Լոքմագեօզեան. «Որեւէ երկրի քաղաքացի չի երազում՝ գայ-հասնի Հայաստան, այդ սահմանով անցնի Թուրքիա, սահմանի բացումը ձեռնտու է միայն ադրբեջանցիներին»

Անթալիայի դիւանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում յատուկ բանագնաց Ռուբէն Ռուբինեանը եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հանդիպումից յետոյ Քըլըչը յայտնել է, որ քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը։
Նա նաեւ ասել է, որ հայ-թուրքական սահմանն առայժմ չի բացւելու։
Սերդար Քըլըչն ասել է, որ Ռուբէն Ռուբինեանի հետ յաջորդ հանդիպման յստակ ժամկէտը դեռ համաձայնեցւած չէ։
Քըլըչին հարց են ուղղել նաեւ Հայաստանի Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ անելու Ադրբեջանի պահանջի վերաբերեալ։ Հարցին՝ արդեօք Թուրքիան նոյնպէ՞ս Հայաստանից պահանջել է փոփոխութիւններ կատարել իր Սահմանադրութեան մէջ, նա պատասխանել է. «Սահմանադրութեան փոփոխութեան վերաբերեալ յայտարարութիւն է արել նաեւ Նիկոլ Փաշինեանը, այս համատեքստում Հայաստանը կը կատարի անհրաժեշտ փոփոխութիւններն իր Սահմանադրութեան մէջ»։
Նշենք, որ հայկական կողմը վաղուց արդէն վերանորոգել ու վերազինել է Մարգարայի անցակէտը՝ պատրաստւելով այն բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպէս նախապէս յայտարարել էին երկու երկրների իշխանութիւնները։ Մարգարայի անցակէտը բացւել էր միայն 10 օրով՝ Հայաստանից Սիրիա հումանիտար օգնութիւն տանելու նպատակով։
Թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը վստահ է՝ հայ-թուրքական սահմանի բացման կամ չբացման հարցն առհասարակ կապւած չէ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման հետ, քանի որ Թուրքիան երբեք էլ չի ձգտել դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Հայաստանի հետ։
«Ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի եւ Թուրքիայի նախագահ Գիւլի պրոտոկոլային հանդիպումներում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն Էրդողանի կողմից միանգամից խափանւեցին. Գիւլի կողմից վարւող քաղաքականութիւնն այլ էր, Էրդողանինը՝ այլ։ Էրդողանն այսօր անգամ այդ պայմանաւորւածութիւնների մասին չի էլ խօսում։ ՀՀ օրւայ իշխանութիւնն էլ դրա մասին չի խօսում, ինչից կարելի է ենթադրել, որ այն, ինչ այսօր իրենք մեզ ներկայացնում են հայ-թուրքական յարաբերութիւնների անւան տակ՝ բոլորը մեզ է ուղղւած, ներքին լսարանի եւ նրա աչքին թոզ փչելու համար են, այս ամէնն աճպարարութիւն է»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Տիրան Լոքմագեօզեանը։
Նա յիշեցրեց՝ ՀՀ կառավարութեան ղեկավարը թուրք լրագրողների հրաւիրեց Հայաստան, Մարգարայի անցակէտը ցոյց տւեց, որպէսզի տեսնեն, թէ նրանց համար ինչ են արել, ինչ պատրաստութիւններ են տեսել՝ ինչը եղած աճպարարութեան մի դրւագն է։
«Գուցէ ՀՀ իշխանութիւնը յոյս ունէր, որ Թուրքիան ընդառաջ կը գնայ իրեն, գոնէ սահմանը կը բացի, այն էլ՝ ոչ թէ Հայաստանի համար, այլ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ինքս միշտ ասել եմ, որ երրորդ երկրների քաղաքացիներ ասելով՝ նկատի ունեն ադրբեջանցիներին, թող մի քանի զբօսաշրջիկ էլ լինեն, որոնք կը ցանկանան Թուրքիայից Հայաստան գալ, կամ՝ հակառակը։ Որեւէ երկրի քաղաքացի մեր սահմանի կարիքը չունի, աւելի լաւ ճանապարհներ կան, որեւէ մէկը չի երազում՝ գայ-հասնի Հայաստան, որ Հայաստանից էլ այդ սահմանով անցնի Թուրքիա, սահմանի բացումը ձեռնտու է միայն ադրբեջանցիներին»,- յաւելեց մեր զրուցակիցը։
Տիրան Լոքմագեօզեանի բնորոշմամբ՝ այսօր «ՀՀ կառավարութիւնն Ադրբեջանի կառավարութեան ֆիլիալն է Հայաստանում»։
«Բոլորն էլ լաւ տեսնում են ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, որը հակահայ է, փոխարէնը՝ պրօթուրքական ու պրօադրբեջանական է։ Թուրքիան է ասում, որ Ադրբեջանի հետ մէկ պետութիւն են, երկու ժողովուրդ, եթէ «միջանցքն» էլ ստանան Հայաստանից, ապա կը դառնան մէկ երկիր, մէկ ժողովուրդ»,- ընդգծեց Տիրան Լոքմագեօզեանը։