
«ԱԼԻՔ» – ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատար գեներալ Հոսէյն Սալամին Անվտանգութեան նախարարին ուղղւած ուղերձում անգնահատելի յաղթանակ է համարել Մուսադի մութ շերտեր ներթափանցելու փաստը:
Յայտարարելով, որ Անվտանգութեան նախարարութեան կողմից ստացւած տեղեկատւութիւնը աւելի ճշգրիտ կը դարձնի իրանական հրթիռների թիրախները, գեներալ Սալամին ընդգծել է. «Այս հարւածը վերջինը չի լինելու ռեժիմի փլուզւած ու նեխած մարմնի համար: Այն նախանշանն է կեղծիքի նկատմամբ ճշմարտութեան վերջնական յաղթանակի»։
Անվտանգութեան նախարարութեան «Անանուն մարտիկներ»-ին ուղղւած ուղերձում սարդար Սալամին ընդգծել է. «Սիոնիստական ռեժիմի անվտանգային, միջուկային եւ ռազմական ենթակառուցւածքների խորքը ներթափանցելու այս յաջողութիւնն ու մեծ քանակութեամբ գաղտնի տւեալների անվտանգ տեղափոխումն Իրան, փշրեց Մուսադի առասպելը՝ հաստատելով, որ Իսլամական Հանրապետութիւնը ներկայ է թշնամու ամենաթաքնւած շերտերի խորքում»։
Ուղերձում նա այս գործողութիւնը նմանեցրել է հետախուզութեան ոլորտում «Ալ-Աքսա փոթորիկ 2»-ին, եւ յաւելել. «Ամենակարող Աստւածը հարւածեց նրանց այնտեղից, որտեղից նրանք երբեք չէին սպասում»։
Նա նշել է նաեւ, որ այս գերզգայուն ու անգնահատելի տեղեկատւութիւնն առաւել արդիւնաւէտ կը դարձնի Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի ոչնչացման գործընթացը եւ աւելի ճշգրիտ կը դարձնի իրանական հրթիռների թիրախները։