ԹեհրանՀամայնք

Նշւեց՝ Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան գործունէութեան եւ հիմնադրման 120-ամեակը

Հայ ժողովրդի հազարամեայ պատմութեան ընթացքում միշտ իր անժխտելի դերն ու տեղն է ունեցել հայ կինը: Պարագան նոյնն է եղել նաեւ իրանահայ համայնքում եւ հայ կանանց միջոցով հիմք են դրւել մի շարք միութիւնների:

Այս միութիւններից է Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնը, որի գործունէութեան եւ հիմնադրման 120-ամեայ յոբելեանը նշւեց  թւականիս մարտի 7-ին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում:

Յոբելեանի մեկնարկը կատարւեց Տէրունական աղօթքով, Օֆիկ Մաթէոսեան (Մելիքեան)-ի կատարմամբ, որից յետոյ հանդիսատեսը ականատեսը եղաւ միութեան 120-ամեայ անցած ուղին պատկերող տեսահոլովակի:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից խօսք փոխանցեց, արւեստի գործիչ եւ պարուսոյց Կարինէ Մանուչերեանը: Իր ելոյթի ընթացքում նա ողջունելով ներկաներին ընդգծեց. «Ամեակների յիշատակումը լայն հնարաւորութիւն են պատկան կառոյցի ու միութեան համար, վերարժեւորելու իրենց անցած ուղին, ու նոր ոգով եւ աւիւնով լծւելու նոր աշխատանքների յանուն մեր ազգային, հասարակական ու բարեսիրական սկզբունքների»:

Ապա բեմ հրաւիրւեց միութեան վարչութեան նախագահուհի՝ Անահիտ Զարգարեանը: Իր ելոյթի ընթացքում տկն. Զարգարեանը ընդգծեց. «Այս տարի Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւն կոչւող խորարմատ այս կաղնին իր գոյութեան 120-ամեակն է բոլորել: Բարեգործութիւնը դարերեց ի վեր եղել է եւ շարունակում է մնալ որպէս հայ ժողովրդի ազգային եւ կրօնական առաքինութիւններից մէկը: Հայութեան բազմադարեայ կեանքի բովանդակ ընթացքում, բարի գործերով կարօտեալ մարդկանց օգնութեան ձեռք մեկնելու ազնիւ գաղափարը միշտ էլ գոյութիւն է ունեցել, որը գալիս է փաստելու նրա հոգե-մտաւոր բարձր զարգացման իրողութիւնը»: Իր ելոյթի այլ բաժնում նա ընդգծեց. «Իրանահայ հասարակական կեանքի մեր պատմութեան բոլոր շրջաններում, մասնաւորաբար կանանց կամաւոր անդամակցութեամբ կազմւած բարեգործական կառոյցների գոյութիւնը եւ գործունէութիւնը միշտ էլ ունեցել է աչքառու ներկայութիւն: Այդ զգացմունքը հայ ժողովրդի ծնունդի օրւանից ժամանակի պահանջներին ու կարիքներին համապատասխան գոյութիւն է ունեցել եւ պատմութեան ծիրով շարունակւել է մինչեւ մեր ներկայ օրերը, անկախ պայմանների դրւածքից»:

