Արգիշտի Կիւիրեան. «Թող անկեղծ ասեն՝ Ադրբեջանի հետ ինչ պայմանաւորւածութեան են եկել»
Արցախի նախկին ղեկավարների գործը Ադրբեջանը ներկայացնելու է որպէս «ադրբեջանական Նիւրնբերգ», որտեղ դատելու են, այսպէս կոչւած, հայ «ահաբեկիչներին», «սեպարատիստներին»: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիւիրեանը։
«Այդ մարդկանց պահելով Ադրբեջանը երաշխաւորում է իր համար, որ այստեղ Արցախի իշխանութիւնները յետողորմեա չեն անի Արցախի լուծարումը: Իրենք դրա համար մի քանի երաշխիք ունեն: Մէկը Նիկոլ Փաշինեանի խօսքն է, եւ իրենց պատգամաւորներից էլ դա պարզ դարձաւ, երբ բաց տեքստով ասում էին, որ Արցախի իշխանութիւնների գործելը սպառնալիք է: Միւս կողմից Արցախի իշխանութիւնները կարող էին ասենք, թռնել Բէյրութ, այնտեղ նիստ հրաւիրել եւ վերականգնել Արցախը: Ինչու դա չի արւում, հէնց դրա համար էլ Ադրբեջանը պահել է Արցախի նախկին ղեկավարներին, այդ թւում զինւորականների: Իրենք պէտք է յայտարարէին, որ Արցախը շարունակում է գործել, եւ սրանք էլ Արցախի վտարանդի իշխանութիւններն են: Իսկ հիմա, երբ դա չի արւում, Բաքուն ստանում է ամէն ինչ: Արցախեան կողմը ոչինչ չի ստանում, բոմժի պէս այստեղ-այնտեղ ընկած են, մինչդեռ կարող էին իրականացնել տարատեսակ քայլեր, կամ քայլերի սպառնալիքներ, որոնց պարագայում կարող էին իրական սեղանի շուրջ բանակցել վերադարձի հարցը՝ իրենց որոշակի պայմաններով»,- ասաց Կիւիրեանը:
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանութիւնները յայտարարում են, որ Արցախի իշխանութիւնների գոյութիւնը Հայաստանում, իրական վտանգ է Հայաստանի համար, Կիւիրեանն ասաց. «Դէ ուրեմն թող անկեղծ ասեն, թէ Ադրբեջանի առջեւ ինչ պարտաւորութիւններ են ստանձնել, որ երբ Ադրբեջանը անցաւ յարձակման, իրենք չխառնւեցին, հիմա փաստացի արգելափակում են այդ մարմինների գործունէութիւնը:
Ադրբեջանը Երեւանի իշխանութիւնների հետ պայմանաւորւել է, իսկ Ղարաբաղի իշխանութիւնները որպէսզի չթտրտան, նրանց ղեկավարներին պատանդ է պահում եւ ասում ՝ խելօք նստէք, իրենք էլ խելօք նստած են»: