Սէյրան Օհանեան. «Ցաւը մեծ է մեզ մօտ, բայց դա պէտք է մի կողմ դնել, դրանից հետեւութիւններ անել եւ շարունակել պայքարը»
«ԱԼԻՔ» – «Այսօր բաւականին ցաւալի վիճակում ենք, բայց ունենք անցած ճանապարհ եւ այստեղ՝ Եռաբլուրում գտնւելով մենք պէտք է ասենք, որ մեր անկախութիւնը ամենամեծ ձեռքբերումն ու արժէքն է հայ ժողովրդի համար»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները, այս մասին երէկ՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը:
«Անկախութիւնը ձեռք է բերւել նւիրեալ հայորդիների պայքարի, նւիրումի, քաջագործութիւնների շնորհիւ: Մեր անկախութեան ակունքներում Արցախի ինքնորոշումն էր, արցախեան շարժումը, որը որ սկիզբ է առել մտաւորականներ, կամաւորականների գաղափարական պայքարում, այնուհետեւ մեզ պարտադրւած պատերազմում հրամանատարների եւ զինւորների քաջագործութիւններով, եւ մենք այսօր այստեղ գտնւելով իւրայատուկ հաշւետւութիւն ենք տալիս մեր ընկերներին, ովքեր որ իրենց կեանքն են տւել: Մենք կարողացել ենք նաեւ մեր ռազմաքաղաքական ղեկավարութեան ինքնուրոյն որոշումների եւ նաեւ յամառ որոշումների շնորհիւ հասնել նրան, որ Արցախն ու Հայաստանը միասին համադրւած, միայամուռ կառոյց էին եւ զարգանում էին բոլոր առումներով՝ անվտանգութիւն, տնտեսութիւն եւ բոլոր տեսակի կապեր ենթամշակութային, ենթակառուցւածքներ եւ այլն»,- ասել է նա:
Օհանեանը նշել է, որ կարողացել էին լիարժէք անվտանգ միջավայր ստեղծել, սակայն հիմա այլ է իրավիճակը, որովհետեւ ոչ միայն Ադրբեջանի կողմից իրականացւած յանցագործութեան շնորհիվ, հայաթափւեց Արցախը եւ Ադրբեջանը ՀՀ սահմաններում է գտնւում, այլեւ ՀՀ իշխանութիւնների ոչ լիարժէք, ապիկար գործողութիւնների շնորհիւ:
«Ցաւը մեծ է մեզ մօտ, բայց դա պէտք է մի կողմ դնել, դրանից հետեւութիւններ անել եւ շարունակել պայքարը, որովհետեւ անհրաժեշտութիւն է, որ ՀՀ-ն լինի անկախ, ինքնիշխան, չգահավիժի, անվտանգութիւնը ամուր լինի»,-ասել է նա:
Չափազանց անհրաժեշտութիւն է Արցախի ժողովրդի վերադարձի հարցը լուծելը
Անդրադառնալով արցախահայութեան՝ Արցախ վերադարձի հարցին, Սէյրան Օհանեանը նշել է, որ այսօր չափազանց անհրաժեշտութիւն է Արցախի ժողովրդի վերադարձի հարցը լուծելը:
«Այսինքն ստեղծել այնպիսի պայմաններ, որ եւ անվտանգութեան առումով եւ միջազգային բոլոր նորմերի պահպանմամբ արցախցիները հնարաւորութիւն ունենան յետ վերադառնալու»,-ասել է նա:
Օհանեանի կարծիքով՝ ըստ էութեան հակամարտութիւնը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չի աւարտւել, խաղաղութեան նախապայմաններ էլ չկան, որովհետեւ Ադրբեջանի հռետորաբանութիւնն ու գործողութիւններն են այդ մասին խօսում:
«Իրենք հայ ժողովրդի հետ խօսում են նախապայմաններով, որովհետեւ մենք պարտւել ենք եւ պարտադրանքի տակ ենք գտնւում: Ադրբեջանի գործողութիւններով այդ հակամարտութիւնն աւելի է խորացել, իրենք լինելով ագրեսոր, յանցագործութիւններ են կատարել Արցախի նկատմամբ՝ չակերտաւոր ասած հակաահաբեկչական գործողութիւնների անւան տակ յարձակւել են Արցախի վրայ, շրջապատել, մասնատել եւ Արցախը հայաթափւել է: Ցեղասպանական գործողութիւններ են կատարւել եւ Ադրբեջանը դրա համար պէտք է պատասխան տայ: Երկրորդը՝ անպայման Արցախի սուբիեկտայնութիւնը պէտք է պահպանւի: Արցախի ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը պէտք է գործի Արցախի ժողովրդի վերադարձի պայքարելու համար: Այս ամէնը հաշւի առնելով, կարծում եմ՝ միջազգային գործընթացները պէտք է արագ ընթացք ստանան, բանակցութիւնները պէտք է շարունակական լինեն»,- ասել է նա:
Օհանեանը նշել է, որ դժւար է այդ մասին խօսել եւ առաջ մղել, որովհետեւ ՀՀ իշխանութիւնները չեն աջակցում Արցախի իշխանութիւններին, ընդհակառակը՝ անտեսում են:
«Իշխանութիւնները ցանկանում են՝ Արցախի էջը փակել, ինչ վատ է եւ բարոյականութիւնից զուրկ է: Սակայն այս ամէնը հաշւի առանելով, պէտք է ռազմավարութիւն մշակել, որ արցախցիները վերադառնան իրենց պատմական տարածք, որտեղ հազարամեակներով ապրել են եւ այս իշխանութիւնների օրօք է, որ Արցախը հայաթափւել է, այն իշխանութեան, որի ազգային անվտանգութեան ռազմավարութեան 4.25 կէտում, որտեղ նշւած է, որ ՀՀ իշխանութիւնները ամէն ինչ անելու են Արցախի ժողովրդի բռնագաղթը կանխելու համար»,-եզրափակել է նա: