Աւետ Ադոնց. «Տարածաշրջանային խնդիրները լուծելու համար նպատակայարմար է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը»

«ԱԼԻՔ» – «Այլընտրանքային» նախագծեր խումբը ներկայացնում է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Աւետ Ադոնցի յօդւածը.
«Կասկածից վեր է, որ արդէն մի քանի տարի է, ինչ սկսել է հաստատւել նոր աշխարհակարգ, որին զուգահեռ, միջազգային քաղաքականութեան եւ յարաբերութիւնների մէջ արդէն ձեւաւորւում են նոր կանոններ եւ միտումներ։
Դոնալդ Թրամփի գալով՝ այս գործընթացի դինամիկան կտրուկ աճել է։ Եթէ տնտեսագիտական եւ մաթեմատիկական լեզւով ձեւակերպենք ԱՄՆ նախագահի կառավարման առաջին շրջանի տրամաբանութիւնը, ապա այն կունենայ հետեւեալ տեսքը. ռիսկերի եւ ծախսերի նւազեցում՝ մեծ շահոյթի ստացման եւ կայուն զարգացման ու հեռանկարների ամրապնդման համար։
Ռիսկերը հիմնականում վերաբերում են միջազգային անվտանգութեան ճարտարապետութեան օրակարգին։ Այս օրակարգն է, որ հաշւի առնելով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ լարւածութեան բարձր մակարդակը, միջազգային հանրութեան առջեւ բացել է անորոշութիւն, անկանխատեսելիութիւն եւ երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման իրական հեռանկար։ Եւ Թրամփի հնչեցրած միտքը, որ խաղաղութիւն է անհրաժեշտ, եւ մենք չպէտք է թոյլ տանք համաշխարհային պատերազմ, առանցքային էր Օւալաձեւ աշխատասենեակում Զելենսկու հետ կայացած հանդիպմանը։
Միւս կողմից, ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական կուրսի «կտրուկ շրջադարձը» նշանաւորւեց ոչ միայն Թրամփի առաջին հրամանագրերով, Միւնխէնի անվտանգութեան համաժողովում փոխնախագահ Վենսի դասախօսութեամբ՝ ուղղւած եւրոպական էլիտային, այլեւ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ հեռուստատեսութեամբ խաչը ճակատին ի յայտ գալով եւ զարգացման ամերիկեան գործակալութեան (USAID) աշխատանքի սառեցմամբ:
«Գլոբալիզացիան տեղայնացնելու» ակնյայտ փորձ կայ, ինչին շատ էր ձգտում նախորդ վարչակազմը։
Եւրոպան իր հերթին ագրեսիւ է արձագանգում ԱՄՆ-ում տեղի ունեցող արտաքին քաղաքական փոփոխութիւններին։ Դա հաստատում են Սպիտակ տանը Զելենսկու հետ յայտնի հանդիպումից յետոյ Զելենսկու հետ Լոնդոնում կայացած եւրոպական հանդիպումը, եւ Մակրոնի յայտարարութիւնները Եւրոպայի անկախութեան անհրաժեշտութեան մասին, նրա անվտանգութեան ապահովման առումով, հաշւի առնելով, որ Եւրոպայի համար հիմնական սպառնալիքը գալիս է Ռուսաստանից։
Ակնյայտ է, որ եւրոպական վերնախաւին ժամանակ է պէտք՝ դեմոկրատների կողմից «ձեւաւորւած» տեսլականներն ու մօտեցումները փոխելու համար։ Եթէ դա տեղի չունենայ, ինչը քիչ հաւանական է, ապա Եւրոպայի եւ ԱՄՆ-ի այսօրւայ ցածրորակ յարաբերութիւնների, ինչպէս նաեւ արեւելքից յայտարարւած սպառնալիքների ֆոնին պէտք չէ բացառել եւրոպական անվտանգութեան ապահովման նոր համակարգի ձեւաւորման գործընթացի սկիզբը, բայց՝ առանց ՆԱՏՕ-ի, որտեղ գերիշխում է ԱՄՆ-ը։
Այս սցենարը քիչ հաւանական է, բայց բացառել չի կարելի։ Այսօր ամբողջ աշխարհը յետեւում է, թէ ինչպէս են զարգանում մեկնարկած ռուս-ամերիկեան բանակցութիւնները։ Հէնց այդ բանակցութիւններից է կախւած, թէ որքան կանխատեսելի կը դառնայ միջազգային իրավիճակը, որքանով հնարաւոր կը լինի նախագծել միջազգային անվտանգութեան նոր ճարտարապետութիւն, հասնել խաղաղութեան Ուկրաինայում եւ կանխել հետագայ լարւածութիւնը։
Բացի Ուկրաինայից եւ Մերձաւոր Արեւելքից, լարւածութեան մէկ այլ օջախ է նաեւ Հարաւային Կովկասը, որտեղ Հայաստանը պարտւել է Ղարաբաղեան պատերազմում եւ Հայաստանի ներկայիս իշխանութիւնների կողմից ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս ճանաչելուց յետոյ իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց։ Արցախում էթնիկ զտումներից եւ 120.000 հայերի արտաքսումից յետոյ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակում է իր սպառնալիքները, բայց այս անգամ Հայաստանի եւ նրա ժողովրդի դէմ։
Թուրք-ադրբեջանական «միութիւնը», ճնշում գործադրելով, հետեւողականօրէն բարձրացնում է իր ազդեցութեան մակարդակը Հայաստանի ոչ միայն արտաքին, այլեւ ներքաղաքական կեանքի վրայ։ Նրանց բազմաթիւ պահանջներից են Հայաստանի Հանրապետութեան նոր սահմանադրութեան ընդունումը, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրումը Ադրբեջանին արտատարածքային հիմունքներով եւ շատ աւելին։
Միաժամանակ, այսօր Բաքւում, ի դէմս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան, դատւում է հէնց Հայաստանը, հայ ժողովուրդը, մեր ինքնութիւնը։ Աւելի նւաստացուցիչ իրավիճակ դժւար է պատկերացնել։
Ինչպէ՞ս է արձագանգում Հայաստանի ներկայիս իշխող ռեժիմը։ Նպատակ դնելով ամէն գնով «խաղաղութեան պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ՝ նա համաձայնում է առաջադրւած պայմաններին։ Աւելին, Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնն ամրապնդելու փոխարէն՝ ՀՀ կառավարութիւնը, Հայաստանի հանրապետութիւնը «ժողովրդավարութեան բաստիոն» հռչակելով, նպատակաուղղւած բարձրացնում է հակառուսական տրամադրութիւնների մակարդակը հայ հանրութեան շրջանակներում, սառեցնում է իր մասնակցութիւնը ՀԱՊԿ-ին եւ հետեւողականօրէն իրականացնում ԵՄ-ին Հայաստանի անդամակցութեան անհեռանկար գործընթացը՝ հիմնաւորելով այդ ամէնը որպէս երկրի անվտանգութեան ամրապնդմանն ուղղւած քայլեր։
Աւելին, Հայաստանի իշխանութիւնները կատարեալ անտարբերութիւն են ցուցաբերում Բաքւում ընթացող դատավարութեան նկատմամբ։ Ի տարբերութիւն այս հարցում պետական մեքենան օգտագործելու իշխանութեան դժկամութեան, բոլորովին վերջերս իր կապերի եւ անձնական հեղինակութեան շնորհիւ Գ. Ծառուկեանը բելառուսական բանտից հայրենիք վերադարձրեց հայ բլոգերին, եւ յատուկ ուղերձով խնդրեց դա չվերագրել քաղաքական կամ կուսակցական գործունէութեանը։ Իսկ տարիներ առաջ Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Ա. Աբրահամեանը Հայաստան վերադարձրեց Աֆրիկեան երկրներից մէկում բանտարկւած հայ օդաչուներին։ Թուլացած պետութեան պայմաններում անհատների դերը էականօրէն կարեւորւում է։ Պէտք է հասկանալ նաեւ, որ Թրամփի խորքային քայլերի պայմաններում ժամանակակից աշխարհի նոր տրենդն է՝ անհատների եւ անհատական կապերի դերի մեծացումը։
Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վերականգնումը հեշտ չէ, բայց հնարաւոր է. սա օբիեկտիւ անհրաժեշտութիւն է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար։ Մեր երկկողմ յարաբերութիւններում պէտք է առաջ տանել ոչ միայն առեւտրատնտեսական բաղադրիչը, այլեւ սկսել քաղաքական երկխօսութիւն վստահութեան մթնոլորտում եւ յատուկ ուշադրութիւն դարձնել անվտանգութեան օրակարգին։ Տարածաշրջանային խնդիրները լուծելու համար նպատակայարմար է ակտիւացնել 3+3 ձեւաչափը, վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ «ապասառեցնել» Հայաստանի մասնակցութիւնը ՀԱՊԿ-ին։
Դա պէտք է անեն բանիմաց, փորձառու եւ պատասխանատու մարդիկ, որոնք կառաջնորդւեն Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպէս նաեւ բազմամիլիոնանոց սփիւռքի շահերով, որի մի զգալի մասն ապրում է Ռուսաստանում։ Արդիւնքում Հայաստանը հնարաւորութիւն կունենայ վերականգնելու իր տեղը տարածաշրջանային անվտանգութեան ճարտարապետութեան մէջ։ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը պէտք է լինի ճկուն եւ ազնիւ»: