Նախագահ Ռէյիսի. «Պէտք է հոգ տանել, որ Կովկասը չդառնայ արտատարածաշրջանային երկրների մրցակցութեան դաշտ»
«ԱԼԻՔ»- Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ դեկտեմբերի 20-ին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:
Զրոյցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարւել երկկողմ պայմանաւորւածութիւնների իրականացման ընթացքին:
Անդրադառնալով հարաւկովկասեան տարածաշրջանի խնդիրներին Հանրապետութեան նախագահը նշել է, որ Կովկասը կարեւոր տարածաշրջան է, որին անհրաժեշտ է խաղաղութիւն եւ կայունութիւն:
«Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը Կովկասի նկատմամբ յստակ է. պէտք է հոգ տանել, որ Կովկասը չդառնայ արտատարածաշրջանային երկրների մրցակցութեան դաշտ, եւ առկայ խնդիրները կարգաւորւեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտութեան»,- շեշտել է նախագահ Ռէյիսին:
Նա Թեհրանում «3+3» ձեւաչափով հանդիպման յաջող անցակցումը որակել է որպէս տարածաշրջանային յարաբերութիւնների կարգաւորմանն ու ամրապնդմանն ուղղւած կառուցողական քայլ, նշելով. «Փոխադարձ շահերի եւ տարածաշրջանի երկրների շահերի ապահովման նպատակով, հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնարար քաղաքականութիւնն է»: