Հայկ Նահապետեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի միջեւ կնքւած բազմաթիւ տնտեսական էներգակիրների, ռազմատեխնիկային համագործակցութիւնը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան շահերից»
«ԱԼԻՔ» – Այն, որ Արցախը ճանաչւել է Ադրբեջանի մաս որեւէ մէկի համար գաղնիք չէ, ընդորում Հայաստանը գրաւոր պարտաւորութիւն է վերցրել 2022 թւականի հոկտեմբերի 6-ին՝ Պրագայում: Այսինքն ելման կէտը այն է, որ Արցախ ՀՀ-ի իշխանութիւնների համար գոյութիւն չունի: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց քաղաքագէտ Հայկ Նահապետեանը:
«Հայաստանի անվտանգութիւնը չի որոշւում Երեւանում, կառավարութեան շէնքում: Հայաստանի անվտանգութիւնը այնքանով, որքանով կարելի է անվտանգութիւն համարել, այն որոշւում է Անկարայում, Բաքւում, Լոնդոնում եւ Վաշինգտոնում: ՀՀ իշխանութիւնները ընդամէնը կատարողն են այդ որոշումների: Ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի միջեւ կնքւած բազմաթիւ տնտեսական էներգակիրների, ռազմատեխնիկային համագործակցութիւնը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանում ապրող քաղաքացիների եւ հայ ժողովրդի շահերից»,- նշեց նա:
Նահապետեանի դիտարկմամբ՝ օրւայ իշխանութիւնները անտեսում են այդ իրողութիւնները, որովհետեւ իրենք կամակատարներ են անգլոսակսոնական աշխարհի կողմից այս տարածաշրջանում, փորձելով դուրս մղել Ռուսաստանին եւ Իրանին, որը առաւել քան համոզւած եմ չի ստացւելու:
Նահապետեանը կարծում է, որ անգլոսակսոնական աշխարհը իր մեծագոյն պարտութիւնը արդէն կրել է Ուկրաինայում: Յաջորդ պարտութիւնը Հարաւային Կովկաս եւ Կենտրոնական Ասիայում է լինելու եւ օրւայ իշխանութիւնների այնտեղ մնալն ընդամէնը ժամանակի խնդիր է, հակառակ դէպքում, եթէ այն եկրարաձգւեց Հայաստանը ցաւօք կարող է ունենալ տարածքային եւ անվտանգային աւելի շատ կորուստներ:
Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարարի այն յայտարարութեանը, որ Հարաւային Կովկասի 3+3 ձեւաչափը տեսքի է գալիս, Նահապետեանը նշեց, որ տարածաշրջանում միակ կայունութեան եւ խաղաղութեան հանգրւանը տարածաշրջանի հզօր պետութիւնների ներգրաւմամբ այս ձեւաչափն է, որոնք ունեն ոչ միայն շահեր, այլեւ լծակներ եւ գործիքակազմ տարածաշրջանում ինչպէս կայունութիւնը ապահովելու համար, այնպէս էլ անկայունութեան լրջագոյն օջախներ ստեղծելու ուղղութեամբ:
Նահապետեանը շեշտեց, որ տարածաշրջանի հիմնական խաղացողները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան իրենց անվտանգային գործառոյթները կազմակերպելով առաջին հերթին անհրաժեշտ է ելնեն այս իրողութիւններից:
Նահապետեանի խօսքով՝ ցաւօք Հայաստանը փորձում է տարածաշրջանում նոր խաղացող բերել կամ նոր խաղացողը Հայաստանի ձեռքերում փորձում է յայտնւել Հարաւային Կովկասում:
Հարիւրաւոր տարիներ Հարաւային Կովկասում լրջագոյն դերակատարութիւն ունեցող Բրիտանիան, ընդորում նաեւ ԱՄՆ-ն Հայաստանում փորձում է դրսեւորւել Ֆրանսիայի միջոցով, որի ՀՀ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցութեան ակտիւացումը ուղղւած են այս գործընթացին:
Ադրբեջանը փորձելու է ձախողել 3+3 ձեւաչափը, որը տարածաշրջանի կայունութեան միակ գրաւականն է, հակառակ դէպքում, եթէ ՀՀ-ն իրօք թոյլ տայ եւ բացի դռները հաւաքական Արեւմուտքի առջեւ կարծում եմ, որ տարածաշրջանում կը լինեն պրոցեսներ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական, որը կարող է իսկապէս կործանարար լինել Հայաստանի համար:
Նահապետեանի դիտարկմամբ՝ միւս կողմից Վրաստանն է, այդ երկրում Արեւմուտքը ներկայացնող ուժերը, մասնաւորապէս Ֆրանսիան, հիմնական փորձում է այդ գործողութիւնները Վրաստանից Ռուսաստանի դուրս բերման ուղղութեամբ կատարել եւ Վրաստանը փորձում է իրեն յետ պահել այս ձեւաչափից, բայց կարծում եմ վաղ թէ ուշ ձախողւելու է, եւ վաղ թէ ուշ 3+3 ձեւաչափը տարածաշրջանում կայանալու է: Խնդիրն այն է, որ այդ երկիրը ինչքան կորուստներ կունենայ եւ ինչքան կը շահի:
Նահապետեանի խօսքով՝ երկու պետութիւն կայ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք իրենց պետական ամբողջ քաղաքականութիւնը հիմնել են ուժի կիրառման քաղաքականութեան ուղղութեամբ եւ եթէ հանդիպում են ուժի ապա այդ ուժի հետ բանակցային գործընթացի մէջ են մտնելու:
«Նրանք միաժամանակ ուզեն թէ չուզեն հաշւի են առնում Իրանի եւ Ռուսաստանի կարեւորագոյն դերակատարութիւնը տարածաշրջանի ուղղութեամբ, բայց դա չի բացառում, եթէ որոշակի աշխարհաքաղաքական իրողութիւնների պայմաններում ժամանակաւորապէս ենթադրենք Ռուսաստանը կամ Իրանը տարածաշրջանից որոշակի նահանջ ապրի, ապա իրենք այդ առիթը անպայման պէտք է օգտագործեն»,- նշեց նա:
Օսմանեան կայսրութեան ամբողջ քաղաքականութիւնը հիմնւած է դրա վրայ՝ իրենք պատրաստւում են նաեւ երկրորդ տարբերակի, բայց իրենք ընդունում են Ռուսաստանի եւ Իրանի դերակատարումը, մասնաւորապէս «Զանգեզուրի միջանցք»-ի այլընտրանքը, որը անցնում է Իրանով, իսկ հաւաքական Արեւմուտքը, որը ինքը տարածաշրջանում Մեծ Թուրան աշխարհագրական կառոյցն է փորձում ստեղծել, ամէն ինչ անում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը նաեւ ստեղծի Հայաստանում:
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ
«ԱԼԻՔ»- Նշենք, որ հարցազրոյցում «3+3» ձեւաչափի մասին քաղաքագէտի արտայայտած տեսակէտները խմբագրութիւնս չի կիսում:
ԽՄԲ.