշնամութիւն, ամենավերջին խօսքերն ասելով: Ու ոչ միայն իմ, այլեւ բոլորիս, ժողովրդի մասին: Սա չէ մեր մտածած, մեր պատկերացրած Հայաստանը: Անկեղծ` տխրել եմ այսօր, երբ անընդհատ այդ առիթներն ունեցայ` նայելու լուրերի շարքերը, վերնագրերը: Ապշած եմ: Գիտէի, որ ընկած վիճակում ենք գտնւում, բայց այս չափ ընկած չէի պատկերացնում: Հէնց սրա համար է մեր շարժումը, մեր պայքարը:
Նայէ՛ք, ժողովո՛ւրդ, պարզ նայէ՛ք, մեր տղաներն այնտեղ կանգնած են` վահաններով: Իսկապէս` վահաններով: Ի՞նչ են անում այնտեղ: Ինչո՞ւ են վահաններով կանգնած: Սա էլ է սուտ: Նոյնիսկ ամենապարզ արտայայտութիւններն են սուտ: Ինչու են վահաններով կանգնած, որ ի՞նչ անեն: Ումի՞ց ինչ են պաշտպանում»։