ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլը վերսկսել է յարձակումները Գազայի վրայ՝ խախտելով հրադադարը

«ԱԼԻՔ» – Գազա քաղաքը երէկ՝ երեկոյեան ցնցւել է ուժգին պայթիւններից, իսկ Դէյր ալ-Բալահի արեւելեան հատւածները ենթարկւել են հրետանային հարւածների։ Իսրայէլի ռազմական օդուժը մի քանի օդային յարձակում է իրականացրել Գազայի հիւսիսում, հարաւում եւ կենտրոնում՝ ներառեալ «Ալ-Շաֆա» բժշկական համալիրի շրջակայքը։

Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ պաղեստինեան աղբիւրների տեղեկութիւններով՝ Թել Աւիւը վերսկսել է Գազայի վրայ յարձակումները՝ մեղադրելով պաղեստինեան դիմադրութեանը հրադադարը խախտելու մէջ։ Հրթիռակոծւել են յատկապէս Զէյթուն ու Սաբրա թաղամասերը, որտեղ երեքյարկանի բնակելի շէնքի հարւածի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թւում՝ երեխաներ։ Ընդհանուր առմամբ՝ վերջին յարձակումներում աւելի քան տասը մարդ է զոհւել, տասնեակները՝ վիրաւորւել։

Իսրայէլի լրատւամիջոցների տեղեկութեամբ՝ վարչապետ Բենիամին Նեթանիահուն նախքան յարձակումների սկսւելը տեղեկացրել է ամերիկեան իշխանութիւններին։ ԱՄՆ-ի պաշտօնեաներն ու CNN-ը հաստատել են, որ Վաշինգտոնը նախապէս տեղեկացւել է Թել Աւիւի գործողութիւնների մասին։ Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջէյ Դի Վենսը յայտարարել է, որ հրադադարը շարունակում է մնալ ուժի մէջ՝ չնայած այսօր տեղի ունեցած բախումներին։

Իսրայէլական մամուլը, մասնաւորապէս Israel Hayom եւ Maariv թերթերը, գրում են, որ Թել Աւիւը նպատակ չունի վերադառնալ ամբողջածաւալ պատերազմի։ Այնուամենայնիւ, պաղեստինեան կողմը նշում է, որ Իսրայէլը հրադադարի պայմանաւորւածութիւնը խախտել է առնւազն 125 անգամ, ինչի հետեւանքով այս ընթացքում զոհւել է 94 քաղաքացի, վիրաւորւել՝ 344-ը։

ՀԱՄԱՍ շարժումը յայտարարել է, որ հաւատարիմ է հրադադարի համաձայնագրին եւ կապ չունի Ռաֆահում տեղի ունեցած կրակոցների հետ՝ ընդգծելով, որ Իսրայէլի յարձակումները կոպտօրէն խախտում են Կահիրէում ԱՄՆ նախագահի հովանու ներքոյ ձեռք բերւած համաձայնութիւնը։

Այս իրադարձութիւնների ֆոնին, Իսրայէլի ընդդիմութեան ղեկավար Եաիր Լապիդը կոշտ քննադատութեան է ենթարկել վարչապետ Բենիամին Նեթանիահուի՝ Գազայի ռազմական գործողութիւններ իրականացնելու որոշումը՝ նշելով, որ որեւէ հիմնաւորում չկայ նոր պատերազմի համար։ Լապիդը նշել է, որ անգամ եթէ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարը, դա չի կարող արդարացում դառնալ ռազմական գործողութիւնների վերսկսելու համար։

Related Articles

Back to top button