Հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Մինասի տօնի առիթով
Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եւգրափոսի եւ Երմոգինէսի յիշատակի օրն է:
Սոյն տօնը համընկնում է նաեւ Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ այս առիթով, դեկտեմբերի 11-ին, համանուն եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ տօնակատարւեց Ս. Մինասի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը։
Կրօնական արարողութեան պատարագիչն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հրաւէրով հիւրաբար Թեհրանում գտնւող՝ Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը:
Հայր Սուրբը յընթացս քարոզի փառք եւ գոհութիւն յայտնեց Աստծուն, որ այսօր եւս այս գեղեցիկ տօնը պարգեւեց, իր հետ հաղորդակից դառնալու եւ իրեն փառաբանելու համար նաեւ սրտի անհուն շնորհակալութիւնը յայտնեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, որի յատուկ հրաւէրով այսօր գտնւում է Թեհրանում: Հայր Սուրբը աղօթք բարձրացրեց առ բարձրեալն Աստւած, որ Տէրը իր ամենակալ աջի զօրութեամբ առողջութիւն եւ ապաքինում պարգեւի Թեհրանի հայոց թեմի առաջնորդին:
Օրւայ խորհուրդը ներկաներին ուղղեց Հայր Սուրբը, լուսարձակի տակ առնելով սուրբերի մաքրակենցաղ վարքը եւ հոգեւոր զարգացման ճամբով աշխարհիկ հաճոյքներից նրանց հեռացումը, որի պայծառ օրինակն է Ս. Մինասը: Նա դիտել տւեց, որ սուրբերի ողջ կեանքը նւիրւած էր աղօթքի եւ քրիստոնէական այն հաստատուն հաւատքին, որը Տէրը կը լսի եւ նրանց Իր սիրոյն արժանի կը դարձնի:
Հայր Սուրբը խօսեց Ս. Մինասի կեանքի ու մարտիրոսութեան մասին, եւ նրա կեանքի միջից անդրադարձաւ հաւատքի վկայութեան եւ ամրութեան կարեւորութեանը: Նա յաւելեց, որ բացայայտւելով նրա ծածուկ հաւատքը, նա ենթարկւեց չարչարանքների, բայց իր աննկուն հաւատքով դարձի բերեց նաեւ իր չարչարող իրեն պաշտօնակից Երմոգինէսը եւ ապա երկուսը միասին, աստւածատուր զօրութեամբ բազում չարչարանքներ դիմագրաւելուց յետոյ կայսրի կողմից նահատակւեցին ու իրենց մահով փառաւորեցին Քրիստոսին:
Հայր Սուրբը հաւատացեալներին յորդորեց, որ Ս. Մինասի կեանքի օրինակին հետեւելով զօրացնեն իրենց հաւատքը: Նա բարեխօսութիւն խնդրեց Սուրբերից, որպէսզի մեզ պահպանի ամէն չարից եւ չարիքից, մեզ տայ Տիրոջ իմաստութիւնը եւ տայ այն զգաստութիւնը, որ կարողանանք ընտրել եւ զանազանել, թէ որն է կարեւորը եւ որն է անկարեւորը, որովհետեւ Յիսուս Քրիստոսին եւ Աստծուն եւ Ս. Երրորդութեան կը վերապահւեն՝ ամէն զօրութիւն, ամէն հարստութիւն եւ ամէն իշխանութիւն:
Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ ջրի օրհնութիւն եւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերարների հոգիների հանգստեան համար։
Արարողութեանը ներկայ էին Քահանայից դասը, Թեմական եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