Բաքւում դատում են հայ ազգին՝ հայ լինելու համար

Շաքէ Իսայեան
«Այլընտրանքային» նախագծեր խումբ
Երէկ (ապրիլի 10-ին, ԽՄԲ.) մասնակցում էինք մի պանելային հանդիպում-քննարկման՝ Բաքւի բանտերում պահւող հայ ռազմագերիների վերաբերեալ։
Բանախօսները Եւրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակեանը եւ միջազգային իրաւունքի մասնագէտ Տարօն Սիմոնեանն էին։
Քննարկման ժամանակ ներկայացւեց ռազմագերիների վերաբերեալ գործերի ընթացիկ վիճակը, նրանց պահման անմարդկային պայմանները, գործընթացի տոտալ անվերահսկելիութիւնը որեւէ միջազգային անկախ կառոյցի կողմից: Քննարկման առանցքն էր՝ ի՞նչ անելիքներ ունեն Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայ հանրութիւնը նրանց վերադարձնելու համար:
Պարզ է, միջազգային ատեաններում Ադրբեջանի դէմ հայցերից հրաժարումը բնաւ այս խնդրի լուծումը չէ, այն որեւէ խնդրի լուծում չէ, աւելին՝ մի հսկայ բացասական ժառանգութիւն է Հայաստանի ու հայերի ապագայ սերունդներին:
Ու երէկւանից (ապրիլի 10-ից) այս միտքը ինձ հանգիստ չի տալիս, որ փոխարէնը գերիների հարցում աննահանջ մէկ միասնական օրակարգ թելադրելու, քննարկում ենք, թէ միջպետական գանգատներից հրաժարւելուց յետոյ ի՞նչ գործիքակազմ կարելի է կիրառել՝ ռազմագերիներին յետ պահանջելու օրինական հիմք ունենալու համար:
Հասկանալի է, հարկաւոր է ռեալիստ լինել, ուղիներ փնտրել, որովհետեւ իշխանութիւնը կարծես թէ վճռական է գանգատներից հրաժարւելու իր որոշման մէջ, սակայն դա չի փոխում այն փաստը, որ հայ ռազմագերիների ներկայիս վիճակը իւրաքանչիւրիս, իւրաքանչիւր հայի անձնական ամօթը պէտք է լինի:
Մենք ունենք արձանագրւած դէպքեր, երբ մարդիկ սպանւել են հէնց գերեվարման ընթացքում։ Ութ տասնեակ հայեր ենթարկւել են բռնի անհետացման։ Կան մարդկային ճակատագրեր, որոնք տակաւին գտնւում են անյայտութեան մէջ: Ադրբեջանը պաշտօնապէս հաստատում է իր մօտ 23 հայ գերիների առկայութիւնը։ Նրանց մի մասի, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչների նկատմամբ Բաքւում կեղծ քրէական գործեր են յարուցւել եւ անցկացւում են շինծու դատավարութիւններ։
Բաքւում դատում են հայ ազգին՝ հայ լինելու համար: Միջպետական գանգատներից հրաժարւելը, խաղաղութեան խաչմերուկներում դեգերելը, գերիների հարցը պետական օրակարգից դուրս թողնելը որեւէ կերպ չեն մօտեցնում խոստացւած խաղաղութիւնը…