Վարչութեան նախագահը անդրադառնալով ընկերութեան հիմնադրման առաքելութեանը նշեց. «1905 թւականին Թեհրանում հիմնւել է կանանց առաջին միութիւնը, որը կոչւել Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւն: Միութեան գլխաւոր նպատակն է եղել՝օգնել համայնքի հայ կարիքաւորներին հետեւեալ կարգով՝ նիւթապէս օժանդակել հայոց դպրոցին, հայթայթել կարիքաւոր աշակերտների համազգեստը, գրենական պիտոյքները ու սնունդը, նիւթապէս օգնել կարիքաւոր ընտանիքներին, բժշկական օժանդակութիւն եւ դեղորայք հայթայթել կարիքաւորների համար, ապաստան տալ գաղթականներին, խմելու ջուր եւ վառելիք հայթայթել դպրոցի համար, նպաստ տալ այրի կանանց եւ գործելու անկարողներին, հոգալ կարիքաւորների թաղման ծախսերը, հիմնել օրիորդաց միջնակարգ դպրոց եւ արհեստանոց, հոգալ որբ երեխաների ծախսը: 1915 թւականին Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած հայորդիների համար ապաստան ապահովելու գծով մեծ դեր է ունեցել ընկերութիւնը: 1918 թւականին Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրօք Հայաստանի բանակին օգնելու ոսկէ ֆոնդի համար ձեռնարկներ եւ նւիրահաւաք է կազմակերպել: 1921 թւականից մինչեւ 1930-ը համաշխարհային պատերազմի բերումով ընկերութիւնը դժւարութեան է մատնւում, սակայն չի վհատւում եւ շարունակում է աշխատել Հայ կանանց Կարմիր Խաչի անունով եւ օգնում է պատերազմից տուժածներին: Այդ շրջանում ընկերութեանը նախագահում էր Նինիշ Ստեփանեանը եւ կազմում էին տիկնայք՝ Շուշանիկ Արամեանը, Էլիզ Մելիքեանը եւ օրիորդներ՝ Բերսաբէ Յովհաննիսեանը եւ Աննիկ Եղիազարեանը: Այդ ժամանակաշրջանում եւս աւանդական սովորութեան կարգն է անցկացւում՝ Ս. Ծննդեան եւ Ս. Յարութեան ընթրիքների պատրաստմանը, պանդուխտ զինւորների, գաղթականների եւ չքաւորների համար: 1936 թւականին, երբ Իրանում ժամանակի իշխանութեան կողմից փակւում են հայոց դպրոցները, աշակերտութեան հայոց գիր ու գրականութեանը կապւած պահելու նպատակով, ընկերութիւնը դպրոցների եւ միութիւնների գրքերը հաւաքելով վերամշակում է բազմաթիւ գրքեր եւ հիմնում է ազգային  գրադարան: Անդամուհիների ինքնազարգացման համար կազմակերւում է դասախօսութիւններ, այցելութիւններ ցուցահանդէսներ, որոնք շարունակւում են մինչ օրս: 1947 թւականին Ներքին գործերի նախարարութեան կողմից պետականօրէն գրանցւում է ընկերութիւնը»:

Նա նշեց, որ Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնը միշտ աշխատել է ըստ ժամանակի պահանջների եւ կարիքների եւ աւելացրեց, որ այսօր ընկերութիւնը տնօրինում է Թեհրանի «Սօսէ Մայրիկ» տարեցների տունը եւ Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում բնակւող տարեցներին, շարունակելով իր բարեսիրական աշխատանքները ուր որ անկ է: Նա ընդգծեց, որ տարեցների երկու հանգստեան տները Իրանի բարեկեցութեան կենտրոնի հսկողութեան ներքոյ են եւ նրանց ստուգումների արդիւնքում միշտ առաջնակարգ, տեղերն են գրաւում այդ երկու հանդստեան տները: Նա մանրամասն ներկայացրեց ծերանոցներում տարւող աշխատանքները եւ անդրադարձաւ ընկերութեան ներկայի աշխատանքներին՝ ծերանոցների կառավարում, շուրջ 100 կարիքաւոր ընտանիքների նպաստի վճարում եւ տարեկան երկու անգամ մթերքների տրամադրում, հիւանդների դեղոտայքի եւ բուժման ծախսերի օժանդակութիւն, դպրոցական սաներին օժանդակութիւն, Թեհրանի այլ ծերանոցներում, կարիքաւոր տարեցների խնամակալութիւն, եւ աշխատանքով ապահովել աշխատանք փնտրողներին:

Իր խօսքերի աւարտին՝ Անահիտ Զարգարեանը շնորհակալութիւն յայտնեց  թեմակալ առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, պատգամաւոր Արա Շահվերդեանին, ազգային իշխանութեանը, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի կազմին եւ հայ բժիշկներին համագործակցութեան կապակցութեամբ եւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեանը սրահները սիրայօժար տրամադրելու կապակցութեամբ:

Յոբելեանը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով: Երգերի կատարմամբ հանդէս եկան Թենի եւ Թեմա Յակոբեանները, ասմունքների կատարմամբ Անի Թահմասեանը, իսկ դաշնամուրի եւ ջութակի համատեղ կատարումով ելոյթ ունեցան արւեստագէտ-դաշնակահար Արմինէ  Աբովեանը եւ Արէգ Շահվերդեանը: Գեղարւեստական յայտագրում հայկական պարերով հանդէս եկան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի սաները, գեղարւեստական ղեկավար Արտաւազդ Աւետիսեան, բեմադրիչ Մերի Աւետիսեան, գլխաւոր պարուսոյցներ՝ Թինա Անտոն եւ Սիւնէ Շահվալադեան:

