Բագրատ Սրբազան. «Պայքարը մինչեւ 2026 թւականի ընտրութիւններ չի ձգւի»
«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը երէկ՝ օգոստոսի 26-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հերթական հանդիպումն է անց կացրել շարժման աջակիցների հետ:
Իր ելոյթում Բագրատ Սրբազանը հաւաստիացրել է, որ պայքարը մինչեւ 2026 թւականի ընտրութիւններ չի ձգւի, եւ որ ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրութիւն չունի։
«Հայաստանի Հանրապետութիւնն իշխանութիւն չունի, այս մարդիկ զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով եւ սահմանադրական յեղաշրջում կատարած լինելով մեր երկրում: Մենք էլ ենք պատրաստութեան մէջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով նկատի ունեմ Հայաստանի իշխանութիւններին, որովհետեւ նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,-նշեց է նա։ Խօսելով շարժման հետագայ քայլերի մասին, Բագրատ Սրբազանը յայտնել է, որ այս պահին կուսակցութիւն հիմնելու ծրագիր չկայ։
«Չեմ էլ կարծում առաջիկայում կը լինի, քանի որ այս պայքարն ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ ընդդիմադիրների։ Այս պայքարը յանուն Հայաստանի, արժէքների ու քաղաքակրթական փոփոխութիւնների պայքար է»,- յաւելել է Սրբազանը։
Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմ դարձնելը մերժելի է ու անընդունելի
Անդրադառնալով արտաքին քաղաքականութեան թեմային, Բագրատ Սրբազանը նշել է, որ Հայաստանի Հանրապետութեան համար չպէտք է լինի «հակա-ներով» արտաքին քաղաքականութիւն։ Հայաստանը պէտք է վերադառնայ կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ իր նախկին կարգավիճակին։
«Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմ դարձնելը մերժելի է ու անընդունելի։ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը պէտք է կառուցւի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցութեան նոր հեռանկարներ սահմանելու միջոցով»,- նշել է նա։
Բագրատ Սրբազանի խօսքով՝ Հայաստանը պէտք է ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետութիւնների հետ յարաբերութիւնների վերականգնմանն ու խորացմանը, միաժամանակ պատրաստակամ լինելով նոր յարաբերութիւններ ու նոր բարեկամներ, դաշնակիցներ ձեռքբերելուն։
«Այս ամէնի հիմքում պէտք է լինի Հայաստանի Հանրապետութեան պետական շահը, հայկական օրակարգը»,- յաւելել է նա։
Ադրբեջանի հետ ամէն գնով խաղաղութեան հասնելու մուրացկանի օրակարգը չի կարող ընդունելի լինել
Խօսելով Հայաստանի անվտանգութեան խնդիրների մասին, Բագրատ Սրբազանը յստակեցրել է, որ դրանք չեն սկսւում ու աւարտւում միայն արտաքին սպառնալիքներով։
«Կարեւորագոյն խնդիր է ՀՀ քաղաքացիների անվտանգութեան ապահովումը, յանցաւորութեան դէմ արդիւնաւէտ պայքարը, մարդու կեանքի, սեփականութեան ու բոլոր իրաւունքների, պարենային, սոցիալական ու կիբեռ անվտանգութեան ապահովումը։ Հայաստանի Հանրապետութիւնում մարդն իր պէտք է զգայ անվտանգ, պաշտպանւած ու ապահով»,- նշել է նա։
Ակնարկելով ՀՀ գործող իշխանութիւնների այսպէս կոչւած «խաղաղութեան» օրակարգին, Բագրատ Սրբազանն ասել է. «Ադրբեջանի հետ ամէն գնով խաղաղութեան հասնելու մուրացկանի օրակարգը չի կարող ընդունելի ու կիրառելի լինել։ Կարգաւորումը պէտք է հիմնւած լինի արդարութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքների վրայ։ Հնարաւոր չէ խօսել իրական, կայուն ու երկարաժամկէտ խաղաղութեան մասին, եթէ լուծւած չեն մարդասիրական կարեւորագոյն խնդիրները, մեր գերեվարւած տղաների եւ Արցախի պատանդառւած ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի հարցերը»։
Սեպտեմբերի 2-ին այցելէք Արցախի ներկայացուցչութիւն
Բագրատ Սրբազանը բոլորին կոչ է արել սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետութեան օրւայ առիթով այցելել Արցախի ներկայացուցչութիւն:
«Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետութեան օրն է, բոլորիդ խնդրում եմ, որ այդ օրը այցելէք Արցախի ներկայացուցչութիւն։
Իսկ սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում միջոցառում ունենք նւիրւած Արցախի տարեդարձին։ Շատ կարեւոր է, որպէսզի բոլոր հայրենիք ունեցողները մեծ թւով այստեղ լինեն։ Իսկ ցերեկը գնալու ենք Եռաբլուր»,- նշել է նա։