ԻրանՄիջազգայինՏնտեսական

ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մէջ է մտել

«ԱԼԻՔ» – Եւրասիական տնտեսական միութեան անդամ պետութիւնների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ազատ առեւտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մէջ է մտել: Մոսկւայում «Արմէնպրես»-ի  թղթակցին այս մասին յայտնել են Եւրասիական տնտեսական յանձնաժողովից: 

«Ամբողջական համաձայնագրի գործարկման շրջանակում կողմերն արդէն սկսել են կազմակերպել առաջին համատեղ կոմիտէի նիստը, որը նախատեսւած է 2025 թւականի երկրորդ կիսամեակում։ Այդ նիստի ընթացքում կը քննարկւեն ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցութեան հետագայ զարգացման կոնկրետ հարցերը»,- նշել է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի առեւտրի հարցերով նախարար Անդրէյ Սլեպնեովը։ 

Ամբողջական համաձայնագիրը փոխարինում է 2019 թւականից գործող ժամանակաւոր համաձայնագրին, որը սահմանափակ ապրանքային ծաւալ ունէր եւ ստեղծում է ԵԱՏՄ երկրների արտադրողների համար յատուկ պայմաններ իրանական շուկայում մուտք գործելու համար։ 

Մասնաւորապէս, ԵԱՏՄ-ից Իրան արտահանւող ապրանքների նկատմամբ մաքսային մուտքի միջին դրոյքաչափը կը նւազի 20%-ից մինչեւ 4.5%։ Նոր համաձայնագիրն ամրագրում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի փոխադարձ պարտաւորութիւնները՝ ապրանքների 90%-ի համար նախընտրողական մուտքի պայմաններ ապահովելու ուղղութեամբ։ 

Ժամանակաւոր համաձայնագրի համեմատ՝ ամբողջական տարբերակում էականօրէն բարելաււել է կանոնակարգային հատւածը, որի նպատակն է ապահովել առանց արգելք առեւտրային տարածքի ձեւաւորում։ Մասնագէտների գնահատմամբ՝ համաձայնագրի իրականացումը կը բերի ԵԱՏՄ-Իրան ապրանքաշրջանառութեան բազմապատկման, որը միջնաժամկէտ հեռանկարում կարող է հասնել 12 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 

Related Articles

Back to top button