Հանդիսութեան ընթացքում տարբեր հատւածներում ցուցադրւեց տեսաֆիլմեր, որոնք ներկայացում էին ընկերութեան ծաւալած աշխատանքները երկու տարեցների տներում:

Յոբելեանի առիթով շնորհաւրական ուղերձներ էին յղւել, որոնց անդրադարձաւ օրւայ հաղորդավարը եւ ընթերցեց ուղերձներից մի քանիսը:

Ապա բեմ հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական՝ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը եւ փոխանցեց թեմակալ առաջնորդի ուղերձը:

Ուղերձի մէջ նշւած էր. «Մեծապէս գնահատում ենք ձեր գործունէութիւնը մեր գաղութից ներս: Հայ կինը միշտ եղել է բարեսէր, ծառայասէր եւ գթառատ իր գործունէութեամբ: Պատմութեան վկայութեամբ ունեցել ենք թագուհիներ, իշխանուհիներ եւ պարզ հաւատացեալ կանայք, որոնք անձնուրացութեամբ ծառայել եւ գործել են մեր ժողովրդի կեանքում: Նոյն գործը այսօր Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնն ու մեր համայնքում գործող բոլոր միութիւններն են կատարում, որի համար յայտնում ենք մեր օրհնութիւնը եւ գնահատանքը:

Ծառայութիւնը նւիրական պարտականութիւն է ամէն մի աստւածաստեղծ մարդու համար:

Ուզում ենք այս առիթով ողջունել ձեզ եւ ձեր բոլոր անդամուհիները եւ միաժամանակ աղօթել բոլոր նրանց համար, ովքեր գործեցին եւ անցան: Թող Աստւած օրհնէ ձեզ՝ Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնդ եւ առաւել իմաստութիւն եւ առողջութիւն պարգեւի ձեզ, ձեր աստւածահաճ եւ ազգանւէր ծառայութեան ընթացքի շարունակման համար»:

Սրբազան Հօր ուղերձի ընթերցումից յետոյ բեմ հրաւիրւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը իր շնորհաւորանքը փոխանցելով Մարտի 8-ի կապակցութեամբ կարեւորեց համայնքում հայ կանանց միութիւնների անհերքելի դերը համայնքի բարօրութեան հարցով: Նա ընդգծեց, որ պետական մակարդակով բազմիցս է անդրադարձել այն հանգամանքին, որ Իրանում հայ կանայք հիմնադրել են բարեսիրական միութիւններ, որոնցից որոշները ունեն աւելի քան մէկ դարեայ պատմութիւն: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ համայնքի գործադիր եւ օրէնսդիր մարմիններում նաեւ կրթօջախներում հայ կանանց ուսուցանող եւ դաստիարակող անժխտելի դերակատարութեանը: Նա անդրադառնալով բարեգործական աշխատանքներին նշեց, որ դա կամաւոր ծառայութիւն է, որը նպատակաուղղւած է նպաստելու կարիքաւոր անձանց եւ այս նպատակով է, որ սրանից 120 տարի առաջ հիմք է դրւել Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան: Նա գնահատանքով անդրադարձաւ ընկերութեան անդամների բծախնդիր վերաբերմունքի մասին, որ ցուցաբերում են  Թեհրանի երկու տարեցների կենտորններում բնակւող տարեցների նկատմամբ եւ նշեց, որ ընկերութեան անդամուհիները չեն խնայում իրենց ջանքը, բոլորիս համատեղ նպատակի, այսինքն՝ համայնքի բարօրութեան իրականացման համար եւ գնահատեց նրանց համբերատարութիւնը եւ միասնական աշխատանքը: 

Յոբելեանին ներկայ էին «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:

Յոբելենական հանդիսութեան աւարտին բեմ հրաւիրւեցին ընկերութեան վաստակաւոր եւ վետերան, անդամուհիներ, ներկայի վարչականներ եւ միջամուխ անհատներ, որոնք գնահատականներ ստացան ձեռամբ՝ պատգամաւորի եւ ազգային ու հոգեւոր իշխանութեան ներկայացուցիչների, որից յետոյ հատւեց յոբելեանի տորթը:

Հանդիսութեան աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button