Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայկ Մամիջանեան. «Ճշտե՞լ էք՝ ո՞րն է այն սահմանը, որից յետոյ Փաշինեանն այլեւս բան չի յանձնի»

«ԱԼԻՔ» – «Մեր արտաքին քաղաքականութիւնը դարձել է համահունչ միջազգային գործընթացների հետ». այս մասին Կապանում օտարերկրեայ պետութիւններում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկի ժամանակ յայտարարել է Նիկոլ Փաշինեանը։

«Բոլոր այն աղէտները, որոնք մենք մեր պատմութեան ընթացքում ունեցել ենք, առանձնայատկութիւններն ուսումնասիրելիս գալիս ենք մի արձանագրման, որ մենք այդպէս էլ, որպէս կանոն, չենք կարողացել մեր պատմութեան տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ: Այն, ինչ Վաշինգտոնում տեղի է ունեցել, նշանակում է՝ մեր քաղաքականութեան տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի պրոցեսների հետ: Սա չափազանց կարեւոր է, եւ սա, թերեւս, մեր մի քանի հարիւրամեակների առաջին իրատեսական եւ ռէալ հնարաւորութիւնն է՝ դառնալ միջազգային զարգացումներին համահունչ: Սա չափազանց կարեւոր արձանագրում է»,- ասել է նա:

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանի համար Փաշինեանի վարած արտաքին քաղաքականութիւնը շատ հեռու է բալանսաւորւած լինելուց։

«Շուտասելուկ է դարձրել՝ բալանսաւորող, բալանսաւորւած… Փաշինեանը Հայաստանի միջազգային կշիռն է զրոյացրել, Հայաստանի սուվերեն տարածքից չի հեռացրել ադրբեջանական Զինւած ուժերը, եւ նման ղեկավարը խօսում է բալանսաւորման մասի՞ն. ծիծաղելի է»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասել է Մամիջանեանը։

Նրա խօսքով՝ իրականում՝ գետնի վրայ, Վաշինգտոնում տեղի ունեցածը ձեռքբերում էր երկու երկրների՝ Ամերիկայի եւ Ադրբեջանի, եւ Նիկոլ Փաշինեան անձի համար, բայց ոչ երբեք՝ Հայաստանի։

«Վաշինգտոնում երկու երկիր էր ներկայացւած եւ մէկ անձ՝ Նիկոլ Փաշինեան. Հայաստանի շահն անգամ չեն էլ ներկայացրել։ Ստացել է ոչ թէ Հայաստանը, այլ Փաշինեանը. այդ թուղթն առնելու, ընկնելու է մարզերով, եւ պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ քարոզարշաւ է անելու,- ասել է Հայկ Մամիջանեանը՝ Փաշինեանի՝ խաղաղութիւն բերելու կեղծ խոստումներին հաւատացողներին հարց ուղղելով,- լաւ, ճշտե՞լ էք, իսկ ո՞րն է այն սահմանը, որից յետոյ Փաշինեանն այլեւս բան չի յանձնելու։ Տալով այն, ինչ ուզում են՝ խաղաղութիւն չես բերելու. դա պատերազմ կանխել չի։ Կամ, եթէ պատերազմ կանխող տղայ էր, ինչո՞ւ չկանխեց, օրինակ, 2020 թւական հոկտեմբերի կէսերին. չէին լինի հազարաւոր զոհերը։ Կրկնում եմ՝ անվերջ յանձնելով՝ հնարաւոր չէ խաղաղութեան հասնել»։

«Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավարը վստահեցրել է՝ Փաշինեանը Հայաստանի համար ստացել է ոչ թէ անվտանգութիւն կամ խաղաղութիւն, այլ 2026 հերթական ընտրութիւններին ընդառաջ քարոզչութիւն անելու համար թղթեր։

«Մայկաներ է հագնելու, տատուներ անելու դէմքին. ինչ ասես չի անելու այդ վաշինգտոնեան թղթերից»,- ասել է Հայկ Մամիջանեանը։

Related Articles

Back to top button