Բագրատ Սրբազան. «Չեմ մոռանալու յանուն Հայաստանի եւ չեմ ներելու յանուն Արցախի»
«ԱԼԻՔ» – Չեմ մոռանալու յանուն Հայաստանի եւ չեմ ներելու յանուն Արցախի: Այս մասին, 44-օրեայ պատերազմի տարելիցի կապակցութեամբ, իր ուղերձում ասել է Բագրատ Սրբազանը:
«4 տարի առաջ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի հովանաւորութեամբ ու աջակցութեամբ սանձազերծեց հերթական պատերազմը:
Այս պահին ես աղօթում եմ մեր նահատակ որդիների ու դուստերերի հոգիների խաղաղութեան համար եւ խոնարհումս նրանց ու նրանց ընտանիքների առջեւ:
2020 թւականին հայրենական մեծ պատերազմում մարտի ելան հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդէն իսկ կանխորոշւած էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը յայտարարեց՝ եկէք պայմանաւորւենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտւած չենք համարելու: Ասաց եւ արեց: Պետութեանը պարտութեան մատնելով՝ ինքն իրեն անպարտ կարգելով: Միջազգային իրաւունքով արգելւած զէնքերի կիրառմամբ, ահաբեկիչների ներգրաւումով, անմարդկային գազանութիւններով եւ մարդասիրական իրաւունքի հանրաճանաչ չափանիշները խախտելով Բաքւին յաջողւեց գրաւել Արցախի զգալի մասը:
Միջազգային հանրութիւնը, չհաշւած առանձին բացառութիւններ, լուռ հետեւում էր կատարւողին։ 44–օրեայ պատերազմի պայմանական աւարտով եւ ստորագրւած նոյեմբերի 9-ի ամօթի եւ խայտառակութեան յայտարարութեամբ, ցաւօք, իրական պատերազմը չի դադարել: Մենք դրա շարունակութեան դրսեւորումները տեսանք Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ զաւթիչ գործողութիւններով, Արցախի շրջափակմամբ, 2023 թւականի սեպտեմբերի 19-ի պատերազմով ու դրան յաջորդած Արցախի հայաթափմամբ:
Դժբախտաբար, հայութեան դէմ սանձազերծւած թուրք-ադրբեջանական ագրեսիան, օգտւելով անպատժելիութեան եւ ամենաթողութեան մթնոլորտից, իր ամենատարբեր դրսեւորումներով շարունակւում է նաեւ այսօր, չնայած խաղաղութեան մասին պարբերաբար հնչող թէզերին ու խօսքերին։
Առ այսօր Ադրբեջանը հրաժարւում է վերադարձնել մեր գերիներին եւ Արցախի պատանդառւած ռազմաքաղաքական ղեկավարութեանը: 44 օր տեւած պատերազմի, դրան նախորդող փուլի, պատերազմի ընթացքում, ապա նաեւ յաջորդող շրջանում Հայաստանի իշխանութիւնների արած քայլերի, ընդունւած որոշումների, ձեռք բերած պայմանաւորւածութիւնների ու դրանց հետեւանքների իրական գնահատականը կը տայ վաղւայ Հայաստանը՝ խորը եւ անաչառ իրաւական քննութեան արդիւնքում, բոլոր մեղաւորներին օրէնքի ողջ խստութեամբ պատժելու ճանապարհով: Սակայն այսօր իսկ արդէն միանշանակ եւ առաւել քան հիմնաւոր կարելի է փաստել, որ այս իշխանութիւնը չի իրականացրել անվտանգութեան ապահովման իր գործառոյթը՝ ո՛չ պատերամից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում, եւ ո՛չ էլ դրանից յետոյ։ Ամբողջութեամբ ձախողել է ե՛ւ անվտանգային, ե՛ւ արտաքին քաղաքականութիւնը։
Վաղւայ Հայաստանը կը տայ նաեւ իրական խաղաղութեան օրակարգը, որը որեւէ կերպ այսօրւայ պարտւած իշխանութիւնների քարոզած ամէն գնով մուրացիկ խաղաղութիւնը չէ, այլ հաւասարակշռութեան վրայ կառուցւած խաղաղութիւն է, որը կը լինի արդար, կայուն եւ երկարաժամկէտ:
Հետեւաբար, քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանութեան մնալ ամէն ինչ զիջելու պատրաստ, պարտւած ու անգամ մարդասիրական խնդիրները, գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու, լուծելու կարողութիւն չունեցող իշխանութիւնները, քանի դեռ իշխանութիւնը զաւթել են ՀՀ-ի ազգային, պետական շահերի հետ ոչ մի առնչութիւն չունեցողները, 2020 թւականի սեպտեմբերի 27-ին սկսւած աղէտը շարունակւում եւ շարունակւելու է իր տարաբնոյթ դրսեւորումներով:
Մենք կոչւած ենք փոփոխութեան, մենք կոչւած ենք ապաքինման եւ վերականգնման, մենք կոչւած ենք հայրենիք եւ յաղթանակ վերադարձնելու մեր բազմահազար զաւակներին, որոնք մեկնեցին՝ մահն արհամարհելով, հայրենիքն ու յաղթանակն իրենց սրտերում եւ աչքերում:
Վերստին խոնարհումս հայրենիքի պաշտպանութեան համար նահատակւած մեր հայորդիներին, եղբայրներին ու քոյրերին, խոնարհումս նրաց մայրերի, հայրերի ու ընտանիքների առաջ:
Չեմ մոռանալու յանուն Հայաստանի, չեմ ներելու յանուն Արցախի: Տէ՛ր, ուղղիր մեր ընթացքը դէպի արդարութիւն եւ դէպի յաղթանակներ»,- ասել է նա: