
Իրանի նաւթարդիւնաբերութիւնը կանգ չի առել, արտադրութիւնը շարունակւում է, իսկ ընդհանուր արտադրական հզօրութիւնների վերականգնումը առաջ է ընթանում՝ չնայած պատժամիջոցներին, պատերազմի եւ ծովային շրջափակման պայմաններին։ Այս մասին յայտարարել է Իսլամական խորհրդարանի Էներգետիկայի յանձնաժողովի խօսնակ Ռեզա Սեփեհւանդը,- գրում է ԻՍՆԱ-ն:
Սեփեհւանդը նշել է, որ ԱՄՆ-իսրայէլական յարձակումների հետեւանքով «Փարսէ-ջոնուբի»-ի չորս փուլերից դադարեցւած օրական 230 միլիոն խորանարդ մետր գազի արտադրութիւնից աւելի քան 95 միլիոն խորանարդ մետրը վերականգնւել եւ վերադարձւել է ցանց։
Նրա փոխանցմամբ՝ կառավարութեան ձեռքբերումներից է նաեւ Ֆարս նահանգի հարաւում շուրջ 17 տրիլիոն խորանարդ ֆուտ գազի պաշարների յայտնաբերումը, ինչպէս նաեւ յարակից նաւթագազային հանքավայրերի զարգացման նախագծերի առաջընթացը։
Նաւթամթերքի ոլորտում, ըստ պատգամաւորի, չնայած ծովային շրջափակման եւ Թեհրանի նաւթապահեստների մի մասի վնասմանը՝ վառելիքի մատակարարումը չի դադարել, եւ մայրաքաղաքում բենզինի հերթեր չեն առաջացել։ Միաժամանակ բենզինի օրական արտադրութիւնը նախորդ տարւայ համեմատ աւելացել է աւելի քան 10 միլիոն լիտրով՝ հասնելով շուրջ 132 միլիոն լիտրի։
Էներգետիկայի յանձնաժողովի խօսնակը ընդգծել է, որ երկրի նաւթարդիւնաբերութեան աշխատանքի արդիւնքները պէտք է գնահատւեն արտադրութեան աճով, համատեղ հանքավայրերի զարգացմամբ եւ ռազմավարական նախագծերի իրականացմամբ։
«Այսօր նաւթարդիւնաբերութիւնը կանգուն է, արտադրութիւնը շարունակւում է, իսկ համատեղ հանքավայրերի զարգացումը չի դադարել»,- ասել է Սեփեհւանդը՝ բարձր գնահատելով ոլորտի աշխատակիցների աշխատանքը։



