Հայաստան - ԱրցախՄիջազգայինՏնտեսական

Վահէ Դաւթեան. «Էներգետիկ վեկտորի փոփոխութիւն. ինչո՞ւ է դա կարեւոր Հայաստանի համար»

«ԱԼԻՔ» «Էներգետիկ վեկտորի փոփոխութիւն. Բաքւի արտահանման անկումը բացայայտում է համակարգային ճեղքեր: Ինչո՞ւ է դա կարեւոր Հայաստանի համար»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը։

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Ադրբեջանի էներգետիկ համակարգը գտնւում է փոփոխական եւ անկայունութեան փուլում։ 2025 թ. առաջին 8 ամիսների տւեալները ցոյց են տալիս, որ երկրի էլեկտրաէներգիայի արտահանման ծաւալը կրճատւել է մօտ 10%-ով, իսկ արտահանման եկամուտները՝ աւելի քան 8%-ով։

Ամենամեծ անկումը գրանցւել է Ռուսաստանի ուղղութեամբ՝ մատակարարումները նւազել են գրեթէ 1,7 անգամ, եկամուտները՝ աւելի քան կրկնակի։ Նմանատիպ միտումներ են նկատւում նաեւ Թուրքիայի եւ Իրանի ուղղութիւններով արտահանման ցուցանիշներում (համապատասխանաբար -19,8% ռեւ -11,9%), ինչը վկայում է ոչ թէ առանձին շուկաների անկայունութեան, այլ՝ համակարգային կրճատման մասին։

Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանը աւելացնում է էլեկտրաէներգիայի ներմուծումը հարեւաններից՝ յատկապէս Ռուսաստանից, ինչը փաստում է ներքին սպառման եւ արտադրութեան հաւասարակշռութեան խախտման մասին։

Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի արտահանման եկամուտը (մօտ 52,7 մլն ԱՄՆ դոլար 8 ամիսների ընթացքում) այլեւս չի հաւասարակշռում ծախսերը, իսկ երկրի էներգետիկ հաշւեկշիռը աստիճանաբար տեղափոխւում է մաքուր արտահանողից դէպի փոխադարձ կախւածութեան մոդել։

Նոյն միտումը նկատւում է նաեւ նաւթային հատւածում․ ս.թ. 7 ամիսների արդիւնքում Բաքուն նւազեցրել է ռուսական նաւթի ներմուծումը 32%-ով, սակայն այլ աղբիւրներից՝ Ղազախստանից եւ Իրաքից ստացւող ծաւալները չեն կարողացել փոխհատուցել կորուստները։ Արդիւնքում՝ նաւթի արտահանման եկամուտները նւազել են գրեթէ կրկնակի՝ նախաճգնաժամային տարիների համեմատ։

Ստացւում է պարադոքսալ պատկերը․ երկիր, որը ձգտում է հանդէս գալ որպէս Հարաւային Կովկասի էներգետիկ հանգոյց, այսօր ստիպւած է էլեկտրաէներգիա ներմուծել եւ վերանայել սեփական արտահանման ռազմավարութիւնը։

Եւ սա հէնց այն տեղեկատւական-պրոպագանդիստական փուչիկն է, որը Երեւանն այլ պայմաններում կարող էր օգտագործել Բաքւի էներգետիկ-դիւանագիտական հնարքների դէմ: Վերջիններս, ինչպէս բազմիցս եմ գրել, ուղղւած են արտաքին, յատկապէս եւրոպական դերակատարներին համոզելուն, որ այսպէս կոչւած «Զանգեզուրեան միջանցք»-ը կարող է ծառայեցւել արեւմտեան շուկաներ էլեկտրաէներգիայի կայուն արտահանման նպատակով»:

Related Articles

Back to top button